Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ



Հայաստանի Հանրապետությունը երկարատեւ ու չլուծվող հակամարտության մեջ է Թուրքիայի հետ։ Ուստի Թուրքիայի քաղաքական համակարգն ու պետական գաղափարախոսությունը համարժեքորեն գնահատելու հարցը խիստ կարեւոր է հայկական պետության միջազգային ճիշտ դիրքավորման ու գրագետ արտաքին քաղաքականության կառուցման համար։
Օսմանյան կայսրության փլատակների վրա առաջացած Թուրքիայի Հանրապետությունը արեւմուտքում ավանդականորեն ներկայացվում է իբրեւ մահմեդական աշխարհիկ ժողովրդավարական պետություն։ Իրականությունից շատ հեռու այս մտակաղապարը մշտապես շրջանառվում է արեւմտյան ԶԼՄ-ներում, հաճախակի հնչում ամերիկացի ու եվրոպացի պետական այրերի շուրթերից։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը ցայժմ չի համարձակվել արդի թուրք պետականությանը տալ իր սեփական հայեցակարգային գնահատականը ու լռելյայն հաշտվել է միջազգային վերոհիշյալ անստույգ մեկնության հետ։
Իրականում Հայոց ցեղասպանության հետեւանքներից մեկը եղավ այն, որ Եվրոպայի մերձակայքում ստեղծվեց առաջին ֆաշիստական պետությունը՝ Թուրքիայի Հանրապետությունը, որն իր հիմնական բնորոշ գծերով նույնանում էր ավելի ուշ Իտալիայում, Գերմանիայում, Եվրոպայի մի շարք այլ պետություններում առաջացած ֆաշիզմի ու նացիզմի հետ։

Առանձնացնենք թուրքական ֆաշիզմի հիմնական հատկանիշները.
1. Թուրքական ազգայնամոլությունը (շովինիզմը) ու ցեղասպան քաղաքականությունը։ Մուստաֆա Քեմալը (Աթաթուրքը) ինքը երիտթուրքերի «Իթթիհաթ վե Թերաքքի» («Միություն եւ առաջադիմություն») կուսակցության ղեկավար կազմի անդամ է եղել։ Գալով իշխանության՝ նա եւ քեմալականները ոչ միայն շարունակեցին Հայոց ցեղասպանությունը, այլեւ մի ամբողջ ժողովրդի բնաջնջման արդեն փորձված քաղաքականությունն ուղղեցին հույների եւ այլ փոքրամասնությունների դեմ։ Արեւելյան Հայաստանում քեմալականները ոչնչացրել են 200.000 հայերի (1920-1921 թթ.), Զմյուռնիայում՝ 100.000 հույների եւ հայերի (1922 թ. սեպտեմբեր), մերձսեւծովյան շրջաններում՝ մոտ կես միլիոն պոնտացի հույների (1919-1923 թթ.)։ Թուրքիայում թվով երկրորդ էթնոսի՝ քրդերի, քաղաքական եւ մշակութային ճնշումները, բռնի տեղահանությունները, զանգվածային ոչնչացումը սկսվեցին անմիջապես Հայոց ցեղասպանությունից հետո ու շարունակվում են մինչեւ այսօր։ Քրդերի բոլոր ելույթները՝ ի պաշտպանություն իրենց ազգային տարրական իրավունքների, դաժանորեն ճնշվեցին 1925, 1927, 1937 թթ.։ Ոչ հեռու անցյալում՝ 1980-1990-ական թթ., ավելի քան մեկ միլիոն քուրդ բռնի տեղահանվեց խոշոր քաղաքներ (այդ տեղահանությունների ընթացքում, տարբեր հաշվարկներով, ոչնչացվել է երկուսից մինչեւ երեք հազար քրդական գյուղ)։
Թուրքական ազգայնամոլությունն օրենսդրորեն ամրացվել է 1937 թ. սահմանադրության մեջ՝ առավել բարեհունչ «ազգայնականություն» (Milliyetgilik) անվան տակ, որ ոչ թուրք էթնոսին ձուլելու անթաքույց նպատակ է դնում՝ իրավականորեն նույնացնելով թուրքերի հետ։ Ու թեեւ հետագայում թուրքական «ազգայնականության» հայեցակարգն այլեւայլ մեկնություններ է ստացել, բայցեւայնպես նրա ազգայնամոլական բնույթն ու էությունը մնացել են անփոփոխ։
