Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԸՆՏԱՆԻՔ ՄԸՆ Է»



Զրույց ժողովրդական նկարիչ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

-Պիտի խնդրեմ, որ պատմեք իր պատմական հայրենիքից, իր ծննդավայրից տեղահանված, հայրենազրկված Հակոբյանների ընտանիքի մասին, որը կիսեց իր հայրենակիցներից շատերի ճակատագիրը, հայտնվեց օտար ափերում, հետո վերադարձավ հայրենիք…
-Հայրս Այնթափում է ծնվել, ես՝ Եգիպտոսում։ Հայրս լուսանկարիչ էր։ Նա աշխարհի ամենալավ հայրն էր ու մահացավ, երբ ես յոթ տարեկան էի։ Հորս մահից կարճ ժամանակ անց մահացավ նաեւ մեծ մայրս։ Իսկ մեծ հորս թուրքերը մորթեցին Դեր Զորում։ Տասնմեկ տարեկանից հաճախել եմ Կիպրոսի Մելքոնյան վարժարան՝ գիշերօթիկ դպրոց ու սովորել եմ այնտեղ մինչեւ 17 տարեկան։ Մելքոնյան վարժարանը մեծ դպրոց էր՝ մայրաքաղաքից հեռու, բնակչությունից կտրված, տղաների եւ աղջիկների համար նախատեսված մասնաշենքերով։ Այն փոքրիկ Հայաստան էր, հայկական միջավայր։ Մելքոնյան վարժարանում եմ ես ծանոթացել հայոց պատմության, հայ գրականության հետ։ Շատ սիրել եմ մեր արեւմտահայ ու արեւելահայ գրականությունը։ Եվ նկարչություն եմ սիրել։ Ես միշտ նկարել եմ։ Վարժարանում շաբաթը մեկ անգամ մենք նկարչության դասեր էինք առնում, շատ էի սիրում իմ նկարչության ուսուցչին, շատ կապված էինք, հորս պես սիրում էի։
Ես ստիպված էի կիսատ թողնել ուսումս եւ վերադառնալ Եգիպտոս՝ մորս մոտ ու աշխատել։ Եգիպտոսում այդ ժամանակ 30-35 հազար հայ կար։ Հայերը հարգված էին՝ որպես շնորհալի ու աշխատասեր մարդիկ։ Կային բարձր պաշտոնյաներ, նույնիսկ հայազգի վարչապետ է եղել Եգիպտոսում։
-Ասում են՝ հայկական համայնքը Եգիպտոսում միշտ էլ եղել է ամուր, հավաք, պահել է իր ազգային նկարագիրը, ինքնությունը…
-Քանի՞ տարի՝ երեսո՞ւն, քառասո՞ւն… հայրենիքից հեռու ոչ ոք չի կարող հայ մնալ, մոռացեք։ Հայրենիքից հեռանալը անձնապահպանություն է։ Պետք չէ խաբել ինքներս մեզ։ Աղջիկս ամուսնացավ սփյուռքահայ երիտասարդի հետ, որը եկել էր հայրենիք ուսանելու, եւ նրա հետ մեկնեց Կանադա։ Թոռներս կանադացի են, թեեւ հայկական դպրոց են գնում եւ խոսում են հայերեն։ Նրանց երեխաները շատ ավելի հեռու են լինելու Հայաստանից ու հայկականությունից։ Ես չեմ դատապարտում. ամեն ոք իրավունք ունի ապրելու այնտեղ, որտեղ ցանկանում է, բայց մի խոսեք հայ մնալու մասին։ Ես հասկանում եմ՝ մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, սեփական հողի վրա ապրել ենք ճորտի հոգեբանությամբ։ Օտարի իշխանության տակ մենք մտածել ենք միայն ինքներս մեր մասին, մեր ընտանիքի մասին։ Անկախությունը չէր կարող միանգամից փոխել մեր հոգեբանությունն ու մտածելակերպը։ Երկիրն անկախացավ, բայց ճորտի հոգեբանությունը մնաց։
-Ինչպիսի՞ն է ճորտի հոգեբանությունը…
