Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔ Է



Աշնան սկզբին հեռուստալսարանին ներկայացվեց մի տեսահոլովակ, որում տարբեր զորամասերից զինվորները հատված առ հատված կատարում են «Երազ իմ երկիր» սիրված երգը: Նախաձեռնության հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն էր, որը սիրով մեր թղթակից Բագրատ Մովսեսյանին ներկայացրեց նախագծի գաղափարը, ինչպես նաև` իր դիտարկումները հայկական բանակի, հայրենասիրության և բանակ-հասարակություն կապի մասին:

-Հարգելի տիկին Պետրոսյան, բոլորիս հայտնի է Ձեր ավանդը հայկական էստրադային երգում: Վերջերս Դուք հանդես եկաք նոր նախաձեռնությամբ՝ կազմակերպելով «Երազ իմ երկիր» ֆլեշմոբը՝ զինվորականների մասնակցությամբ: Ե՞րբ եւ ինչպե՞ս է ծագել այդ գաղափարը, ինչպե՞ս եք այն կազմակերպել, եւ ո՞վ է աջակցել Ձեզ այդ հարցում:

-Շնորհակալ եմ այս հրավերի համար եւ անշուշտ շնորհակալ եմ գնահատանքի խոսքերի համար: Ինչ վերաբերում է ֆլեշմոբին, ապա միանշանակ գաղափարը ծնվեց շնորհիվ հայ զինվորի: Օգոստոսյան դեպքերից հետո ուղղակի ուզում էի, բացի շնորհակալ լինելուց, ավելին անել, մեծարել նրանց, ուզում էի ցույց տալ նրանց ուժը, կամային հատկանիշները, նվիրվածությունը… Ֆլեշմոբը իրականություն դարձավ իմ ընկերոջ` Աշոտ Սարգսյանի հետ քննարկումների, սրտացավության եւ ուղղակի հայոց բանակը սիրելու արդյունքում: Նախագիծն էլ ես եմ հովանավորել:

– Նկարահանումների ժամանակ եղե՞լ են արդյոք հետաքրքիր դրվագներ: Ի՞նչն էր Ձեզ առաջնորդում:

– Անշուշտ: Հումոր էլ է եղել, ծիծաղելի եւ անսպասելի իրավիճակներ էլ: Մի սկզբունք ունեի. պիտի որեւէ պրոֆեսիոնալ երգիչ չերգեր, ուղղակի հենց հայ զինվորը…. ու ստացվեց… Եվ շատ հուզիչ էր:

-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է դաստիարակվի մատաղ սերունդը: Այսօրվա միջոցներն արդյոք բավարա՞ր են:

– Կարծում եմ՝ պետք է հայրենասիրությունից միայն չխոսել: Հայրենիք սիրելու համար միջոց պետք չէ, պարզապես պետք է հայերենը, հայոց պատմությունը դպրոցներում խորացված դասավանդել, միջավայրից պիտի դեն շպրտել թրքահոտ ռաբիս երաժշտությունը: Թերեւս պետք է երեխային սովորեցնել հայերեն մտածել եւ հայեցի ապրել:

– Այս 22 տարիների ընթացքում փոխվե՞լ է արդյոք հայկական բանակը եւ ինչպե՞ս:

-Բանակը պետք է սիրել, ուղղակի սիրել: Բանակը պետություն է պետության մեջ, որտեղ կողք կողքի կանգնում են տարբեր խառնվածքի տեր եւ տարբեր դաստիարակություն ստացած պատանիներ, որոնք ինքնահաստատվելու փորձ են անում, ինչը բնական է այդ տարիքում, երբեմն էլ ուժեղը թույլի հաշվին, տգետը` ուսյալի: Սա նույն աշխարհի մոդելն է: Բայց կա մի պարզ ճշմարտություն` երբ թշնամին գլուխ է բարձրացնում, իրար հետ աքլորակռիվ անող այդ պատանիները մոռանում են իրենց տղայական վեճերը եւ միավորվում հակառակորդի դեմ: Դրական բան ասել բանակի մասին նշանակում է ոչինչ չասել: Արցախյան ազատամարտի հերոսները, փառք եւ պատիվ բոլորին, անկախ հայրենիք կերտած, պատերազմում հաղթած հերոսներն են, եւ չէինք կարծում, թե կգա նոր սերունդ, որը նույն ոգով, նույն նվիրումով ու արիությամբ կգնա նույն ճանապարհով, մարտի դաշտում կռիվ կտա, կզոհվի, կվիրավորվի, բայց կհաղթի… Որեւէ տեղաշարժ չկա, հայոց բանակը կայուն է ու միշտ հզոր:

– Դուք նշեցիք բանակում առկա բացասական երեւույթների մասին: Ինչպե՞ս է պետք պայքարել դրանց դեմ:

– Ամեն ինչ սկսվում է տնից, դաստիարակությունից: Հաճախ պատանիները վատ, հաճախ գոյություն չունեցող դաստիարակության արդյունքում սխալներ են գործում: Որդի ունեցողը պիտի զգոն լինի: Կարծում եմ նաեւ, որ դա ԱՀՏԱ գծով հրամանատարների տեղակալների գործն է: Միանշանակ, նրանք պետք է կրթված, պատրաստված լինեն: Միայն այդ կերպ կարելի է ճանաչել պատանուն, բարոյահոգեբանական աշխատանքներ տանել հետը:

