ԱՂԱՂԱԿ
Վերջերս սփյուռքահայ մի բարեկամ փոքրիկ սրվակով բերել էր Վանա ծովակի ջուրը։ Իրոք, սրբազան մի մասունք մեր բիբլիական երկրից։ Մկրտիչ Խերանյանը, որն իր ողջ կյանքում այրվեց այդ հեքիաթային երկրի կարոտով, վստահ եմ, զգաց ծովակի անմահական ջրի ազդեցությունն իր շիրմի վրա։
Հայի ճակատագիր ունեցավ. տեսավ կոտորած ու ջարդ, գաղթի ճանապարհներով մազապուրծ իր ազգակիցների հետ մի կերպ հասավ Խորհրդային Հայաստան։ Այստեղ եւս ականատեսը եղավ սովի ու համաճարակների եւ, վերջապես, կրեց աքսորի տառապանքները։ Սակայն, լինելով իսկական քաղաքացի, ազնվագույն մարդ եւ տաղանդավոր գրող, չհամակերպվեց ճակատագրին։ Կյանքն ու գրականությունը հաստատեցին նրա ըմբոստ ոգին։ Տպագրվելու մարմաջը չէր, որ ստիպեց գրիչ վերցնել ձեռքը, այլ ապրածն ու զգացածը իր ժառանգներին ու ժողովրդին հասցնելու պահանջը։
Իբրեւ իսկական միջնադարյան գրիչ՝ աշխատում էր օրական 14-16 ժամ։ Այդպես են ծնվել Մկրտիչ Խերանյանի բոլոր գործերը՝ «Երկար-երկար մի ճանապարհ» վեպը, «Շխոնց Միհրան» վիպակը, Նարեկյան «Մատյանի» եւ «Իլիականի» անզուգական թարգմանությունները եւ բազում գողտրիկ բանաստեղծություններ ու հեքիաթներ։
Այսպես, առանց որեւէ ակնկալության գրել է եւ «Աղաղակը»՝ հոգուց բխած բողոք առ Աստված եւ արդար մեղադրանք թուրք եղեռնագործին։
Վերջերս հայրիկիս՝ Խաչիկ Հրաչյանի արխիվում գտա «Աղաղակ» բանաստեղծությունը։ Հուզված կարդացի։ Շուրջ կես դար է անցել այն գրելու օրից, սակայն կարծես հենց այսօր եւ այսօրվա համար է գրված։ Այսօր էլ նախախնամությունը բարեհաճ չէ մեր ժողովրդի հանդեպ։ Բայց իրեն հատուկ հեռատեսությամբ եւ լավատեսությամբ Խերանյանը գիտեր, վստահ էր, որ լավ օրերը գալու են. բանաստեղծության ավարտին Խ. Հրաչյանին է պատգամել այս տողերը.
Քեզ եմ թողնում ես թուղթն այս, Խաչիկ ջան,
Որ երբ ի խոր քուն՝ ննջեմ հավիտյան,
Եվ հնչի հուժկու Ձայնն արդարության,
Հիշես ինձ, շիրմիս գաս այցելության
Ու ինձ ավետիս կարդաս խնդաձայն.-
«Աղաղակը» քո տեղ հասավ, Խերա՛ն,
Իղձդ կատարվեց, թուրքերը կորան.