-Եթե երկիրը քոնը չէ, ուզած պահին կարող ես հեռանալ մեկ ուրիշ ավելի լավ երկիր, որովհետեւ դու միայն քո բարեկեցության մասին ես մտածում ու օտար երկիրը պահելու, շենացնելու, պաշտպանելու պարտավորություն չունես։ Եթե երկիրը քոնը չէ, այդ երկրում ապրելով՝ միակ նպատակդ քո անձն ու ընտանիքը ապահով, անվտանգ պահելն է, իսկ սեփական հայրենիքում, որտեղ դու տեր ես, մտածում ես նաեւ ազգիդ, երկրիդ մասին։ Հայրենիքն ընտանիք է։ Այս ամենով հանդերձ պիտի ասեմ, որ հայրենիքն էլ պարտք ունի իր զավակների հանդեպ։ Մենք ասում ենք մայր հայրենիք։ Մայր, այսինքն՝ կյանք տվող, սնող… Մարդուն պիտի աշխատելու հնարավորություն տաս։ Գործազրկությունն ահավոր աղետ է։ Այսօր քանի՞ միլիոն հայ կա դրսում, եւ դրանցից քանի՞սն են ինքնակամ հեռացել Հայաստանից…
-Իսկ Դուք ներգաղթել եք։ Դուք, Ձեր կինը՝ նկարչուհի Մարի Հովելյանը, եւ Ձեր երկու աղջիկները։ Ի՞նչը Ձեզ բերեց Հայաստան։
-Դուք իրավունք չունեք նման հարց տալու։ Մենք հայտնվել էինք Եգիպտոսում ոչ թե հայրենիքը լքելու հետեւանքով, այլ մենք հայրենիք էինք կորցրել ու հայրենիք էինք փնտրում։ Իսկ հայրենիքը մեկն է՝ Հայաստանը (սոցիալիստական, թե կապիտալիստական)։ Մենք հայրենիք էինք երազում։
-Այսօր երկրից հեռացող արվեստագետները պնդում են, որ Հայաստանը նեղ է լիովին ինքնադրսեւորվելու եւ կայանալու համար։ Դուք ապրել եւ ստեղծագործել եք Հայաստանում, եւ դա չի խանգարել, որ Դուք նվաճեք ամենամեծ բարձունքները, որ Ձեր անունը դրվի հայոց մեծանուն նկարիչների կողքին։
-Անկեղծ ասած, ես ինձ հայոց մեծ նկարիչների շարքը չեմ դասում։ Ես սովորական նկարիչ եմ, մեծը Մարտիրոս Սարյանն է, Հարություն Կալենցը, Մինաս Ավետիսյանը, բայց նրանք էլ են ապրել ու ստեղծագործել Հայաստանում ու համաշխարհային հռչակ ունեն։ Նրանք, ովքեր հեռանում են երկրից, այլեւս Հայաստանինը չեն, ես այդպես եմ կարծում։
-Դուք Ռուսաստանի Դաշնության ակադեմիայի ակադեմիկոս եք, Հայաստանի ժողովրդական նկարիչ, արժանացել եք բոլոր հնարավոր տիտղոսներին ու շքանշաններին։ Ես վերջերս իմացա, որ չունեք ակադեմիական կրթություն։
-Ես ընդհանրապես կրթություն չունեմ (նույնիսկ Մելքոնյան վարժարանը չեմ ավարտել)։ Ես չեմ նսեմացնում կրթության դերը, եթե բարձրագույն կրթություն ունենայի, թերեւս ավելի կրթված կլինեի, ավելի շատ բան կիմանայի։ Ես նկարում եմ, ինչպես կարողանում եմ, ինչպես զգում եմ։ Ես ինձ նկարչական որեւէ դպրոցի հետեւորդ չեմ համարում, չեմ ջանում իմ նկարչությունը համապատասխանեցնել ինչ-որ օրենքների ու սահմանումների։ Ես նկարում եմ իմ ապրած կյանքը։ Մի ժամանակ սիրում էի նկարել խեղճ մարդկանց (երբ Եգիպտոսում էի), այն մարդկանց, ովքեր գթության կարիք ունեն։ Երբ եկա Հայաստան, սկսեցի նկարել հայրենիքս։ Ես նկարում եմ այն ամենը, ինչ սիրում եմ։ Ես սիրում եմ մարդուն, սիրում եմ հայրենիքս։ Եվ նկարում եմ։ Ժողովրդականի կոչումը եւ ակադեմիկոսի կոչումը ստացել եմ իմ նկարների համար։ Առանց ակադեմիական կրթության էլ կարելի է նկարել, պարզվում է։
