Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ



Առաջնագծի ծառայության նախապատրաստական փուլի մի քանի հարցերի շուրջ

Զինվորի պատրաստությունը մեր երկրի առաջնահերթ խնդիրներից է: Այն սկսվում է դպրոցում և շարունակվում բանակում՝ զինվորական ծառայության տարբեր փուլերում: Զինվորները զենք կրելու, մարտական խնդիր կատարելու իրավունք վաստակում են քրտնաջան աշխատանքով: Այսօր բացառվում է, որ անհրաժեշտ մասնագիտական պատրաստություն չանցած անփորձ զինվորն ընդգրկվի մարտական ստորաբաժանման կազմում, առավելևս՝ մասնակցի սահմանի պահպանությանը: Զինվորի կայացմանը միտված կարևոր առաջադրանք են կատարում առաջնագծի զորամասերում գործող նախապատրաստական գումարտակները:

Գնդապետ Է. Ասրյանի հրամանատարությամբ գործող զորամասում նախապատրաստական գումարտակի հրամանատարը մայոր Ռաֆայել Հարությունյանն է: Գնդապետը բարձր է գնահատում նրա աշխատանքը՝ ասելով, որ ավարտվող ուսումնական տարում բոլոր ուղղություններով գումարտակն ամենաբարձր գնահատականներն է ստացել, և երիտասարդ զինվորները պատրաստ են համալրելու մարտական ստորաբաժանումները:

Հետևելով վաշտերից մեկի շարային պատրաստության պարապմունքին՝ համոզվում ենք, որ զենքով և առանց զենքի շարվելու, քայլելու, շրջադարձեր կատարելու, շարքից դուրս գալու և հրամանատարին ներկայանալու, ստորաբաժանում կազմելու, երգով անցնելու և մյուս զինվորական հրահանգները կատարվում են անթերի, ինչն անկասկած տևական ու համբերատար աշխատանքի արդյունք է և կարևոր առաջընթաց իսկական զինվոր դառնալու ճանապարհին: Պարապմունքն անցկացնողներից մեկն էլ դասակի հրամանատարի տեղակալ, սերժանտ Սամվել Հովհաննիսյանն է: Մեր կարճատև զրույցի ընթացքում նա կարևորեց լիարժեք, նպատակային պարապմունքների անցկացման և գումարտակում տիրող ընկերային անկեղծ հարաբերությունների նշանակությունը:

-Մասնագիտական գործնական պարապմունքներն անցկացնում ենք առաջնագիծը ներկայացնող ուսումնական կետում, միաժամանակ իբրև փորձաշրջան զինվորներին տանում ենք առաջնագիծ, ծանոթացնում հենակետերին, դիտակետերին, անվտանգության կանոնների պահպանմանը, անցկացնում զորավարժություններ ջոկերի կազմերով, ցույց ենք տալիս հակառակորդի դիտակետերը, պաշտպանական գոտին, տեղում սովորեցնում, թե ինչ պետք է անեն դիտորդները, արթուն հերթափոխը՝ հակառակորդի կողմից որևէ անսովոր քայլ նկատելու դեպքում:

♦♦♦

Նկատեցինք, որ վաշտերից մեկն էլ պարբերաբար դուրս է գալիս զորանոցից, շարվում դրսում, հետո նորից մտնում զորանոց: Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Կամո Մանուկյանն ասաց, որ արտակարգ իրավիճակի պատրաստության դաս է, զինվորներին սովորեցնում են երկրաշարժի դեպքում զորանոցից դուրս գալու կամ, եթե չեն հասցնում դուրս գալ, ներսում պաշտպանվելու կարգը: Հիշեցի, որ ԽՍՀՄ տարիներին՝ Տաշքենդի երկրաշարժի ժամանակ, խուճապի և զորանոցների մուտքերի մոտ առաջացած կուտակումների պատճառով զգալի կորուստներ էին եղել: Զորանոցը մեկ-մեկ միմյանց հետևից վազքով լքելու դեպքում դռների մոտ կուտակումներ չեն առաջանում, իսկ եթե մարդիկ չեն հասցնում դուրս գալ, պետք է կանգնեն դռների մեջ, հենասյուների տակ, եթե կան հենասյուներ, և մյուս ապահով տեղերում:

-Հաճախ են կազմակերպվում զրույցներ առաջնագծի ծառայության մասին: Փորձառու սպաներն ու զինվորները հետաքրքիր ու մեզ համար օգտակար դեպքեր են պատմում,- ասաց շարքային Հովհաննես Պետրոսյանը:

Պետք է ասել, որ սահմանային միջադեպերը մեծ արձագանք են ունենում տղաների հոգում:

-Գիտենք, որ առաջնագծում ծառայությունը հետաքրքիր է, բայց պիտի զգոն լինենք, որովհետև թշնամին կրակելու, կորուստներ պատճառելու հրաման ունի,-ասում է շարքային Վաչագան Ալոյանը:

♦♦♦

Գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Հրայր Նարիմանյանը հավաստիացնում է, որ հաջողության համար կարևոր գործոններ են կարգապահությունը և բարոյահոգեբանական պատրաստությունը:

-Զինվորը պետք է համոզված լինի, որ իր արածը կարևոր է և ճիշտ: Մենք հասարակական պետական պատրաստության պարապմունքների ժամանակ պարզ ներկայացնում ենք մեր ժողովրդի տարբեր ժամանակաշրջանների պատմությունը, ցույց ենք տալիս այն հանգամանքները, որոնք նպաստեցին շարժմանն ու ազատագրական պայքարին, իսկ դրանից զինվորն ինքն է հետևություններ անում, իր ներքին որոշումը կայացնում: Ես դեռ չեմ տեսել մի զինվոր, որ չցանկանա գնալ առաջնագիծ, ընդհակառակը՝ զինվորները ձգտում են գնալ, լուծել ավագ ընկերների, այն տղաների վրեժը, որոնց նույնիսկ չեն էլ տեսել:

Մենք հետևողական ենք նաև փողոցային բարքերի դեմ պայքարում վերադաս հրամանատարության պահանջների կատարման հարցում։ Ամեն առիթով զինվորներին հիշեցնում և զգուշացնում ենք, որ ինչպես սպաներին դիմելիս, այնպես էլ միմյանց հետ պետք է ձգտել խոսել մաքուր հայերենով, իսկ հայհոյանքները և վիրավորական արտահայտություններն ընդհանրապես արգելված են,- ասաց մայոր Հ. Նարիմանյանը և շարունակեց.

– Երիտասարդ զինվորի կայացման գործում մեծ է ջոկի հրամանատարի, սերժանտի դերը: Սերժանտները պետք է իմանան այն ամենը, ինչը կատարվում է գումարտակում, և իրենց կեցվածքով նպաստեն աշխատանքային, ընկերական մթնոլորտի ձևավորմանը: Օրինակ՝ սերժանտ Սամվել Հովհաննիսյանը և կրտսեր սերժանտ Գոռ Հովհաննիսյանը, ոչ միայն իրենց անմիջական՝ ջոկի հրամանատարի պարտականություններն են պատշաճ կատարում, այլև հասարակական ակտիվներ, մարզական ու մշակութային միջոցառումներ են կազմակերպում, սիրում և կարողանում են աշխատել մարդկանց հետ: Այժմ զորացրման են պատրաստվում ավագ սերժանտներ, դասակի հրամանատարի տեղակալներ Արման Կդլյանը և Կարեն Ադամյանը, և ես ուզում եմ, օգտվելով առիթից, «Հայ զինվորի» անունից իմ շնորհակալությունը հայտնել նրանց ծնողներին: Նրանք զորացրվում են որպես իսկական զինվորներ և պատրաստ են ցանկացած պահի համալրելու բանակի շարքերը:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Ազգային բանակ


04/12/2014