Ժամանակակից ցեղասպանագիտությունը գնահատում է ցեղասպանության ժխտումը որպես ցեղասպան քաղաքականության շարունակություն։ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Գրեգորի Սթենթոնն ընդգծում է. «Ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է, որը տուժող խմբին հոգեբանորեն ու մշակութային առումով ոչնչացնելու, հիշողությունից զրկելու շարունակական փորձ է: Հենց դա է Թուրքիայի կառավարությունն այսօր անում ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ»: Ողջակիզում վերապրած նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը Հայոց ցեղասպանությունը քողարկելու Թուրքիայի արշավը որակում է որպես «կրկնակի սպանություն, քանի որ դրանով Թուրքիան ձգտում է մեռցնել տեղի ունեցած վայրագությունների մասին հիշողությունը»:
Անհնարին է պատկերացնել, որ ժամանակակից ժողովրդավարական Գերմանիայում որեւէ փողոց կամ հաստատություն անվանակոչվի ի պատիվ Երրորդ Ռայխի պարագլուխներից որեւէ մեկի։ Մինչդեռ «ժողովրդավարական» հորջորջվող Թուրքիայում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ երիտթուրքերի ղեկավարները, հերոսացված են։ Ոճրագործ Թալեաթ փաշայի անունով են կոչվում մի ամբողջ թաղամաս, մի քանի պողոտա եւ փողոց Ստամբուլում, զբոսայգիներ Անկարայում եւ Էդիրնեում, տարրական դպրոցներ Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում, ավագ դպրոց՝ Կոնիայում…
«Ժողովրդավարական» Թուրքիայում գործում է Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը («թուրքական ինքնագիտակցությանը վիրավորանք հասցնելը», 2008-ից՝ «թուրք ազգին վիրավորանք հասցնելը»), որն օրենսդրորեն արգելում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս հոդվածի առաջադրած մեղադրանքներով արդեն կայացել է շուրջ 50 դատավարություն։
2. Ամբողջատիրություն։ Ընդհուպ մինչեւ 1940-ական թթ. երկրորդ կեսը Թուրքիան միակուսակցական պետություն էր։ Սակայն այսօր էլ «ժողովրդավարական» Թուրքիայում պարբերաբար արգելանք է դրվում այս կամ այն կուսակցության գործունեության վրա, որի առաջնորդները պարբերաբար հայտնվում են բանտերում՝ քաղաքական շինծու մեղադրանքներով։ Բազմաթիվ այդպիսի դեպքերից վերջինը տեղի ունեցավ 2009 թ. դեկտեմբերին, երբ Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվեց քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը (ԺՀԿ), որը խորհրդարանում 21 պատգամավոր ուներ։ ԺՀԿ ամբողջ ունեցվածքը բռնագրավվեց հօգուտ պետության։ Այդ կապակցությամբ անգամ Եվրամիությունը, որը ընդհանուր առմամբ, աչք է փակում Թուրքիայում 20 միլիոն քրդերի դեմ իրականացվող ռասիստական ճնշումների վրա, Անկարային հիշեցրեց, որ «քաղաքական կուսակցությունների ցրումն արտակարգ միջոցառում է, որը պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում»։
3. Պետականապաշտ կապիտալիզմ (էտատիզմ)։ 1937 թ. թուրքական սահմանադրությունը հաստատեց պետության կարգավորող դերը ոչ միայն տնտեսության, այլեւ գաղափարախոսության մեջ։
4. Հակակոմունիզմ։ Աթաթուրքը, անտեսելով Խորհրդային Միության հետ իր բարեկամությունը, մոլի հակակոմունիստ էր։ 1923 թ. ի վեր՝ Թուրքիայի Կոմունիստական կուսակցությունն արգելվել է եւ իր ամբողջ պատմության ընթացքում գործել անլեգալ՝ մշտապես ենթարկվելով պետության ամենադաժան հալածանքներին։
5. Առաջնորդամոլություն եւ անձի պաշտամունք։ Թուրքիայում Աթաթուրքի պաշտամունքը մինչ օրս ուժի մեջ է։ Աթաթուրքի արձանը դրված է յուրաքանչյուր քաղաքում, նրա դիմանկարը կախված է պետական ու վարչական բոլոր հաստատություններում, ինչպես նաեւ՝ դպրոցական դասասենյակներում, դրոշմված է բոլոր թղթադրամների ու մետաղադրամների վրա։ Նրա գործունեության ու կենսագրության քննադատությունը քրեականացված է։ Աթաթուրք ազգանվան կրումը նույնպես արգելված է։
