ԽՈՑՎԱԾ ՍԼԱՑՔ
Ես միշտ թեթեւ քայլքով եմ գնացել մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ, գնացել եմ լուսաբանելու կուրսանտների երդման արարողությունները, ավարտական միջոցառումները կամ ռազմական կրթօջախի տարեդարձները, ուսուցման գործընթացը… Այս անգամ քայլերս ծանր են… Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներն էլ` մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը, այս կրթօջախի շրջանավարտներն են…
Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Սիմոնյանի աշխատասենյակում եմ: Նա մի քանի րոպե փորձում է զսպել հուզմունքը, ապա վառում է ծխախոտը եւ պատմում. «1994 թվականն էր, սեպտեմբերի 30-ը: Այսօրվա պես եմ հիշում` ստանձնել էի ուսումնական վաշտի հրամանատարի պարտականությունները: Երբ ծանոթացա կուրսանտներիս հետ, Սերգեյը միանգամից աչքի ընկավ… Շատ անկեղծ ու լիաթոք էր ծիծաղում… Դեմքին, արտահայտիչ աչքերում անհուն բարություն կար… 1993 թվականին էր ընդունվել Երեւանի ռազմական ավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարանը… Ընդամենը 18 տարեկան էր, բայց այնքան ինքնավստահ էր, համարձակ… Եթե այդպիսին չլիներ, դժվար թե 90-ականներին` պատերազմի տարիներին, ընտրեր զինվորականի մասնագիտությունը… Հիշում եմ` ինչպիսի աննկարագրելի ուրախությամբ էր վազում դեպի ուղղաթիռը, ինչպիսի եռանդով էր կատարում հանձնարարությունները… Թռիչքահրապարակ գնալու օրերին աշխարհն իրենն էր… Ու ոչինչ չէր փոխվել քսան տարիների ընթացքում… Ես գործի բերումով հաճախ էի լինում այն զորամասում, որտեղ նա ծառայում էր… Երեք երեխաների հայր էր, փորձառու օդաչու, բազմաթիվ զորավարժությունների մասնակից, զբաղեցնում էր ՄՈՒԷ ուղղաթիռային օղակի հրամանատարի պաշտոնը, բայց աչքերում կուրսանտական տարիների նույն փայլն էր նշմարվում, նույն աշխուժությունը… Սերգեյը երկրորդ կարգի օդաչու է, մեր լավագույն օդաչուներից մեկը… Պարզապես չեմ կարողանում տղաների մասին անցյալով խոսել… Ամեն ինչ այնքան անսպասելի է, այնքան թարմ են հիշողությունները… Օդաչուներս մի ընդունված խոսք ունենք` օդաչուները չեն մեռնում, նրանք թռչում ու չեն վերադառնում…»:
Ես դուրս եմ գալիս սենյակից, եւ ինձ ծանոթ միջանցքը երկար է թվում, չափազանց երկար… Քայլում եմ դեպի պատվո տախտակը: Մոտենում է ավիացիոն ֆակուլտետի թռչող սարքերի եւ շարժիչների ամբիոնի պետ, փոխգնդապետ Արթուր Բարսեղյանը: Նա ասում է, որ պատվո տախտակին միշտ փակցվում են գերազանցիկների լուսանկարները, եւ որ իր կուրսանտի` Սարգիս Նազարյանի անունը մշտապես լավագույնների ցուցակում է եղել. «Սարգիսը 2006 թվականին ընդունվեց մեր ինստիտուտ: Բարեկիրթ էր, զարգացած, օրինակելի շատ սպաների եւ կուրսանտների համար… Սովորում էր գերազանց, ավարտեց ոսկե մեդալով… Առաջին կուրսում դասընթացը ռուսերենով էի անցկացնում (մասնագիտական գրականությունը այդ լեզվով էր), նա, ինչպես եւ մյուսները, դժվարանում էր այդ լեզվով վերապատմել կարդացածը… Բայց ի տարբերություն համակուրսեցիների` կարմրում էր… Եթե երիտասարդը կարմրում է, ուրեմն՝ նա բազում դրական հատկանիշներ ունի… Հետագայում այնքան աշխատեց, որ զարմացրեց մեզ… Միշտ հաճույքով էի մտնում լսարան, որովհետեւ գիտեի` Սարգիսի նման կուրսանտ է լսելու ինձ… Ես ավարտական տարում զրուցեցի նրա հետ, առաջարկեցի որպես դասախոս ծառայությունը շարունակել մեր ամբիոնում, սակայն նա պատասխանեց, որ ուզում է տեսական գիտելիքները ամրապնդել գործնականում… Այնուամենայնիվ, մտադիր էինք նորից հրավիրել… Իմ հազվագյուտ կուրսանտներից էր, որ «Ավիացիոն շարժիչների թեորիա», նաեւ «Կառուցվածք» առարկաներին տիրապետում էր գերգերազանցապես… Պետական ավարտական քննությունների ժամանակ լսեցի նրա պատասխանը եւ հասկացա, որ իզուր չեմ ծառայում, հպարտ էի, որ նման կուրսանտ ունեմ, որ այդ աստիճանի կրթված, խելացի սպա եմ ուղարկում մեր բանակ… »:
Մտնում եմ լսարան: Հայացքը հեռուն հառած` նստած է կուրսանտ Հարություն Սարոյանը` ՄԻ-24 ուղղաթիռի օդաչու-օպերատոր Ազատ Սահակյանի ամենամտերիմ ընկերը. «Երբ լսեցի այդ սարսափելի լուրը, աչքիս առաջ եկան մանկությունս, պատանեկությունս, ուսանողական տարիներս… Եվ ամենուրեք նա էր` Ազատը` իր ընդգրկուն ժպիտով… Ես նրան հաճախ էի ասում, որ ինձ հանդիպած ամենաժպտերես մարդն է… Ազատի հետ ծանոթացել եմ, երբ ընդամենը 7 տարեկան էի, միասին հաճախում էինք կարատեի, շատ ճկուն էր… Դպրոցական տարիներին առանց նրա չէր անցնում եւ ոչ մի ռազմահայրենասիրական միջոցառում, ռազմագիտություն առարկան էլ հինգ մատի պես գիտեր, ուստի ուսուցիչը խորհուրդ տվեց ընդունվել մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ… Չնայած ծնողների միակ արու զավակն էր` տանը չառարկեցին… 2009 թվականին ընդունվեց… Երջանիկ էր` վերջապես օդաչու էր դառնալու… Նրան միշտ կարելի էր տեսնել ցածր կուրսեցիների հետ, խորհուրդներ էր տալիս, ինքնապատրաստման ժամերին էր օգնում… Սիրում էր կրկնել` ինչքան գիտելիքներդ հիմնավոր են, այնքան օդում ապահով ես… Մեր վերջին հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսին. երազանքներից էինք խոսում, ասաց` ուզում եմ Արցախի երկնքում թռչել… Երբ իմացա, որ մասնակցելու է «Միասնություն-2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններին, ուրախացա նրա համար… Ինձ միամիտ չհամարեք, բայց քանի դեռ պաշտոնապես Ազատի, Սերգեյի, Սարգիսի ճակատագրերն անհայտ են, ես հավատալու եմ հրաշքի…»:
Շուշան Ստեփանյան
Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում