ԻՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Իրանի մեջլիսի Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Էսֆանանին ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խստորեն դատապարտել է պարսիկ միջնադարյան հռչակավոր բանաստեղծ Նիզամիի ստեղծագործական ժառանգությունը յուրացնելու Ադրբեջանի ջանքերը` ասելով. «Նիզամիի ստեղծագործությունները պատկանում են իրանական մշակույթին և պարսկերեն լեզվի հիմնական աղբյուրներից մեկն են համարվում»: Անդրադառնալով աշխարհահռչակ բանաստեղծի դամբարանի պարսկերեն փորագրությունները ջնջելու և ադրբեջաներենով փոխարինելու փաստին՝ նա ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել անհապաղ և գործնական քայլեր ձեռնարկել, այն է`
ա) դադարեցնել ավերածությունները,
բ) Ադրբեջանին ներկայացնել վնասի փոխհատուցման պահանջ,
գ) միջազգային ատյաններում դատապարտել այդ երկրի ծավալած մշակութային թալանը:
Նա միաժամանակ հավելել է. «Նիզամիի գրական ժառանգության խեղաթյուրումների, պարսկերենի միտումնավոր աղավաղումների փաստերը պետք է հետաքննվեն և դատապարտվեն միջազգային իրավունքի տեսակետից»: Ի դեպ, Ադրբեջանը հետևողականորեն փորձում է «իրենով անել» նաև իրանական ազգային երաժշտական գործիքները, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել իրանցի արվեստագետների, ինչպես նաև քաղաքական ու պետական գործիչների շրջանում:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մ. Փաքայինն ասել է. «Նիզամի Գյանջավիի պոեզիան օտար լեզվով (ասել է թե` ադրբեջաներենով) հնչում է այնքան տարօրինակ, որքան Վիկտոր Հյուգոն` արաբերենով»: Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մ. Ռեյիսին արձագանքելով ադրբեջանցիների մշակութային թալանին, իր հերթին ասել է. «Իհարկե, գոյություն ունեն նաև պատմական խնդիրներ: Օրինակ՝ Ադրբեջան պետությունն ստեղծվել է ընդամենը 1918 թվականին, իսկ, ասենք, թառ երաժշտական գործիքն ունի դարերի պատմություն»:
Ադրբեջանի մշակութային ասպատակություններին ու յուրացումներին է անդրադարձել նաև Իրանի արվեստի ակադեմիայի դասական արվեստների ամբիոնի վարիչ Ա. Շարիֆզադեն. «ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային որոշ երկրներ ամեն ինչ անում են Իրանի պատմության և մշակույթի հաշվին սեփական մշակույթը և պատմությունը հարստացնելու համար: Ադրբեջանը, հրապարակ նետելով այն փաստը, որ Նիզամին ծնվել է Գյանջայում (Գանձակ), որը հիմա իրենց տարածքում է գտնվում, փորձում է հիմնավորել Նիզամիի ադրբեջանցի լինելը: Մինչդեռ պատմական փաստ է, որ Նիզամին ծնվել է ոչ թե Գյանջայում, այլ` Ռեյ քաղաքում»:
Շատ ավելի ճակատային և խիստ է Իրանի մեջլիսի մշակութային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ն. Փեժմանֆարրի խոսքը. «Ադրբեջանը, չունենալով ո՛չ պատմական անցյալ և ո՛չ էլ մշակութային որևէ ժառանգություն, ստիպված է գողանալ, յուրացնել հարևան երկրների մշակութային արժեքներն ու պատմությունը»: Նույնն է պնդել նաև «Իրանի մշակութային ժառանգություն» կազմակերպության ղեկավար Մ. Ջավադ Ադաբին. «Պարսից պոետ Նիզամիի ստեղծագործությունների սեփականումը խոսում է Ադրբեջանի աղքատիկ կամ էլ գոյություն չունեցող մշակույթի մասին»:
Պաշտպանելով իրանական երաժշտական գործիքները ադրբեջանական աներես թալանից՝ հայտնի թառահար, երաժշտության տան խորհրդի անդամ Դ. Փիրնիքանն ասել է. «Պատմական և ոչ մի փաստ չի խոսում այն մասին, որ Բաքվում թառ են նվագել: Այդպիսի փաստ գոյություն չունի»:
Իրանցի մտավորականների, արվեստագետների, քաղաքական գործիչների խոր անհանգստությունը Ադրբեջանի՝ իրականացվող մշակութային թալանի առիթով կարելի է եզրափակել երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբբաս Արաքչիի խոսքով. «Եթե անգամ Նիզամիի դամբարանի պատերից քերեք-հանեք պարսկերեն բոլոր գրությունները և դրանք փոխարինեք ադրբեջաներենով, միևնույն է՝ Նիզամին կմնա պարսիկ ամենամեծ բանաստեղծը»:
Գ. ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Հոգևոր-մշակութային, Տարածաշրջան