Գիտեք, ես օրինակներ ունեմ: Հրամանատար գիտեմ, որ իր ենթակայությամբ ծառայող զինվորներին անունով, ծննդավայրով, հիվանդությունով, ընտանեկան պայմաններով գիտեր: Բերեմ այլ օրինակ: Պատերազմի ժամանակ, երբ դեռ կանոնավոր բանակ չունեինք, մտավորականները գնացին հայրենիքը պաշտպանելու ու հավաքեցին իրենց շուրջը տարբեր միջավայրերի, կրթության, խառնվածքի տեր հայորդիներ: Ես տեսել եմ, թե առ այսօր ինչ խոնարհումով ու ակնածանքով են խոսում վետերաններն իրենց լույս դարձած լեգենդների, հրամանատարների` ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի, երկրաբան Սիմոն Աչիկգյոզյանի, իրավաբան Վարդան Ստեփանյանի (Դուշման), բացառիկ կրթվածությամբ մտավորական Մոնթե Մելքոնյանի, ռադիոֆիզիկոս Պետրոս Ղեւոնդյանի եւ այլոց մասին: Ես տեսել եմ այդ… Ուրեմն՝ անհնար ոչինչ չկա: Պարզապես յուրաքանչյուր պատանու ճիշտ մոտեցում է պետք, առանց անհատականությունը կոտրելու, բայցեւայնպես` պահպանելով բանակի կարգուկանոնը:

– Ի՞նչ է այսօր պետք մեր սահմանը պաշտպանող զինվորին, ինչպե՞ս պետք է աջակցեն նրան մշակութային գործիչները: Տեսնու՞մ եք արդյոք այդ աջակցությունը:

-Կարծում եմ, որ առհասարակ պիտի շատ հաճախ այցելել բանակ, եւ ոչ մի դեպքում այցը չպետք է սահմանափակվի քաղաքային գնդով կամ մոտակա զորամասով: Դիրքերում, առաջին գծում կանգնած զինվորները պետք է զգան մեր ներկայությունն իրենց կողքին: Թե չէ, ստացվում է, որ նրանք կանգնած են արծիվների պես դիրքերում ու պահպանում են մեր անդորրը: Իսկ մենք… մենք նրանց կողքին չենք:

Ինչ վերաբերում է մշակութային այցերին, ապա կան մի քանի երգիչներ եւ երգչուհիներ, որոնք միշտ կանգնած են զինվորի կողքին իրենց ոգեղեն երգով, սուր ու ճշմարիտ խոսքով: Հիմա չգիտեմ նման նոր մարդիկ կա՞ն, թե՞ ոչ, անկեղծ՝ չգիտեմ, բայց ես անձամբ իմ գործն եմ անում ու, անկեղծ ասած, հետաքրքրվելու փոխարեն, թե ով է գնացել զինվորին ուրախացնելու կամ ոգեղեն երգով ոգեշնչելու, ժամանակ չեմ կորցնի եւ մի զորամաս ավելի կգնամ …

-Ի՞նչ նախաձեռնություններով եք պատրաստվում ներկայանալ հանրությանը մոտ ժամանակներս:

– Ծրագրեր կան, ու մեկը շատ շուտով կհասցնեմ ավարտին: Դա կլինի անակնկալ:

– Ի՞նչ կմաղթեք մեր զինվորին։

-Բանակային բարձր ոգին ամրապնդելու եւ զինված ուժերի համբավն ավելի ուժեղացնելու համար պետք է ուղղակի որոշակի սահմանափակումներ կարգվեն, որպեսզի ամեն մեկն իրեն իրավունք չվերապահի խոսելու ու գրելու բանակի մասին, այն բանակի, որը մեր հպարտությունն է: Ու գրում են մարդիկ, որոնք ոտքերը Էջմիածնից, Դիլիջանից, Մասիսից այն կողմ չեն դրել: Երբ դեղնակտուց, կիսագրագետ մեկը անպատկառ խոսքերով, սարկազմով գրում է մարտական ուղի անցած որեւէ վետերանի մասին, սա ինձ համար անընդունելի է:

Այո՛, այո՛: Հայ լինելը լուրջ աշխատանք է, իսկ հայն իր պատմության ընթացքում բազում փորձություններ է անցել: Այսօր մենք կանք ու նույն տեղում ենք, Արարատը վկա, մեր լեզուն հայերենն է, եկեղեցին` Առաքելական, սահմանին հայոց բանակի հայ արծիվներն են, ուրեմն՝ պետք է զգոն լինենք, խնամքով վերաբերվենք այն ամենին, ինչ ունենք… Աստված մեզ պահապան:

Հ.Գ. Հարցազրույցը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ի ողբերգական դեպքերից հետո: Շուշան Պետրոսյանն այդ օրերին մեկնել էր Արցախ` սատարելու եւ ոգեշնչելու մեր զինվորներին: Հարցազրույցից դուրս խոսելով այցի մասին՝ վաստակավոր արտիստուհին ասաց. «Գիտեք՝ ես, որ ուժեղ մարդ եմ, Երեւանից մինչեւ Ստեփանակերտ այնքան էի ընկճված, որ մի վայրկյան լացս չի դադարել»:

Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Բանակ և հասարակություն


04/12/2014