-Պարոն Հակոբյան, այսօր կան արվեստագետներ (եւ Դուք նրանցից մեկն եք), ովքեր իրենց արվեստով, իրենց մեծ վաստակով արժանացել են հարազատ ժողովրդի սիրուն ու մեծարանքին։ Բայց մի տեսակ մեկուսացած են, չեն խոսում ժողովրդի հետ, հեռացել են ժողովրդից։ Թվում է՝ ժողովրդի ցավով չեն ապրում։ Ժողովուրդը իր արվեստագետի, իր մեծերի գոտեպնդող խոսքի կարիքն ունի։
-Խոսքը, անշուշտ, շատ կարեւոր է, բայց խոսքից ավելի կարեւոր է քո արած գործը, քո կենդանի օրինակը։ Իմ ասելիքն իմ ապրած կյանքն է ու իմ արվեստը։ Ես արդեն 88 տարեկան եմ եւ, ինչպես Դուք ասացիք, ունեմ բազմաթիվ տիտղոսներ, կոչումներ, շքանշաններ, բայց դրանք ինձ համար ամենակարեւորը չեն, ամենակարեւորն այն է, որ ես ամբողջ կյանքս ապրել եմ նկարչությամբ։ Եվ ես հայ նկարիչ եմ, ու հայկականության կնիքը կա իմ յուրաքանչյուր կտավի վրա։ Ի՞նչն է դա՝ գո՞ւյնը, ապրո՞ւմը, գուցե մեկ ուրիշ բան… չգիտեմ։ Երբ օտարության մեջ հանկարծ հայերեն ես լսում, հայի ձայն ես լսում, մարմնովդ ինչ-որ անբացատրելի ալիք է անցնում, ինչ-որ սարսուռ… Հայկականությունը այդ սարսուռն է, այդ անըմբռնելի կապը արյանդ հետ, էությանդ հետ։
-Պարոն Հակոբյան, ինչո՞ւ մենք չկարողացանք պահել մեր երկիրը՝ մեր արեւմտյան հողերը։ Ինչո՞ւ կորցրինք մեր հայրենիքը։
-Որովհետեւ փոքր էինք։ Փոքր էինք ու վտանգված։ Չգիտեմ՝ ինչու էինք փոքր։ Դեռեւս Խորենացու ժամանակներից փոքր ենք եղել։ Խորենացին ասում էր՝ փոքր ածու ենք։ Եթե մենք՝ արեւմտահայերը, 2 միլիոնի փոխարեն 20 միլիոն լինեինք, մեզ չէին մորթի, տեղահան չէին անի, չէին հայրենազրկի։ Տաղանդավոր լինելը, հզոր արվեստ ու մշակույթ ստեղծելը քիչ է, պետք է մեծ լինել, հզոր, ֆիզիկապես ուժեղ։ Այլապես քեզ բնահան կանեն ու կյուրացնեն քո ստեղծած մշակույթը։
-Մենք հիմա էլ մեծ չենք, բայց կարողացանք ազատագրել Արցախը։
-Կարողացանք։ Մարդիկ զոհվեցին։ Բայց մինչ օրս պայքարում ենք Արցախի անկախության համար ու դեռ պայքարելու ենք։ Մեզ դժվար ճանապարհ է սպասում, պիտի գիտակցենք դա։ Այսօր մենք պետություն ունենք, մեր երկրի ղեկավարները ամեն ինչ անում են, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որ թուրքերը ներողություն խնդրեն կատարվածի համար։ Անձամբ ինձ թուրքերի ներողությունը ոչինչ չի տա։ Ես հայրենիք եմ կորցրել, հարազատներ։ Ես հասկանում եմ, որ մենք պիտի հաշտ ապրենք մեր հարեւանների հետ, պիտի կարողանանք շփվել։ Բայց ես չեմ կարող խաղաղվել։ Թուրքիան սրբապիղծ երկիր է ինձ համար, թուրքերը անմարդկային ազգ են։ Ու հույս էլ չկա, թե կմարդանան… Ասվածի ապացույց է այն, որ մինչ այսօր գոնե ներողություն չեն խնդրել կատարվածի համար։
-Ի՞նչ կասեք սահման պահող զինվորին։
-Զինվորին ոչինչ ասել պետք չէ, զինվորին լավ վերաբերմունք է պետք։ Ինչքան ուզում ես գովաբանիր զինվորին, ոգեւորիր, զինվորը չի զորանա, եթե չզգա սեր եւ հոգատարություն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (880) 20.04.2011 – 27.04.2011, Բանակ և հասարակություն


28/04/2011