Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ո՞Վ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ. ՄՐՑՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ



Օրերս կապի զորամասերից մեկում անցկացվեց կապի մասնագետների համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը: Լավագույնի կոչմանն արժանանալու համար միմյանց հետ մրցեցին հրամանատարաշտաբային մեքենաների հաշվարկները և կապի դասակի հրամանատարները:

Սա զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառում էր, որին մասնակցեցին զինված ուժերի կապի բոլոր ստորաբաժանումները: Սկզբնական փուլն անցկացվեց զորամասերում, ապա զորամիավորումներում, որտեղ եւ ընտրել էին լավագույններին, որից հետո էլ այդ լավագույն մասնագետներն իրար հետ մրցեցին կենտրոնական ենթակայության կապի գնդում: Միջոցառման նպատակն էր կապի նշված օղակի զինծառայողների մասնագիտական աճին նպաստելը, մրցակցության այնպիսի մթնոլորտ ստեղծելը, որ բոլորը ձգտեն դառնալ լավագույնը իրենց գործի մեջ: Հայտնի փաստ է՝ նման մրցույթները նաեւ հուսալի միջոց են տարվա ընթացքում ստորաբաժանումների հետ տարված աշխատանքի արդյունավետությունը, յուրաքանչյուր զինծառայողի առաջընթացն ու բացթողումները գնահատելու համար: Այդ ամենը հաշվի առնելով էլ նախանշվում են հետագա աշխատանքի ուղղությունները:

Մրցույթի կազմակերպման համար ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով հետևյալ կազմով. ղեկավար՝ կապի զորքերի պետի տեղակալ, գնդապետ Տ. Գալոյան, անդամներ՝ գնդապետ Ա. Սարգսյան, փոխգնդապետ Ս. Շահբազյան, փոխգնդապետ Լ. Մեհրաբյան: Նշված օրը զորամիավորումներում լավագույնը ճանաչված մասնագետները հանձնաժողովի հսկողությամբ հերթով ցուցադրեցին իրենց կարողությունները: Ինչպես նշեց գնդապետ Գալոյանը, գոյություն ունի մրցույթի անցկացման կարգ, սահմանված են նորմացույցները՝ հաստատված կապի զորքերի պետի կողմից, որոնց համաձայն սահմանված ժամանակամիջոցում հաշվարկները իրականացրին որոշակի խնդիրների ծավալ: Առավելագույն բարձր ցուցանիշներ գրանցած անձնակազմն էլ ճանաչվեց հաղթող:

Ամբողջությամբ բացազատված հրամանատարաշտաբային մեքենայի վրա տրված միջոցներով մասնակիցները պետք է ապահովեին տեղեկատվության հաղորդում և ընդունում առանց կապի շեղումների և տեղեկատվության կորստի: Հաշվարկների կազմում ներգրավված էին և՛ ժամկետային, և՛ պայմանագրային զինծառայողները: Մրցույթի ավարտին հանձնաժողովների անդամներն ստուգեցին մասնակիցների լրացրած օպերատիվ-տեխնիկական փաստաթղթերի լրակազմը, վարման կարգը, նշեցին առկա բացթողումները: Այնուհետև համադրելով տեխնիկական միջոցների արձանագրած տվյալները, նաև խնդիրների կատարման ժամանակացույցն ու համապատասխանությունը առաջադրանքին՝ ամփոփվեցին արդյունքները, և հայտարարվեց հաղթողը: Հրամանատարաշտաբային մեքենայի լավագույն հաշվարկ ճանաչվեց զորամասերից մեկի կապի վաշտի ռադիոկայանի հաշվարկը՝ կայանի պետ, ավագ սերժանտ Արթուր Սարգսյան, ավագ ռադիոհեռախոսավար, շարքային Մարտուն Անտոնյան, մեխանիկ-վարորդ, շարքային Արա Հայրապետյան: Իսկ կապի դասակի հրամանատարների մրցույթում հաղթեց լեյտենանտ Գ. Հովսեփյանը:

♦♦♦

Կապավորների մասնագիտական աճին նպաստող միջոցառումներն այսքանով չեն սահմանափակվում: Նույն կապի գնդում անցկացվում են կապի դասակի հրամանատարների դասընթացներ: Այսինքն՝ այն զինծառայողները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և ցանկություն են հայտնել մասնակցելու դասընթացներին, ուսումից հետո կհանձնեն մասնագիտական և ֆիզպատրաստության քննություններ: Հաջող ավարտի դեպքում կորակավորվեն, կստանան նախնական սպայական կոչում, կնշանակվեն զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում՝ որպես կապի դասակի հրամանատարներ: Հարկ է նկատել, որ միայն կապավորներն են մասնակցում տվյալ դասընթացներին: Կնշանակի՝ որոշակի հմտություններ և առաջընթացի համար անհրաժեշտ ունակություններ ունեցող, իրավիճակին տիրապետող կապավորը կարող է լրացուցիչ գիտելիքներ ստանալ և սպայական հաստիքի նշանակվել:

Տարեկան պլանային միջոցառումների ծավալը հաշվի առնելով՝ մի քանի ամիսը մեկ նման դասընթացներ են կազմակերպվում՝ նպաստելով զինված ուժերին անհրաժեշտ կադրային ներուժի կայուն զարգացմանն ու առաջընթացին: Գործընթացը շատ արդյունավետ է, քանի որ շարունակական բնույթ է կրում, ինչի շնորհիվ թափուր հաստիքները գնալով քչանում են, ստորաբաժանումներում համընթաց լուծվում են զորքի կառավարման, կապի կազմակերպման խնդիրները: Ցանկացած բնույթի զորամասում անձնակազմի կառավարումը, հրամանների փոխանցումը և այլ միջոցառումներ իրականացվում են կապի ստորաբաժանման միջոցով: Եթե կապի տվյալ ստորաբաժանումը չունի ղեկավար, խնդիրները բարդանում են, և անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են թերի: Այս դասընթացները նաև մեկ այլ մեծ առավելություն ունեն: Ռազմական բուհերում ուսուցումը տևում է չորս տարի, մինչդեռ այս դասընթացների մասնակցողներն արդեն ունեն բարձրագույն կրթություն, գործող կապավորներ են, և նրանց ընդամենը վերապատրաստում են՝ լրացնելով որոշակի ուղղվածության թերի գիտելիքները, ինչպես, օրինակ՝ կառավարման հարցերը, անձնակազմի ուսուցանման խնդիրները և այլն:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Ազգային բանակ


04/12/2014