Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է



Մայոր Էրիկ Աղասյանը ԼՂՀ պաշտպանական բանակի գնդապետ Էդուարդ Ասրյանի հրամանատարությամբ գործող զորամասի հոգեբան սպան է: Արցախի պետական համալսարանի պատմության-մանկավարժության ֆակուլտետն ավարտելուց հետո նա երեք տարի զբաղվել է մանկավարժությամբ, իսկ 2003թ.-ից անցել է զինվորական ծառայության, եղել է շարային մասի ավագ սպա, վաշտի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, իսկ 2010թ.-ից կատարում է հոգեբանի, իր բնորոշմամբ՝ աննկատ, բայց շատ հետաքրքիր և միաժամանակ բարդ ու պատասխանատու աշխատանքը:

«Հայ զինվորի» հատուկ թղթակից, փոխգնդապետ Արամ Ներսիսյանի հարցազրույցը մայոր Է. Աղասյանի հետ զինծառայողների շրջանում տարվող հոգեբանական աշխատանքի ձևերի, մեթոդների ու ստացվող արդյունքների մասին է:

-Պարոն մայոր, գաղտնիք չէ, որ մեզանում հոգեբանությունը, որպես մարդու հոգևոր հատկանիշների կայունացման, կամ, այլ խոսքով՝ որպես թերապիայի միջոց, դեռևս չի կայացել և հիմնականում կիրառվում է առանձին ոլորտներում՝ օրինակ՝ սպորտում, մարզիկների տրամադրվածությունը բարձրացնելու համար և ուսումնասիրվում է որպես գիտություն: Համենայնդեպս, հայ մարդն ինչպես սովոր չէ առանց քաշվելու օգտվել բուժսպասարկման որոշ ուղղություններից, այնպես էլ՝ հոգեբանի ծառայությունից, ինչն ինքնին հոգեբանական խնդիր է: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է իրավիճակը բանակում, մասնավորապես՝ զորամասում:

-Իրոք, տասնամյակներ շարունակ մեր հասարակության մեջ հոգեբանությունը համարվում է գիտության հեռանկարային, ապագա ունեցող բնագավառ և կարծես թե չի կարողանում ինքնահաստատվել: Իմ դիտարկմամբ՝ երևույթը բնորոշ է նախկին խորհրդային երկրներին, իսկ զարգացած երկրներում այն մեծ պահանջարկ ունի: Մեր քաղաքացիներից քչերն են օգտվում անձնական հոգեբանի ծառայությունից, ինչպես որ քչերն ունեն իրենց անձնական կամ ընտանեկան բժիշկները: Իմ կարծիքով, սրանք բացթողումներ են, որոնք պետք է լրացվեն, որովհետև կապված են ինչպես մտածողության, այնպես էլ սոցիալական խնդիրների հետ: Ես արդեն երկրորդ զորամասում եմ նույն աշխատանքը (ծառայությունը) կատարում և կարող եմ ասել, որ որդիները «ջարդում են» հայրերի պահպանողական մտածողությունը: Նրանք ավելի առաջադեմ են, համարձակ: Այսօր մեր զինվորները ոչ միայն դիմում են հոգեբանի օգնությանը, այլև պատրաստ են երկարատև համագործակցության, միայն թե ձերբազատվեն ծառայության մեջ կայանալու բարդույթներից և մյուսների պես լիարժեք կատարեն իրենց ծառայական պարտականությունները: Այնպես որ՝ աշխատանքը շատ է, հոգեբանական օգնության կարիք ունենում են և՛ զինվորները, և՛ սպաները, իսկ հոգեբանական խնդիրը միշտ չէ, որ կապված է լինում ծառայության բարդության հետ: Ի վերջո, մարդիկ կարող են առանց հոգեբանին դիմելու էլ իրենց պարտքը կատարել ու զորացրվել, բայց նրանք իրենց խնդիրները չեն թաքցնում, ինչը, իմ գնահատմամբ, գիտակցության, բարձր կուլտուրայի արտահայտություն է:

-Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով եք կազմակերպում աշխատանքները:

-Նախ՝ աշխատում ենք զորամասը համալրած նորակոչիկների գումարտակի, ինչպես նաև՝ երիտասարդ սպաների հետ: Շատ ենք օգտագործում գերմանացի հոգեբան Հանս Այզենկի թեստավորման հարցաշարը, որը բավական արդյունավետ է: Դրանով մենք ճշտում ենք մարդկանց բնավորության գծերը, բացահայտում զինվորների խմբային տիպերը: Ստացված տվյալներն էլ օգտագործում ենք նրանց հետագա ծառայությունը արդյունավետ կազմակերպելու համար:

Սերժանտների ընտրության համար անցկացնում ենք առանձին՝ լիդերության թեստ և ընտրյալներին ներկայացնում ենք հրամանատարությանը, նույնը անում ենք նյարդային և հոգեկան խնդիրների կասկածանքով (համապատասխան հոդվածներով) զորակոչվածների դեպքում, և եթե թեստավորման տվյալները համոզիչ են թվում, այդ զինվորներին պահում ենք ուշադրության կենտրոնում, և մեր առաջարկով հրամանատարությունը նրանց ազատում է պահակային ծառայությունից ու մարտական հերթապահությունից: Իհարկե, աշխատանքը նրանց հետ այդքանով չի ավարտվում: Թեստավորումը պարբերաբար կրկնում ենք, միաժամանակ անցկացնում ենք առանձնազրույցներ: Ասեմ, որ նման թեստեր ունենք դատվածների և հատուկ հսկողության տակ զորակոչվածների համար, բայց այդպիսի զինվորներ հազվադեպ են լինում:

-Դո՞ւք եք կանչում զինծառայողներին, թե՞ իրենք են գալիս զրույցի:

-Շատերը գալիս են իրենց ցանկությանբ, քանի որ մեր զրույցներից հետո նրանք իրենց ավելի վստահ են զգում, վերանում են ընկճվածությունն ու ճնշվածությունը: Կարևոր է նաեւ այն, որ մեր խոսակցությունը մնում է գաղտնի: Երբեմն մի քանի առանձնազրույցից հետո նրանց մեջ ամեն ինչ փոխվում է, իհարկե՝ դեպի լավը: Ունեցել ենք այսպիսի դեպք: Զինվորներից մեկին միշտ թվում էր, թե ինքը հիվանդ է, բայց ես նրան համոզեցի, որ դիմի բժշկի, և երբ բժիշկները հետազոտեցին ու պարզաբանեցին, որ ինքը ոչ մի հիվանդություն էլ չունի, ինչը նաև իմ կարծիքն էր, զինվորը ինքն էլ համոզվեց, որ առողջ է և այժմ իրեն դրսևորում է լավագույն կողմերով: Ու թեև հիմա ոչ մի բանից չի բողոքում, բայց մեր համատեղ աշխատանքը, մեր զրույցները միասին շարունակում ենք:

-Փաստորեն, հոգեբանական խնդիրը ֆիզիկական արատ կամ հիվանդացություն չէ, այդ դեպքում ի՞նչ է և ինչի՞ց է առաջանում:

-Մարդու հոգեկան ներաշխարհի վրա կարող են ազդել տարբեր դեպքեր, երևույթներ: Այն կարող է նաև դաստիարակության հետևանք լինել: Ինչ-որ բանի հանդեպ ունեցած մտասևեռումից մարդը կարող է ձեռք բերել թերարժեքության ու անվստահության բարդույթ և այլն:

-Այն զինվորները, որոնք, Ձեր ներկայացմամբ, ազատվում են զենքով իրականացվող ծառայությունից, ի՞նչ գործի են նշանակվում:

-Որտեղ զենք չի գործածվում կամ շատ քիչ է գործածվում. կապի հանգույցում, հրետանային դիվիզիոններում, երբեմն ներգրավվում են տնտեսական աշխատանքներում:

-Զորամասում կա՞ն ԷՄՕ-ականներ:

-Փառք աստծո, այդպիսի զինվորներ չունենք:

-Ի՞նչ խնդիրներ կարող են լինել երիտասարդ սպաների շրջանում:

-Վերլուծությունները ցույց են տալիս, որ նրանք հիմնականում հարմարվելու հետ կապված խնդիրներ են ունենում՝ զորամասին, տեղանքին, իրենց պաշտոնին, միջավայրին, մարդկանց: Հաճախ, գումարտակից գումարտակ տեղափոխվելով, երիտասարդ սպան ունենում է նույն թվարկածս խնդիրները: Դրա համար էլ մենք առանձնացնում ենք մարդկանց, որոնք աշխատում են երիտասարդ սպաների հետ:

-Բայց չէ՞ որ նրանք, ընտրելով սպայի մասնագիտությունը, պետք է լավ իմանան, որ այն ծառայության վայրի հաճախակի փոփոխություն է ենթադրում, ինչը կարևոր պայման է առաջընթացի, կարիերայի համար:

-Գիտեն, բայց քանի որ երիտասարդ են ու անփորձ, դժվարությամբ են հարմարվում իրավիճակին:

-Դուք համագործակցո՞ւմ եք զորամասի հոգևոր սպասավորի հետ:

-Առանց համագործակցության չի լինի, որովհետև երկուսս էլ գործ ունենք մարդու հոգևոր ներաշխարհի հետ:

-Այն զինվորները, որոնք ընդգրկված են մարտական ստորաբաժանումներում, հոգեբանորեն պատրա՞ստ են մարտնչելու, պաշտպանելու հայրենիքը:

-Վստահեցնում եմ՝ պատրաստ են ոչ միայն պաշտպանելու, այլև ազատագրելու հակառակորդի զավթած տարածքները, և դեռ հայտնի չէ՝ հնարավոր պատերազմի դեպքում նրա՞նք են առավել քաջաբար մարտնչելու, թե՞ նրանք, որոնց մենք հոգեկան խնդիրներ ենք վերագրում:

-Զգացվում է, որ Դուք մի առանձին վերաբերմունք ունեք Ձեզ դիմողների նկատմամբ:

-Իհարկե, դա բնական է, ես նրանց հետ ավելի շատ եմ շփվում, ավելի լավ եմ ճանաչում, և հնարավոր է` ավելի շատ եմ սիրում:

Խորագիր՝ #46 (1064) 27.11.2014 – 3.12.2014, Ազգային բանակ


27/11/2014