Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՅՈՒՄՐԻԻ ԿԱՅԱԶՈՐԸ 210 ՏԱՐԵԿԱՆ Է



Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին հայրենիքի համար զոհված պաշտպանների հուշարձանին: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի տարածքում Ռուսաստանի կայազորի հիմնադրման 210-ամյա հոբելյանին: Ինչպես տեղեկացրել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հիշարժան իրադարձության առթիվ ռուս զինծառայողները վերականգնել են տարածքում գտնվող հերոս-տանկիստների հուշակոթողը, «Ռազմական փառք» եւ «Պատվո բլուր» հուշահամալիրները, որոնք գտնվում են ռուս սպաների գերեզմանատանը եւ Սուրբ Միքայել Հրեշտակապետի մատուռը: Ռազմական պատմության թանգարանում, որը բացվել է նոյեմբերին «Մեծ ամրոց» ռազմական ճամբարի տարածքում, ստեղծվել են մասնագիտացված ցուցասրահներ:

Պատմությունից հայտնի է, որ 1804 թվականի նոյեմբերին ռուսական ջոկատը գեներալ Սերգեյ Տուչկովի հրամանատարությամբ (Գյումրի քաղաքի ռուսական զորքերի կայազորի առաջին հրամանատար) պարտության է մատնել Աբաս-Միրզայի թուրքական զորքին: Հենց այս հաղթանակն է համարվում կայազորի պատմության սկիզբը:

1834 թվականին կայսր Նիկոլայ Առաջինը հավանություն է տվել Հայաստանում Ռուսական կայազորի հաստատման երկարաժամկետ ծրագրին եւ «Մեծ ամրոցի» շինարարությանը, որն առ այսօր ռուսական զորքերի մշտական տեղակայման վայրն է:

2002 թվականի մայիսին «Մեծ ամրոցի» տարածքում գտնվել է հին գերեզմանոց և անհայտ հուշարձանի մաս: Ինչպես պարզվել է արխիվային փաստաթղթերից, գերեզմանում թաղված է «Մեծ ամրոցի» առաջին պարետ, հրետանու գեներալ-մայոր Ֆյոդոր Գուբսկու աճյունը, որը գլխավորել է ռուսական հրետանին 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ` իր կյանքը զոհելով հանուն բնիկ ժողովուրդների ազատության եւ անկախության:

Զորամասի հրամանատարական կազմի ջանքերով հուշարձանը վերականգնվել է լուսանկարների օգնությամբ՝ համապատասխան իր նախնական տեսքին: Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 14 -ին, իսկ վերակառուցումն իրականացվել է 2010 թվականին:

Պատրաստեց ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Ռազմական


04/12/2014