Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԳՅՈՒՂՆ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ



Արցախյան պատերազմի մասին հուշերը երբեք չեն խամրի, ընդմիշտ կմնան մարդկանց հիշողության մեջ, մինչև կյանքի վերջը: Դրանք շարունակ մարդկանց զգոնության կկոչեն, կհուշեն, որ պատերազմը չարիք է ժողովուրդների համար, պատերազմը` զոհեր, խեղված ճակատագրեր, պատերազմը ցավ է, մորմոք ու տանջալի սպասում…

Պատերազմի ծանր ու դժվարին տարիներին շատ արցախցիներ օրագրեր էին պահում: Խնամքով ու ջանասիրությամբ արված նրանց գրառումներն այսօր էլ արժանի են ուշադրության: Դրանք սովորական իմաստով օրագրեր չեն. պատերազմական օրերի դաժան իրականությունն ապրած, սակայն տոկունությունն ու ոգու արիությունը չկորցրած մարդկանց գրառումներ են: Մարդիկ գրի էին առնում այն ամենը, ինչ տեսնում ու զգում էին այդ ահասարսուռ տարիներին: Գրի էին առնում իրենց հոգու տագնապներն ու ապրումները ռազմաճակատ մեկնած հարազատների, մտերիմների համար: Պատմում էին իրենց հայրենասիրական պարտքը մինչև վերջ հավատարմորեն կատարողների մասին, այն մասին, թե ռազմի դաշտերում իրենց զավակներին կորցրած հայոց մայրերն ինչպես էին դիմանում ծանր փորձություններին` տոկալով ու պահպանելով ոգու կորովը:

Հնարավոր չէ առանց հուզմունքի կարդալ այդ օրագրերը, քանի որ դրանք կենդանի վավերագրերն են հերոսական այն օրերի:

Շահեն Փարամազյանը 1991թ.-ի հունվարից է սկսել օրագիր պահել՝ մոտ քսան տարի: Օրագրի էջերում հետպատերազմյան տարիների հայրենի գյուղի կյանքն է, իր ուրախությունները, կարոտի ցավը… Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղն է նրա ծննդավայրը: Պատերազմը նաև իր համագյուղացիների ուսերին էր ծանրացած, և այդ ծանրությունը նրանց հետ մեկտեղ արժանապատվորեն է տարել Շահենը: 2012թ.-ի հուլիսին կյանքից հեռացավ այդ հրաշալի մարդը` թողնելով թանկ հիշատակներ: Տասնվեց թոռան պապ էր: Թոռներից չորսը նույնպես ռազմաճակատային ճամփաներով են անցել:

Ընթերցողներին ենք ներկայացնում Շահեն Փարամազյանի օրագրից մի հատված:

ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

1991թ., փետրվարի 14

10 օր է՝ որդիս` Կամոն, մարտական դիրքերում է, ոչ մի լուր նրանից, անհանգիստ եմ: Մաճկալաշենի երկնքում սև ամպեր են կուտակվել. սիրտս սկսեց տագնապել…

1992թ., դեկտեմբերի 6

Մարտունու շրջանի գյուղերում ամեն օր թաղում է, ռազմի դաշտերում քաջի մահով ընկած ազատամարտիկներին են թաղում: Նրանք ամենաթանկն են պաշտպանել` հայրենի հողը, պաշտպանել են իրենց կյանքի գնով: Նրանք չէին կարող զենք չվերցնել ու չկռվել, երբ պապերի ավանդած հայրենի երկրին վտանգ է սպառնում: Հանուն հայրենիքի ինքնազոհաբերության պատրաստ հայ ազատամարտիկների բնույթն է դա, ներքին հատկությունը: Փառք ու պատիվ նրանց:

1992թ., դեկտեմբերի 17

Արցախն իմ ցավն է, իմ վերքը: Այդ վերքը պիտի մնա իմ հոգում, քանի դեռ բզկտվում, ծվատվում է հայրենի հողը թշնամու ռումբերի ու արկերի պայթյուններից, ու հայրենակիցներիս արյունն է հեղվում այդ հողի վրա:

1993թ., հունվարի 24

Այսօր գյուղի կամավորականները մեկնեցին մարտական դիրքեր` հերթապահելու: Կինս` Դորան, աղոթեց ու մոմ վառեց որդուս և նրա մարտական ընկերների համար:

1993թ., մարտի 21

Առավոտ կանուխ վառել ենք թոնիրը, Դորան պիտի հաց թխի, որ տանեմ Ստեփանակերտ` հարազատներիս համար:

1993թ., հունիսի 8

Բանջարանոցում կարտոֆիլի ածուներ էի փխրեցնում: Հարևանը եկավ ու ասաց, թե Թամարենց Միշան քարափից գլորվել, ընկել է ձորը: Գնացինք հանեցինք ձորից, տուն հասցրինք: Վիճակը ծանր էր. անրակի ոսկորը կոտրվել էր, վնասվել էր նաև ձախ ոտքի թաթը: Մարմնի վրա բազմաթիվ վերքեր կային, սալջարդներ: Գյուղում բժիշկ չկար, առաջին բուժօգնություն ցույց տվեցի, ու փրկվեց Միշայի կյանքը:

1993թ., սեպտեմբերի 4

«Քոլուտում» ցախ էի հավաքում: Իրիկնադեմին եկա տուն: Լույսերն անջատել էին: Քիչ հետո գյուղը թաղվեց խավարի մեջ: Դորան վառեց լամպը: Այդ պահին ազատամարտիկներ լցվեցին բակը` հարևան գյուղից էին: Եկել էին ձին տանելու` որպես փոխադրամիջոց ռազմաճակատի համար, տվեցի: Խելոք ձի է, շատ է ինձ փրկել փորձանքներից: Արցախյան շարժումից առաջ էր: Հերհերում անասնաբույժ էի աշխատում: Ձիով աշխատանքի էի գնում: Աշնանային ցուրտ, մառախլապատ օր էր: Ճանապարհին սկսվեցին ճողվածքիս սուր ցավերը: Այլևս հնարավոր չէր… Կանգնեցրի ձին, ցած իջա, պառկեցի ճամփեզրի խոտերին: Երբ ցավը մի փոքր մեղմացավ, ցանկացա բարձրանալ, չկարողացա, կանչեցի ձիուն, «Կուկլա» է անունը: Նժույգն ասես զգալով վտանգը՝ մոտեցավ, չոքեց կողքիս: Մի կերպ բարձրացա, նստեցի թամբին: Միշտ կհիշեմ այդ օրը:

1994թ., հունվարի 11

Լույսը բացվում է: Ցուրտ է, երկար ժամանակ է՝ ձյունը չի հալչում: Ճանապարհները սառցակալել են: Ոտքով գնում եմ Ճարտար՝ աղջկաս մոտ, լուր ենք ստացել, թե հիվանդ է: Ճանապարհին հանդիպեցի Ենոք Փարամազյանին, մեր տոհմի շառավիղներից է, Ծովաստղ գյուղում է ապրում: Ենոքը դժվարությամբ է շարժվում: Վեց երեխայի հայր է, քսանինը թոռան պապ: Զավակներից հինգը տղաներ են, հինգն էլ ռազմաճակատում են: Երբ զրուցում էինք, ասաց, որ իմ ամենամեծ հպարտությունը հայրենի երկիրը պաշտպանող իր որդիներն են: Հանկարծ երկնքում հայտնվեցին թշնամու ինքնաթիռները ու սկսեցին վայրասլաց թռիչքներ կատարել: Մեր զենիթայինները կրակ բացեցին: Թե հետո ինչ եղավ, այդպես էլ չիմացա:

1994թ., հունվար

Գնացինք Հերհեր՝ մարտերում զոհված ազատամարտիկներին վերջին հրաժեշտ տալու: Հունվարը ծանր ամիս եղավ մեզ համար…

1994թ., մարտի 27

Գարնանամուտի օրերն են: Մեր տնամերձ այգու ծառերի տերևները հազիվհազ ելնում են բողբոջներից: Արևն արդեն տաքացնում է հողը: Սև թրթուրները լցվել են բանջարանոցները, երաշտի նշան է: Չքնաղ է իմ հայրենի գյուղի գարունը: Մեր տան բարձունքին կանգնել լուսաբացն եմ դիմավորում. ուզում ես անվերջ քայլել անծայրածիր դաշտերով, գնալ ձուլվել գարնանային գույներին: Ինչ ուժ ունի բնության գեղեցկությունը, որը մարդուն դարձնում է ճամփորդ պատերազմի օրերին անգամ…

1994թ., ապրիլի 4

Այսօր հեռուստատեսությամբ լսեցի, թե ինչպես Ադրբեջանի ղեկավարները հայերից պահանջում են հետ տալ գրավված տարածքները: Նրանք չեն հասկանում, որ կյանքի ու արյան գնով ազատագրված հողը չեն վերադարձնում:

1994թ., ապրիլի 7

Գնացի ֆերմա, հիվանդ հորթերին սրսկեցի ու եկա տուն: Տնամերձ այգու չորուկները կտրելուց հետո հասցրի նաև թոնիրը նորոգել: Կամոն եկավ, օգնեց, մարգերը բահեցինք:

1994թ., ապրիլի 9

Գիշեր է: Կեսօրին սկսված անձրևը շարունակվում է: Դրսում վաղուց մարել են ձայները, միայն շների հաչոցն է լսվում: Տունը ցուրտ չէ: Վառարանում մարմանդ վառվող կրակը հաճելի ջերմություն է արձակում: Պատուհանի մոտ նստել Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրն» էի կարդում: Փորձում էի մտովի տեսնել քաջ ու անվեհեր մուսալեռցիներին, նրանց կուռ շարքերը, ու հպարտությամբ էի լցվում: Ես մտածում էի, թե ազատագրական պայքարի կրակով բռնված հայ զինվորի ոգու մեջ է նրանց ուժն ու խիզախությունը, տոկունությունն ու ներքին ամրությունը: Այո՛ այդ ոգին անհնար է սպանել, այդ ոգին անպարտելի է…

Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Հոգևոր-մշակութային


04/12/2014