Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԸ



Չափազանց մեծ է գնդապետ Գրիգորի Սահակյանի հրամանատարությամբ գործող խառը հրետանային զորամասի ավանդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրման համար մղված պայքարում: Եվ հրադադարի հաստատումից գրեթե քսանհինգ տարի անց այսօր այստեղ իրենց ծառայությունը շարունակում, երիտասարդ սերնդին ռազմական տեխնիկայի ճիշտ օգտագործման գաղտնիքներն են սովորեցնում պատերազմի բովում թրծված բազմաթիվ սպաներ, ենթասպաներ: Նրանցից մեկն էլ հակատանկային վաշտի հրամանատար, կապիտան Գարիկ Ղուկասյանն է: Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցի սանը տասնհինգ տարեկանում է համալրել ազատարար բանակի շարքերը՝ ընդգրկվելով հատուկ նշանակության զորամասի հետախուզական ջոկատներից մեկում: Եվ քանի որ իր զինվորագրվելուց վեց ամիս անց մարտական գործողություններն ավարտվել էին, նա իրեն պատերազմի լիարժեք մասնակից չի համարում:

-Վեց ամիսն ինչ է որ, ուրիշները երեք-չորս տարի են կռվել,- ասում է մի տեսակ ինքն իրենից նեղացած: Հրադադարից հետո Գարիկը շարունակել է ուսումը, ավարտել միջնակարգը, հետո համալսարանում ձեռք բերել իրավաբանի մասնագիտություն: Բայց մեր ժամանակներում, քանի դեռ առկա է պատերազմի վերսկսման վտանգը, զենքին տիրապետող բոլոր արցախցիների ուշքն ու միտքը բանակն է: Վերադառնալով ծառայության՝ նա սկզբում ստացել է ենթասպայի, շատ չանցած՝ սպայական կոչում ու տարբեր պաշտոններ զբաղեցրել հատուկ նշանակության, ՀՕՊ, ուսումնական զորամասերում, իսկ 2006թ. առայսօր խառը հրետանային զորամասում է: 2007թ.-ից մինչև 2013թ., ներառյալ այս տարվա առաջին ուսումնական փուլը, կապիտան Գարիկ Ղուկասյանի հրամանատարությամբ գործող վաշտը բանակում ճանաչվել է լավագույնը՝ հաղթելով զինատեսակի բոլոր մրցումներում: Ահա թե ինչու դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Դավիթ Բաղդասարյանը, սպաներին ներկայացնելիս, անմիջապես առանձնացրեց կապիտան Գ. Ղուկասյանին:

Ծանոթությունից հետո կապիտանին խնդրեցինք ներկայացնել իր զինվորներին և ասել, թե ուսումնական գործընթացում ինչ մեթոդներ է կիրառում, որոնք նման բարձր ու կայուն արդյունքներ են ապահովում:

-Մեր հաշվարկների հրամանատարները մեզ մոտ են գալիս ուսումնական զորամասից, որոնք արդեն իսկ տիրապետում են զենքին՝ գիտեն ինչ կառուցվածք, հնարավորություններ ունի այն, ինչի համար է նախատեսված, ինչպես է օգտագործվում, օգտագործելիս ինչ արդյունք է տալիս: Ու քանի որ վաշտը համալրվում է նաև նորակոչիկներով, հետեւաբար, ուսուցումն սկսում ենք սկզբից՝ զենքի նշանակությունից, կառուցվածքից, տեխնիկական տվյալներից, հրթիռի տեսակից:

Չէի ասի, թե ուսումնական գործընթացում կիրառում են ինչ-ինչ առանձնահատուկ մեթոդներ կամ ծրագրեր: Պարապմունքներն անցկացնում ենք զինատեսակի համար բանակում գործածության մեջ դրված ծրագրով: Պարզապես տեսական բոլոր թեմաներին պարտադիր հաջորդում են գործնական պարապմունքները. եթե նշանառության մասին է դասը, ուրեմն՝ զինվորները տեղում փորձարկումներ են անում մարտական զենքի վրա և խնդիրներ են կատարում վարժասարքով: Հաշվարկները պետք է այնքան պարապեն, որ կարողանան առաջադրանքները կատարել ինչպես մարտկոցի հրամանատարի կամ ավագ սպայի ղեկավարությամբ, այնպես էլ ինքնուրույն: Պարապմունքներն անցկացնում ենք խոսակցական պարզ լեզվով, այսինքն՝ ձերբազատվում ենք մասնագիտական բարդ արտահայտություններից, թվերից: Մեր զինվորները շատ ընդունակ են և շատ շուտ են սովորում: Ընդհանրապես, մեկուկես-երկու ամսից, այսինքն՝ դեռևս հաշվարկի ներդաշնակման փուլում, ուսուցման դժվար շրջանն ավարտվում է, և սկսում ենք աշխատել գիտելիքների հարստացման, հմտությունների կատարելագործման ուղղությամբ: Այստեղ արդեն սկսում ենք թվերով, հաշվարկներով գործնական առաջադրանքներ կատարել: Ստացվում է, որ հեշտից գնում ենք դեպի բարդը: Մենք զինվորներին պարզաբանում ենք, որ ֆագոտը պետք է օգտագործել սառնասրտորեն և արագ: Առաջինը դու պետք է հայտնաբերես թշնամու տանկը, զրահատեխնիկան ու ոչնչացնես, չթողնես, որ նրանք քեզ տեսնեն ու կրակեն: Սա է ամբողջ գաղտնիքը:

♦♦♦

Այնուհետև կապիտան Գ. Ղուկասյանն առաջարկեց միասին հետևել զորամասի ուսումնական կետերից մեկում ընթացող մարտկոցի գործնական պարապմունքին:

Քանի որ առանց մարտական կրակի ֆագոտի գործնական պարապմունքն այնքան էլ երեւացող ու տպավորիչ չէ, որոշեցի պարզ զրույցի միջոցով հասկանալ, թե տղաներն ինչ խնդիր են կատարում: Հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արամ Մնացականյանը նշանառու օպերատոր, շարքային Սամվել Օհանյանին պայմանական հակառակորդի առաջացող տանկի խոցման համար անհրաժեշտ տվյալներ էր հաղորդում: Տարածությունը գնալով կրճատվում էր, և նշանառուն ցանկացած պահի պետք է պատրաստ լիներ կրակի, երբ զրահատեխնիկան հրթիռի համար կդառնար հասանելի: Ի վերջո, եկավ պահը, և պայմանական կրակը կատարվեց:

Հաջորդ հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սերգեյ Շիրոյանը հրթիռի տեսակի մասին իմ հարցին պատասխանեց ճիշտ՝ պարզաբանելով, թե ինչ է նշանակում կառավարվող հրթիռ արտահայտությունը, և տվյալ դեպքում այն ինչպես է կառավարվում: Լրացնելով զինակցին՝ օպերատոր Պետիկ Խաչատրյանը հրթիռի թռիչքի հեռավորության, խոցման պահին առաջացրած ջերմության մասին հարցերիս տվեց սպառիչ, հասկանալի պատասխաններ:

-Տղաներս լավն են, իրենց գործը գիտեն, հուսով եմ՝ տարեվերջյան ամփոփիչ քննություններից էլ բարձր գնահատականներ կստանան,-ասաց կապիտան Գարիկ Ղուկասյանը:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #46 (1064) 27.11.2014 – 3.12.2014, Ազգային բանակ


27/11/2014