Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԳԱՀՆԱՄԱԿԸ



Հին Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, ընդունված է եղել արքունիքում իշխաններին կամ նախարարներին դասակարգել ըստ նրանց տնտեսական ու ռազմական հզորության, անշուշտ, հաշվի առնելով նաեւ արդեն իսկ արմատացած ավանդույթները։ Այլ խոսքով՝ գոյություն է ունեցել որոշակի աստիճանակարգ, որով որոշվել է տվյալ իշխանի կամ նախարարի տեղն ինչպես երկրի կյանքում, այնպես էլ արքունիքում՝ հանդիսավոր հավաքների, պետական արարողությունների կամ խնջույքների ժամանակ։ Դա վավերացվել է թագավորի կողմից՝ հատուկ ցուցակով կամ հրովարտակով («գահ» բառից, որն ունեցել է նաեւ «բարձ», «բարձր տեղ» իմաստները)։

Ստորեւ՝ ավելի մանրամասն։

Նախարարաց կարգը կամ պատվաստիճանները, որ իրենց արտացոլումն են գտել գահնամակում, եղել են կայուն եւ ժառանգական։ Թագավորը կարող էր գահնամակում փոփոխություններ մտցնել միայն բացառիկ դեպքերում՝ պետական դավաճանություն, տոհմի ընդհատում եւ այլն։

Հայ իշխանների եւ նախարարների գահակարգությունն ավանդվել է հնագույն ժամանակներից։ Պատմահայր Խորենացին գահնամակի հիմնադիր է համարում հայոց թագավոր Վաղարշակին, իսկ ընդհանրապես, գահակարգությունը գործել է Արշակունիների թագավորության ամբողջ ժամանակաշրջանում՝ 1-5-րդ դարերում։

Գործել է նաեւ Սասանյանների օրոք՝ 5-7-րդ դարերում։ Սակայն պետք է նկատել, որ մատենագրական տարբեր աղբյուրներում գահնամակները նույնպես տարբեր են։ Այսպես, ըստ 4-րդ դարին վերագրվող «Ներսեսի վարքում» պահպանված գահնամակի՝ Արշակ Բ-ի գահակալության ժամանակ (350-368թթ.) հայ իշխանների եւ նախարարների թիվը հասել է 400-ի, թեեւ հիշատակվում է ընդամենը 167 անուն (հեղինակը վերջում ավելացրել է, թե բոլորի անունները թվարկել չի կարող), իսկ ահա Փավստոս Բուզանդն իր մատյանում նույն ժամանակաշրջանի համար հիշատակում է 900 իշխանների եւ նախարարների, որոնք պատիվ ունեին Արշակ Բ-ի արքունիքում բազմել իրենց հատկացված բարձերին կամ գահերին։

Ըստ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Տրդատ Գ-ի գահակալության (287-332թթ.) ժամանակ եւս եղել են 400 իշխաններ եւ նախարարներ, իսկ ահա ընդամենը 70 նախարար է հիշատակվում Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթեւին վերագրվող գահնամակում, որն իբր նա կազմել եւ ներկայացրել է Սասանյան արքունիքին։ 4-րդ դարի մեկ այլ աղբյուրում թվարկված է 86 նախարար։

Ըստ երեւույթին՝ նման տարբերությունները ոչ թե պատմական աղավաղումների, այլ չափանիշների, մոտեցումների տարբերության հետեւանք են։ Հայ նախարարների մասին հարուստ տեղեկություններ կան ոչ միայն Խորենացու, Բուզանդի, այլեւ մյուս պատմիչների՝ Փարպեցու, Ագաթանգեղոսի, Եղիշեի մատյաններում։ Ըստ նրանց հայտնած տեղեկությունների՝ կազմված են հայ իշխանների եւ նախարարների գահնամակներ ու տոհմացուցակներ, եւ այստեղ էլ տարբերություններն ակնհայտ են։ Այսպես, ըստ Խորենացու՝ նախարարաց կարգն սկսվում է Բագրատունիներով, իսկ ահա, ըստ «Ներսեսի վարքի»՝ Հայկազնյաններով, Բագրատունիները 4-րդն են։