6. Ռազմամոլություն եւ ագրեսիա։ Թուրքիան աշխարհի ամենառազմականացված պետություններից է. թուրքական բանակն իր թվաքանակով ութերորդն է աշխարհում եւ երկրորդը՝ ՆԱՏՕ-ում (ԱՄՆ-ից հետո)։ Զինվորականության վճռորոշ ազդեցությունը Թուրքիայի ներքին քաղաքականության վրա նույնպես հանրահայտ փաստ է. բավական է միայն վերհիշել 1960, 1971 եւ 1980 թթ. բանակի իրականացրած պետական հեղաշրջումները, ինչպես նաեւ 1997 թ. իսլամիստ վարչապետ Ն. Էրբաքանին իշխանությունից հեռացնելը (ի դեպ, նրա «Բարօրության կուսակցությունը» եւս արգելվեց)։
Թուրքիայի Հանրապետությունը բազմիցս է ռազմական ուժ կիրառել կամ սպառնացել այն կիրառելու հարեւան պետությունների՝ Սիրիայի, Կիպրոսի, Հունաստանի, Իրաքի, Հայաստանի դեմ։ Թուրքիան բռնագրաված է պահում Կիպրոսի հյուսիսային մասը, Սիրիայի Ալեքսանդրետի սանջակը, Հայաստանի արեւմտյան մասը։ Թուրքական բանակը կանոնավոր ներխուժումներ է իրականացնում հյուսիսային Իրաք։
1920 թ. հե՛նց քեմալականների հարվածների տակ ընկավ Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Ընդ որում՝ Քյազիմ Կարաբեքիր փաշան Մուստաֆա Քեմալից ստացել էր հետեւյալ բառացի հրամանը՝ «Բարոյապես եւ ֆիզիկապես ոչնչացրու՛ Հայաստանը»: ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի Երրորդ Հանրապետության դեմ դարձյալ ընդունեց բացահայտ ագրեսիվ դիրքորոշում, ներառյալ՝ երկարամյա ցամաքային շրջափակումը, Հայոց ցեղասպանության ժխտումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հրաժարումը, Հայաստանի դեմ նոր ռազմական արկածախնդրության Ադրբեջանի ձեռնարկումներին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելը եւ այլն։
Թուրքիայում ֆաշիզմի առաջացումն ու դրսեւորման հետագա փոխակերպումները համարժեք գնահատական չստացան ո՛չ խորհրդային ու արեւմտյան պատմագրության մեջ, ո՛չ իսկ միջազգային իրավական ու քաղաքական վավերագրերում։ Այս փաստը, սակայն, որեւէ մեկին չպետք է մոլորեցնի։ Առհասարակ, Արեւմուտքի եւ ԽՍՀՄ (Ռուսաստանի) քաղաքական ու ակադեմիական շրջանակներում ծաղկող թուրքասիրությունը քննարկման առանձին ու բազմաշերտ թեմա է։ Բավարարվենք միայն մասնակի բացատրությամբ. ԽՍՀՄ-ում պարզապես անհնար էր Աթաթուրքին ֆաշիստ անվանել, քանզի «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ» Վ. Լենինը 1921 թ. մարտի 16-ին նրա հետ կնքեց Մոսկվայի «բարեկամության ու եղբայրության» չարաբաստիկ պայմանագիրը։ Իսկ Արեւմուտքում այդպիսի գնահատական չէր տրվում, որովհետեւ Թուրքիան պատմականորեն (եւ իրավամբ) համարվում էր Ռուսաստանի (ԽՍՀՄ-ի) դեմ պատնեշ ու ռազմավարական կարեւոր դաշնակից, ինչը ստացավ իր միջազգային իրավական ձեւակերպումը՝ 1952 թ. ՆԱՏՕ-ին վերջինիս միանալով։
Թուրքիան պատասխանատվության չենթարկելու, առավել եւս՝ նրան լռելյայն արդարացնելու գերտերությունների փորձերը հղի են նոր ցեղասպանությունների վտանգով։ Սա է այն հիմնական եզրակացությունը, որին միջազգային հանրությունը տակավին պետք է հանգի։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #15 (880) 20.04.2011 – 27.04.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


28/04/2011