Մերն են՝ Մուշ, Կարին ու Վասպուրական։
Թոռնիկները քո գնալու են Վան,
Որ հիմնեն մի նոր Խերանենց փողան…»։
Ախ, այդ բերան չէ, այլ՝ Ավետարան։
Մ. ՀՐԱՉՅԱՆ
ԱՂԱՂԱԿ
Անցել է կես դար…
Բայց եւ ոչ մի օր ու ոչ մի վայրկյան
Ես չեմ մոռացել ոճիրն այն վայրագ,
Եղեռնը անլուր ու անպարտելի,
Որ մոլեգնորեն մրրկվեց երկիր իմ Հայաստանում
Ու ավերակեց գյուղեր-քաղաքներ հին, հազարամյա…
Տեսա, օ՜, տեսա,
Աչքերո՛վս այս ես տեսա հոգեվարքն իմ ժողովրդի։
Ի՛ր իսկ հայրենի հողի վրա սուրբ
Ու տարագնաց ճամփեքի վրա
Եվ արեւակեզ անապատներում
Իմ ժողովրդի մա՜հը տեսա ես
Ու լռությո՜ւնը լսեցի ահեղ՝ մեռնող գյուղերի ու քաղաքների…
Խարազանածեծ ու գնդակահար ու քարաջախջախ
Միլիոն այրերի,
Կանանց,
Մայրերի ու մանուկների
Սարսափով լեցուն աչքե՛րը տեսա,
Գթություն հայցող աղաղակներով…
Մեռած մայրերի ստինքներից կախ
Եվ նրանց արյան ճապաղիքներում
Գալարվող ծծկեր երեխաների լա՜ցը լսեցի,
Եվ առեւանգվող գեղուհիների ճիչն աղեկտուր,
Ու աչքի առջեւ հարազատների՝
Բռնաբարո՜ւմը տեսա ես նրանց…
Հինգ տասնյակ երկար տարիներ անվերջ
Աչքերըս լեցուն այդ տեսիլներով,
Ու մեռնողների հեւքն ու հռնդյունն ականջներիս մեջ,
Ե՛վ հոգնատխուր, ե՛ւ սրտակոտոր՝
Քայլել եմ մոլոր
Աշխարհի բոլոր մայրուղիներով,
Քառուղիներով անդուլ-անդադար
Ու բախել դռներն ու դարպասները մարդկային խղճի,
Եվ, սակայն, ավա՜ղ…
Քառասուն անգամ քառասուն հազար բազուկներ, օ, մերկ,
Ձեռքեր վիրավոր ու արյունլվա
Հարազատորեն հոգուս կարկառված՝
Հրամայում են, որ ես վերստին, նորե՛ն ու նորեն
Բարձրաղաղակեմ ի լուր աշխարհի
Ու հատուցումն պահանջեմ նրանց արդար արյունին,-
Արյուն հորդահոս հեղեղի նման,
Որ մինչեւ այսօր դեռ չի ցամաքել երկրի երեսին
Ու լերդացել է լուրթ երկնքի տակ…
Լսեցե՛ք, ուստի,
Ո՜վ իրավազոր տերեր աշխարհի ու մեծություններ,
Դուք, որ օրենքներ եք սահմանադրում
Եվ արդարության անունից եք սուրբ բարբառում անվերջ,
Լսեցե՛ք այսօր աղաղակն այս իմ՝ հայ բանաստեղծի,
Որ Արարատի բարձունքից անհաս,
Մայր երկրում ապրող եւ աշխարհասփյուռ հայության կողմից,
Նաեւ բյուր-հազար նահատակների անունից արդար՝
Հնչում է ահա՛։
Աղաղակն այս իմ լսեցեք եւ դո՛ւք, դահիճնե՛ր դժխեմ,-
Աբդուլ Համիդի արյունից սերած,
Արյունի ծարավ Էնվեր-Թալեաթներ։
Ցասման մեծագոչ ձայնիցն իմ թող որ
Շուռ գան, ճարճատեն ոսկորները ձեր գերեզմանի մեջ,
Ու թող որ ցնցվի՛ հողը ձեզ վրա,
Մարդատյացությա՛ն որոմնացաններ…
Եվ դո՛ւք լսեցեք, որդիք իժերի այդ դժոխածին,
Որ ապրում եք, կաք ու կյանք եք անում՝
Անիրավաբար տեր դարձած իմ ա՛յն երկրին, ուր երեկ
Հայրերն էին ձեր եղեռնագործում բարբարոսաբար։
Ինչպե՜ս, ինչպե՜ս եք ներում դուք նրանց
Պատմության մեջ դեռ չլսված ոճիրն այդ անօրինակ,
Եվ ինչպե՜ս երբեք, կես դար շարունակ
Չբողոքեցիք այդ եղեռնի դեմ
Ու լուռ մնացիք հանդուրժողաբար,
Ինչպիսի՜ ամոթ…
Եվ ոչ միայն լուռ մնացիք, ավա՜ղ,
Այլեւ կոթողներ կանգնեցրիք ի հուշ, արձաններ՝ անարգ ջարդարարներին,
Փառաբանեցիք անունը նրանց,
Ոճրագործներին այդ անիծապատ.
