Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱԼԻՇ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ



Նոյեմբերի 29-ին եթեր հեռարձակվեց Թալիշստանի ազգային հեռուստատեսության (ԹԱՀ) անդրանիկ թողարկումը

Հեռուստաալիքի գլխավոր հաղորդավարն է թալիշ ազգային բանաստեղծ Զաբիլ Մադոժը: «Հեռուստաալիքի ստեղծողներն իզուր չեն անվանել Թալիշստանի ազգային հեռուստատեսություն, քանի որ այն լինելու է թալիշ ժողովրդի ձայնը` նրա աչքերն ու շուրթերը: ԹԱՀ-ը մշակութային նախագիծ է և քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունի»,- բացման խոսքում մասնավորապես շեշտել է բանաստեղծ-հաղորդավարը:

Զաբիլ Մադոժից բացի հեռուստատեսության մշտական ծրագրերը կվարեն Սարվինազ Շիրիևան, Այուբ Օվչուզոդան, Յասաման Գարգուսին, Գիրդանոզ Քարամզոդան, Եկատերինա Անդրեևան և Քսենյա Օստապչուկը:

Առայժմ եթերում կլինեն հետևյալ հեռուստածրագրերը` «Թալիշստանը և աշխարհը», «Թալիշստանի պատմությունը, մշակույթը և ազգագրությունը», «Մեր կրոնը. իսլամ», «Թալիշական խոհանոց», «Եղանակի տեսություն» և այլն:

Հեռուստաալիքը կունենա հետևյալ երկու հեղինակային ծրագրերը, որոնցից մեկը` «Ուրբաթ օրը Ֆախրադդին Աբոսզոդայի հետ», կվարի թալիշ հայտնի մտավորական, Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության խոսնակ Ֆախրադդին Աբոսզոդան, մյուսը` «Թալիշություն»` Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զախիրադդին Իբրահիմովը:

Թալիշական ազգային հեռուստատեսությունում կգործի նաև Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից թաթերի համար նախատեսված ամենշաբաթյա հեռուստածրագիրը: Շաբաթը կամփոփվի «Անցած շաբաթվա ամփոփ տեղեկագիր» ադրբեջաներենով հեռարձակվող ծրագրով:

Թալիշստանի ազգային հեռուստատեսության անդրանիկ թողարկման մեջ ելույթ է ունեցել Ֆախրադդին Աբոսզոդան, որը, շնորհավորելով իր ժողովրդին ազգային հեռուստատեսություն ունենալու առիթով, ընդգծել է հեռարձակումների հսկայական դերը մայրենի լեզվի, իրենց ինքնատիպ մշակույթի պահպանման գործում: «Թալիշպրես» լրատվական գործակալությունն էլ իր շնորհավորական հեռագրում շեշտել է. «Այսուհետ մեր ժողովուրդը հնարավորություն կունենա իր ազգային հեռուստատեսության եթերում քննարկելու համաշխարհային և տարածաշրջանային խնդիրները, իր անցյալի, ներկայի և ապագայի հարցերը, ինչի համար մեծապես շնորհակալ պետք է լինենք հեռուստաալիքն ստեղծողներին»:

Ադրբեջանի քաղաքական դեմքերն առայժմ չեն արձագանքել Թալիշստանի ազգային հեռուստատեսության անդրանիկ թողարկման և առհասարակ ստեղծման փաստին, բայց բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է այն աղմուկ-աղաղակը, որ նրանք մամուլում բարձրացրին «Թալիշստանի ձայն» ռադիոալիքի հեռարձակման առիթով:

Գ. ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Հոգևոր-մշակութային, Տարածաշրջան


04/12/2014