Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ՄԱՍՆԱԳԵՏ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ, ՔԱՆ ԶԻՆՎՈՐ ԿՐԹԵԼԸ



Զորամասի հրամանատար, գնդապետ ՍԱՄՎԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ զրուցում է մեր թղթակից, մայոր Սամվել Հարությունյանը

-Պարոն հրամանատար, չե՞ք կարծում, որ զինվորի բարոյահոգեբանական դաստիարակությունը նույնքան կարևոր խնդիր է, որքան մարտական պատրաստականությունը:

– Մենք` հայերս, զինվորական գործի մեջ միշտ էլ վարժ ու հմուտ ենք եղել, միշտ էլ հայ մարդը զինվորական գործը արագ է յուրացրել և գերազանց է տիրապետել: Այսօր էլ է այդպես: Ամենաժամանակակից, ես կասեի՝ անգամ գերժամանակակից տեխնիկային հայ զինվորը դյուրությամբ, հեշտությամբ է տիրապետում, ինչի առհավատչյան ամենատարբեր զորավարժությունների ժամանակ մերոնց արձանագրած բարձր ցուցանիշներն են: Զինվորական գործի մասնագետ դարձնելը շատ անգամ ավելի հեշտ է, քան զինվոր դաստիարակելը: Երկրորդ դեպքում դու պետք է փոխես նրա տասնութ տարվա էությունը, սովորությունները, որոնք արմատավորվել են նրա մեջ ընտանիքից, դպրոցից, շրջապատից:

-Մեր զինվորն ավելի շատ համարձակություն, քաջություն, անձնվիրություն, անձնազոհություն, հերոս դառնալու ներուժ ու ձգտում ունի, քան բարեկիրթ, ընկերական ու հանդուրժող լինելու: Սա ես ասում եմ սրտի ցավով: Մեր զինվորը շատ հաճախ արժանապատվություն է փնտրում այնտեղ, որտեղ դրա կարիքը ամենեւին չկա:

-Արժանապատվություն պետք է փնտրի այն ժամանակ, երբ իսկապես վիրավորում են նրա՝ որպես զինվորի տղամարդկային ինքնասիրությունը: Բայց, ասենք, մեկ ռեպլիկի, անհաջող կատակի, փուչ, դատարկ խոսքի տակ չմնալը տղամարդկություն չէ: Ես իմ զինվորներին ասել և ասում եմ. դուք թշնամուն, նրա ոտնձգությունը չպետք է հանդուրժեք, այլ ոչ թե ձեր ծառայակից ընկերոջ այս կամ այն ռեպլիկը, թեկուզև՝ սխալ արարքը: Հիսուսն ասում էր` ների՛ր թշնամուդ: Միթե մենք մեր մեջ ուժ չենք գտնում ներելու մեր զինակից ընկերոջը, ճակատագրով բախտակից ընկերոջը՝ նրա սխալ խոսքը, քայլը, անտեղի ասված միտքը:

-Հենց մեծահոգությունը, ներողամտությունը, հանդուրժողականությունն ու կարեկցանքն է ամենամեծ տղամարդկությունը:

-Այո՛, համամիտ եմ Ձեր ասածին, սակայն, ցավոք, այսօրվա իրականության մեջ ոչ բոլորն են կարողանում հանդես բերել ողջամտություն, զինակից ընկերների հանդեպ այնքան անհրաժեշտ մեծահոգություն և ներողամտություն: Տեսեք՝ պատանին մինչև զորակոչվելը, դաստիարակություն է ստանում տանը, դաստիարակության և սովորության որոշակի պաշար էլ ձեռք է բերում դպրոցում, բակում: Եթե նա այս իրարից տարբեր միջավայրերում չի տեսել մեծահոգության, ներողամտության, հանդուրժողականության օրինակներ, տրամաբանական է, որ այս կամ այն իրավիճակում նա ավելի հակված կլինի կոշտ դիրքորոշման, անհանդուրժողականության… Հետո արդեն նույն պատանին նման կարծր մտածողությամբ ու անկառավարելի վարքով գալիս է բանակ, որտեղ էլ փոքր դիպվածն անգամ նրա մասնակցությամբ կարող է դառնալ մի մեծ գլխացավանք:

– Փաստորեն, բանակը պետք է նաեւ դաստիարակի դեր ստանձնի:

– Այդպես էլ կա: Բա էլ ինչու են ասում, որ բանակը կյանքի դպրոց է, ինչու է պատանու՝ որպես տղամարդ ձևավորման, կազմավորման համար բանակին այդքան մեծ դեր վերապահվում: Մեր զորամասի օրինակով խոսեմ: Զինվորների հետ մշտապես տարվում են տարաբնույթ բացատրական աշխատանքներ, անցկացվում են գաղափարադաստիարակչական պարապմունքներ: Եվ այնպես չէ, որ մեր ասածը նրանց համար, ինչպես ասում են, «դատարկ կրակոց է»: Որոշ դեպքերում էլ կարգազանց զինվորի վրա ազդում ենք ծնողի միջոցով, ինչը նույնպես դրական արդյունք է տալիս: Մի զինվոր ունենք, որը մեկ այլ զորամասից է մեզ մոտ տեղափոխվել: Նա ինչ-ինչ հանցանքների բերումով դատապարտվել է ազատազրկման երկու տարի ժամկետով: Երբ այդ զինվորը ծառայության եկավ մեզ մոտ, նրան կանչեցի, հետը առանձնազրույց ունեցա: Եվ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունք ունեցանք: Ունեցանք այն, ինչ այսօր ունենք. ծառայության այս մի քանի ամիսների ընթացքում նա ոչ մի խախտում թույլ չի տվել և շուտով կզորացրվի:

-Պարոն գնդապետ, զինվորի հոգեբանությունը, նրա լեզուն հասկանալու համար հրամանատարին ամենից շատ ի՞նչ է անհրաժեշտ:

-Հրամանատարը պետք է զսպված, գրագետ և արդարամիտ մոտեցում դրսեւորի անխտիր բոլորի նկատմամբ, ունենա զինվորի հետ աշխատելու բավարար փորձ, նրա հոգևոր աշխարհը թափանցել կարողանա, նրա հետագա ծառայության համար հոգեբանորեն հարմարավետ պայմաններ ստեղծի: Այսօր մեր բանակում ինչպես քաջ, անձնազոհ ու հերոսության պատրաստ զինվորի, այնպես էլ կիրթ ու բանիմաց հրամանատարի պակաս չունենք:

Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Ազգային բանակ


20/11/2014