Ինչպիսի՛ ամոթ…
Մինչդեռ գրքերում ու երգերում ձեր
Ու քերթողական ոչ մի տողի մեջ,
Քնարի վրա
Չհնչեց բնավ որպես արձագանք՝
Մոր կրծքից պոկված ոչ մի մանկան ճիչ,
Մայրական ոչ մի աղեկտուր ողբ,
Գութ շարժող ոչ մի սրտաճմլիկ ձայն,
Եղերական սուգ…
Լո՜ւռ մնացիք դուք,
Ինչպիսի՜ ամոթ…
Ինչպե՜ս կարող եք սիրել հայրենիք,
Ընտանիք ու տուն,
Կոչվել սիրառատ ամուսին ու հայր,
Ձեր մանկիկների ժպիտով հրճվել
Եվ ուրախանալ նրանց առաջին թոթովանքներով,
Սիրել ու սիրվել,
Եվ ամենեւին չզգալ խղճի խայթ, ինչպես եւ ամոթ…
Ուրեմն թող որ ե՛ս խարազանեմ ձեր խիղճը քնած
Եվ ամոթ կարդամ ձեզ հազարաձայն այս աղաղակով։
Թող որ խոցոտեմ ձեր սիրտն ու հոգին
Ահագնազարհուր տեսիլներով այն,
Որոնք հինգ տասնյակ տարի շարունակ
Կրել եմ ես իմ այս աչքերի մեջ…
Թող չանգռեմ ես ձեր կուրծքը քարեղեն՝
Բյուր մանուկների եղունգներով այն,
Որոնցով նրանք հողն էին չանգռում
Ու մարմինն իրենց վերքերով պատած…
Խուժդուժ խուժանի քրքիջների տակ
Եվ նրանց հայրատ հայացքի ներքո
Խելահեղ պարով ի մահ գլորվող մերկ աղջիկների
Ճիչ ու կականով
Խլացնեմ թող ձեր ականջները ես…
Քարով,
Մահակով,
Կացնով ջախջախված միլիոն գանգերի
Աչքերի մթին խոռոչներով խոր
Թող նայեմ ես ձեզ,
Խռովեմ թող ձեր հանգիստը հոգու
Ու մղձավանջեմ ձեր նինջը խաղաղ…
Ներկեցի՛ք արյամբ իմ հայրենիքի գետերը բոլոր-
Տիգրիսն ու Եփրատն ու Արածանին,
Ներկեցիք արյամբ,
Դիակներ տվիք, որ տանեն նրանք
Ծովերին բոլոր ու օվկիանոսներին…
Տուրուբերանից մինչեւ Աղձնիք,
Տիգրանակերտից մինչեւ Բագրեւանդ,
Ծոփք ու Կիլիկիա
Ու Վասպուրականն իմ դրախտավայր
Ավերակեցիք բարբարոսաբար,
Դարձրիք դժոխք ու մերկ անապատ
Իմ աշխարհաշեն արդար հայրերի
Քրտինքով ծաղկած երկիր հայրենին,
Ուր հրաշագործում էին արհեստներն
Ու արվեստները աշխարհ հիացնում.