Պետք է նկատել, որ հայ մատենագրության մեջ հանդիպող «գահնամակ» բառը երկար ժամանակ չի ընկալվել այն իմաստով, ինչ հիմա։ Միայն այն բանից հետո, երբ 1851թ. գտնվեց գահնամակի օրինակը, հնարավոր եղավ լույս սփռել պատմական անցյալի շատ հարցերի, այդ թվում՝ իշխանների եւ նախարարների աստիճանակարգման հարցի վրա։ Գահնամակի հայտնաբերողը եղավ հասարակական գործիչ, բանասեր, բժիշկ Գեւորգ Ախվերդյանը՝ Սայաթ-Նովայի ստեղծագործության անխոնջ հետազոտողը։

Այսպես է եղել։ 1846թ. Թիֆլիսում հաստատվելուց հետո Գ. Ախվերդյանը լրջորեն խորանում է հայ մատենագրության ուսումնասիրության մեջ, կատարելապես տիրապետում գրաբարին։ Օրերից մի օր Էնֆիաճյան եղբայրների հայտնի գրավաճառանոցից, որտեղից միշտ գնում էր ձեռագիր մատյաններ, ձեռք է բերում մի քանի մագաղաթե թերթեր, որոնք դարեր առաջ ինչ-որ մեկի կողմից դրվել էին մի կազմի մեջ՝ լավ պահպանման նպատակով։ Այնուամենայնիվ, դրանք լավ չէին պահպանվել, եւ Ախվերդյանին տանջալից աշխատանք էր սպասում՝ վերականգնել խունացած տառերը եւ տեքստն ընթերցել։ Պատրաստում է քիմիական հատուկ բաղադրություն եւ դրա միջոցով տեքստը դարձնում անհամեմատ ընթեռնելի։ Եվ… հիասթափություն՝ թերթերը պարունակում էին ինչ-որ ճառերի եւ մեկնությունների պակաս արժեքավոր տեքստեր։ Բուն գահնամակը հայտնաբերվում է վերջին էջերում, եւ Ախվերդյանն առաջին անգամ վերծանում է այն։ Տեքստի վերծանմանն այնուհետեւ մասնակից են դառնում նշանավոր հայագետներ Էմինը եւ Ալիշանը, տալիս իրենց մեկնաբանությունները։

Գ. Ախվերդյանի հայտնագործությունը, իրոք, մեծ արժեք ուներ։ Նախ՝ դրանով ապացուցվում էր, որ Խորենացու պատմությունը հիմնված է հավաստի աղբյուրների վրա, որոնցից մեկն էլ գահնամակն էր։ Եվ ապա՝ դրանով լույս էր սփռվում պատմական Հայաստանի պետական ու քաղաքական կյանքի մի շարք կնճռոտ հարցերի վրա։ Գահնամակը փաստորեն եղել է յուրատեսակ հրովարտակ երկրի պաշտպանության համար նախարարներից յուրաքանչյուրի կողմից զորքի դուրսբերման քանակի մասին։ Այսինքն՝ գահնամակով ստույգ սահմանվում էր, թե պատերազմի ժամանակ ով որքան զինվոր է տրամադրելու։ Հզոր նախարարական տներն ունեցել են 10 հազարից ավելի զինվորներ, որոնք անհրաժեշտության դեպքում դրվել են թագավորի կամ սպարապետի տրամադրության տակ։

Գահնամակը, այդպիսով, եղել է ոչ միայն երկրի ներքին կյանքի կազմակերպման, այլեւ պաշտպանական խնդիրների լուծման արդյունավետ միջոց, իսկ հետագայում պատմագիտության համար ծառայել որպես հայոց պատմական անցյալի վերականգնման հավաստի աղբյուր։

Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #46 (1064) 27.11.2014 – 3.12.2014, Պատմության էջերից


27/11/2014