ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Ընդունված կարծիք կա, որ Առաջին աշխարհամարտը շարժիչների, մեքենաների և նորագույն տեխնոլոգիաների պատերազմ էր, սակայն պատերազմի ժամանակ հաճախ են օգտագործվել տարբեր կենդանիներ: Օրինակ՝ շները սանիտարներ և կապավորներ էին, թռչունները՝ սուրհանդակներ, ուղտերը և նույնիսկ փղերը՝ ծանր բեռներ փոխադրողներ, կատուները՝ խրամատներում տարաբնույթ կրծողների դեմ էին պայքարում և այլն:
Մարտի դաշտում առավել ծանր և պատասխանատու աշխատանք էին կատարում ձիերը. որքան ձգձգվում էր պատերազմը, այնքան ավելի ձիերի մեծ անհրաժեշտություն էր զգացվում: Այսպես, եթե 1914 թ. աշնանը ռուսական բանակում կար 670 հազար ձի, ապա 1917 թ. սեպտեմբերին նրանց թիվն արդեն երեք միլիոնից ավելի էր: Առաջին համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում սպանվել է 8 միլիոնից ավելի ձի:
Անապատում մարտնչող բանակների համար անգնահատելի էին ուղտերը: 1915 թ. Միջագետքում և Եգիպտոսում մարտնչող բրիտանական բանակում կազմակերպվում է «Ուղտերի բրիգադ»: Բացի բոլորին հայտնի փաստից, որ ուղտերը հեշտությամբ են տանում անապատի կլիմայական ծանր պայմանները, ձիերը տանել չէին կարողանում ուղտերի հոտը, ուստի չէր կարելի անհանգստանալ հակառակորդի հեծելազորի հանկարծակի գրոհից:
Ավանակները ևս իրենց ծառայությունն են կատարել պատերազմի տարիներին: Այսպես, երբ ֆրանսիական և բրիտանական հրամանատարությունը նախաձեռնում է Դարդանելի գրավումը, որը հայտնի է «Գալիպոլիի օպերացիա» անվանումով, այդ օրերին հայտնի դարձավ Սիմպսոն անունով ավանակը, որն իր տիրոջ հետ միասին ռազմի դաշտից դուրս բերեց հարյուրավոր վիրավորների: Հռոմում նույնիսկ արձան են կանգնեցնում «ի պատիվ» քաջարի ավանակի՝ լեռնային հրանոթը մեջքին:
Խրամատում զինվորները կատուներ էին պահում ոչ միայն որպես թալիսման, այլև որպես առնետների և այլ կրծողների դեմ պայքարելու հուսալի միջոց, ինչպես նաև հակառակորդի թունավոր գազային հարձակումից պաշտպանվելու համար, քանի որ կատուներն իրենց անհանգիստ վարքով զգացնել էին տալիս մահացու վտանգի մոտենալը:
Հակամարտ խմբավորումները լայնորեն օգտագործում էին տարբեր ցեղատեսակի շներ` տարաբնույթ գործողություններ իրականացնելու համար:
Շները լայնորեն օգտագործվում էին որպես սանիտարներ: Նրանց մի մասը վարժեցվել էր բլինդաժների և խրամատների փլատակներում եղած վիրավորներին հայտնաբերելու համար:
Շներին առավել հաճախ օգտագործում էին բելգիական և ֆրանսիական բանակներում: Բելգիական զորքերում կային հատուկ գնդացրային խմբեր, որտեղ քաշող ուժի դերը կատարում էին շները, որոնք իրենց վրա կրում էին գնդացիրները:Դիրքային պատերազմի ժամանակ անգնահատելի ծառայություն էին կատարում կապավոր շները, որոնք ի տարբերություն մարդու, կարողանում էին հաղթահարել տարբեր արգելքներ և շատ դեպքերում չէին գրավում հակառակորդի ուշադրությունը: Հատկապես կարևոր էր շների առկայությունը խրամատներում գիշերը: Նրանց սուր հոտառությունը և լսողությունը հնարավորություն էր տալիս վաղօրոք հայտնաբերելու հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը և զգուշացնել նրանց մոտենալու մասին:
Ռուսական հրամանատարությունը հատուկ հրամանով հիմնում է «Սանիտար և պահակ շների դպրոց»:
Նշանավոր էր բրիտանական բանակում ծառայող Ստաբի (Կարճլիկ, Կոտակ) մականունով շունը, որը հավանաբար միակ շունն էր, որը պաշտոնապես ստացել էր սերժանտի կոչում: Նա կարողանում էր զինվորականներին զգուշացնել հակառակորդի կողմից կիրառվող մարտական թունավոր գազերի մասին: Պատերազմն ավարտելուց հետո Ստաբիին ներկայացրել են ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին:
Հեռու տարածություններ հաղորդագրություններ ուղարկելու գործում անգնահատելի էին փոստային աղավնիները: Պատերազմի ժամանակ նույնիսկ հայտնվեցին հերոս-աղավնիներ: 1915 թ. հունիսին ֆրանսիացիները Վերդեն քաղաքի մոտ գտնվող ամրությունում՝ ֆորտում հայտնվում են շրջապատման մեջ և կապավոր աղավնու միջոցով հրամանատարությունից օգնություն են խնդրում: Աղավնին, ուշադրություն չդարձնելով թունավոր գազերի առկայությանը, հաջողությամբ կատարում է առաջադրանքը, որի համար պարգևատրվում է «Ֆորտ Վոյի հերոսական պաշտպանին» մակագրությամբ ոսկյա օղակով: Մեկ այլ կապավոր աղավնի, չնայած ստացած վերքին, ԱՄՆ-ի բանակային շտաբ է հասցնում կարևոր հաղորդագրություն, որի շնորհիվ փրկվում են գերմանական շրջապատման մեջ հայտնված 200 ամերիկացի զինվորներ: Աղավնին, որը կրում էր «Թանկագին բարեկամ» անունը, պարգևատրվում է «Մարտական խաչով»: Իսկ բրիտանական բանակի թիվ 888 համարը կրող աղավնին իր կատարած ծառայության համար հետմահու ստանում է բրիտանական բանակի գնդապետի կոչում:Աղավնիներն օգտագործվել են նաև հակառակորդի դիրքերի օդային հետախուզման համար՝ նրանց վրա ամրացնելով փոքրիկ լուսանկարչական սարքավորումներ:
Հայտնի է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ գործող սուզանավերը հաճախ հայտնվում էին ծանր դրության մեջ, քանի որ նրանցում չկար օդը մաքրելու հատուկ սարքավորում, որը հնարավորություն կտար խուսափել շմոլ և այլ գազերից: Բրիտանական ծովակալության հատուկ հրամանով բոլոր սուզանավերում պետք է հատուկ վանդակներում լինեին սպիտակ մկներ, որոնք կարողանում էին ժամանակին զգուշացնել անձնակազմին ածխաթթու գազի առկայության մասին:2004 թ. Լոնդոնի կենտրոնում, նշանավոր Հայդ պարկի մոտ, բացվում է յուրահատուկ հուշահամալիր՝ նվիրված պատերազմներում զոհված բոլոր կենդանիներին: Այնտեղ պատկերված են փղեր, արջեր, ձիեր, դելֆիններ, շներ, ուղտեր և այլ կենդանիներ:
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր
1. Թալիսման կատուները
3. Կապավոր շունը
4. Սերժանտ Ստաբին (Stubby)
5. Հերթական առաջադրանքը