Ուր ամեն ափ հող շնչում էր կյանքով,
Կավը առնում էր կերպարանք ու ձեւ,
Եվ ամեն մի քար դառնում էր քանդակ,
Գմբեթ ու խոյակ
Ու խոյանում վեր.
Ուր յուրաքանչյուր բարձունքի վրա
Մի վանք էր թառել ու մի դպրատուն,
Մի ամրոց ու բերդ՝
Դարերից ի վեր ի հուշ մնացած՝
Պապերից մեր քաջ ու հաղթաբազուկ,
Որոնք բռնակալ Բելերից բոլոր, բարբարոսներից
Մաքրել էին հողն ու թողել իրենց թոռներին ավանդ
Մի նվիրական ու հին հայրենիք.
Եվ ուր հնչում էր
Չորսհարյուրամյա հայոց մեծասքանչ ու հարուստ լեզուն…
Բայց դուք ի բնե քանդելու սովոր,
Եվ է՛լ ավելի վայրենաբարո,
Քան թե Չինգիզխան, Լենկթեմուր, Աթիլլ եւ կամ այլ հորդա.
Քանդեցիք բոլոր տաճարները մեր,
Լույսի, գիտության օջախներն ամեն,
Որոնց սրբազան ավերակներում
Ոչխարի հոտերն են մակաղում ձեր,
Ու խավարասեր բուերն են զարհուր կռնչում այսօր…
Դուք հրկիզեցիք մեր Մեսրոպատառ մատյանները սուրբ,
Մագաղաթները մեր հազարամյա.
Հողմերին տվիք մոխիրը նրանց
Ու ոխերմորեն ոտնահարեցիք
Հրաշապատում գանձերը բոլոր
Հայ ձեռքի, մտքի, հոգու, հանճարի…
Քանդեցիք մինչեւ վերջին քարը դուք
Մեր ճարտարարվեստ կառուցումների,
Ջարդեցիք ամեն խաչ ու խաչքար,
Խոյակ ու քանդակ.
Տրորեցիք ձեր կրունկների տակ
Ամեն գիրք ու տառ ու տապանագիր,
Ամեն հուշարձան,
Ու կարծեցիք, թե
Ջնջեցի՞ք դուք մեր հետքերը բոլոր,
Խեղդեցի՞ք ձայնը չորսհազարամյա հայոց պատմության…
Օ՜, խելագարնե՛ր…
Ամեն մի ճամփա եւ ամեն ափ հող՝
Մեր ոտնահետքն է պահում իր վրա.
Հետքը մեր մուրճի՝ յուրաքանչյուր քար,
Որ վեպ է, վիպերգ, հերոսերգություն,
Պատմություն անկեղծ ու անջնջելի։
Մատնեցիք երկիրն ավեր-ավարի,
Որ մոլեգնորեն, մարդակերության մոլուցքով արբած՝
Բնաջնջելով ձեզ իսկ կերակրող իմ ժողովրդին,
Դուք կարծեցիք, թե
Լուծեցի՞ք ընդմիշտ «հարցը հայկական»,
Քանի որ չկա հայ ու հայություն…
Օ՜, խելագարնե՛ր…
Հայությունը կա ու հա՛ր կլինի,
Կապրի հավիտյան.
Կա՛ եւ Հայաստան
Իր նոր ոստանով՝ առավել շքեղ ու բազմաբնակ,
Քան թե երբեմնի մարդաշատ Անին։-
Այդ քաղաքամայր Երեւանն է մեր,
Որտեղից ահա հնչում է ի լուր հանուր աշխարհի
Աղաղակն այս իմ արդարախնդիր։
Ու հավատում եմ ես արդարության,
Կա՛ արդարություն
Ու պաշտպան պիտի կանգնի վաղ թե ուշ
Հայկական դատին՝
Ընդդեմ ահավոր անարդարության,
Որ գործեցիք դուք,
Մուր քսելով ձեր ու Քսաներորդ դարի ճակատին…
1964թ.
Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