Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ



Թերևս քչերը գիտեն, որ 2014 թ. լրացավ Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը: Օրինաչափն այն կլիներ, որ մեր հերոս հայրենակցին մեկ անգամ ևս հիշելու, հերոսներ ծնող մեր ժողովրդին փառաբանելու, հպարտանալու և բարձրացող սերնդին արիության և հայրենասիրության կոչելու այս առիթը օգտագործեին և՛ լրատվամիջոցները, և՛ մշակութային-քարոզչական օջախները, սակայն տարին ավարտվում է, և մեզ մնում է օգտվել պատեհ առիթից ու պատմել, թե ինչ նախաձեռնություններով է հանդես եկել պաշտպանության նախարարությունը մեր հերոս հայրենակցի հոբելյանի կապակցությամբ, և ինչպիսի միջոցառումներ են իրականացվել պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի գլխավորությամբ և անմիջական ջանքերով:

-Պարոն գեներալ-լեյտենանտ, նախ ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ հենց մեր գլխավորությամբ իրականացան Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները և՛ Կապանի Ծավ գյուղում, և՛ Արմավիրի Լուկաշին գյուղում, ապա և Նովոռոսիյսկում:

-Նովոռոսիյսկում Էդուարդ Ղազարյանի նախագահությամբ հիմնադրվել է «Հունան Ավետիսյանի անվան Հայրենական պատերազմի հուշարձանների վերականգնման հիմնադրամ», որի հայկական մասնաճյուղի ղեկավարը ես եմ: Բացի դրանից, ես մեր պատմության փառահեղ հերոսական էջերին, մեր սխրագործ հայրենակիցներին, որ դարում էլ նրանք ապրած լինեն, տեր կանգնելու և մեծարելու ջատագով եմ: Նրանք մեր ժողովրդի փառքն են ու յուրաքանչյուր հայի ազգային հպարտությունը: Իմ համոզմամբ` մենք մեծ բացթողում ունենք այդ ասպարեզում. մենք մոռանում ենք մեր մեծերին: Ուրիշ ազգեր հերոսներ են հնարում իրենց համար, հերոսական պատմություններ են հորինում, որ բարձրացնեն ազգի ոգին, որ ազգային հպարտություն ներշնչեն աճող սերնդին, արիացնեն, սխրանքի մղեն, իսկ մենք…

-Այնուամենայնիվ, պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և մեր գլխավորությամբ Հունան Ավետիսյանի ծննդյան հարյուրամյակը նշվեց և՛ նրա ծննդավայր Կապանի Ծավ գյուղում, և՛ Արմավիրի Լուկաշին գյուղում, որտեղ հերոսը ապրել է:

-Ծավ գյուղում մենք բարերար Հրաչյա Պողոսյանի և հիմնադրամի միջոցներով կանգնեցրինք Հունան Ավետիսյանի արձանը, դպրոցում տեղադրեցինք հերոսի կիսանդրին, դասարաններից մեկը անվանակոչեցինք Հունան Ավետիսյանի անունով և կահավորեցինք այն ակնկալիքով, որ հերոսի ծննդավայրում այսուհետև ավելի շոշափելի և սրտամոտ կլինի նրա ոգեղեն ներկայությունը: Հունան Ավետիսյանի կիսանդրին իր պատվավոր տեղը կունենա նաև Արմավիրի Լուկաշին գյուղի` հերոսի անունը կրող դպրոցում: Դպրոցի և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները մեծ խանդավառությամբ ընդունեցին մեր նվերը: Ե՛վ Ծավ գյուղում, և՛ Լուկաշինում տոնակատարությանը մասնակցում էին Հունան Ավետիսյանի թոռը և ծոռը, որը ծառայում է հայկական բանակում. զինվոր է:

-Հունան Ավետիսյանի` Նովոռոսիյսկի թիվ 14-րդ դպրոցում տեղադրված կիսանդրին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նվերն էր շրջանի բնակիչներին և դպրոցին: Դուք և Հայրենական պատերազմի վետերանների միության ներկայացուցիչները մասնակցել եք կիսանդրու բացման արարողությանը, շփվել տեղաբնակների հետ: Մարդիկ գիտե՞ն Հունան Ավետիսյանի մասին, հիշո՞ւմ են նրա սխրանքը, գնահատո՞ւմ են:

-Գիտեք` ռուսները երախտապարտ ժողովուրդ են և շատ բարձր են գնահատում ռուսական հողը պաշտպանելիս նահատակված օտարազգիներին: Նովոռոսիյսկում Հունան Ավետիսյանին բոլորն էլ ճանաչում են, սիրում ու մեծարում: Դուք պետք է տեսնեիք, թե ինչպիսի տոնի վերածվեց կիսանդրու տեղադրման արարողությունը: Եկել էին տեղական իշխանության ներկայացուցիչները, Հայրենական պատերազմի վետերաններ, զինվորականներ… Բոլորը խանդավառված էին` փուչիկներ, երգ, պար, համերգ, զինվորական պատվո համազարկեր, հրավառություն… Մենք դպրոցականների համար ցուցադրեցինք Հունան Ավետիսյանի մասին պատմող տեսաֆիլմ` ռուսերեն թարգմանությամբ: Եվ տեսաֆիլմը նվիրեցինք դպրոցին: Ես արիության դաս անցկացրի բարձր դասարանների աշակերտների հետ:

-Անցյալ տարի Խորհրդային Միության Հերոս Սուրիկ Առաքելյանի թոռը` գնդապետ Վազգեն Առաքելյանը, ռուսական կողմի հրավերով գնացել էր Անապայի Կուրբայսկի գյուղ` մասնակցելու իր պապի հիշատակին նվիրված հանդիսություններին: Նա նույնպես բացառիկ ընդունելության էր արժանացել և պատմում էր, որ տեղի բնակչությունը` փոքրից մեծ, անգիր գիտի Սուրեն Առաքելյանի կենսագրությունը:

-Կուրբայսկի գյուղում տեղադրված է Սուրեն Առաքելյանի հրաշալի արձանը: Մենք չէինք կարող չայցելել և հարգանքի տուրք չմատուցել մեր հայրենակցին: Մեր այցելությունը վերածվեց իսկական տոնի, տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում: Մենք արժանավայել ընդունելության ու պատվի արժանացանք` որպես ռուսական հողի համար նահատակված հերոսի հայրենակիցներ: Ի դեպ, ասեմ, որ Կուրբայսկի գյուղում գործում է Սուրեն Առաքելյանի թանգարանը:

Սուրեն Առաքելյանը կրկնել է Հունան Ավետիսյանի սխրանքը. կրծքով փակելով թշնամու կրակը և կյանքի ճանապարհ բացել մարտական ընկերների համար: Մենք նշեցինք ինչպես Սուրեն Առաքելյանի, այնպես էլ Խորհրդային Միության Հերոս Սուրեն Սարգսյանի ծննդյան տարեդարձները իրենց հարազատ գյուղերում` Տաթևում և Ոսկեվազում: Ես այցելեցի նաև Տուապսեի Գայտխ գյուղ, որտեղ մեկ ամսվա ընթացքում նահատակվել է հայկական 408-րդ դիվիզիայի 10.000 մարտիկ:

-Ես կարդացել եմ այդ մասին: Նրանք անհավասար պայքարում փակել են թշնամու մուտքը Կովկաս:

-Դուք պիտի լսեիք, թե ինչեր էր պատմում տեղի բնակչությունը 408-րդ հայկական դիվիզիայի մարտիկների հերոսության մասին: Պատմում էին տարեցները, նրանք, ովքեր իրենց աչքերով են տեսել այդ ամենը, պատմում էին երիտասարդները, որոնք լսել են այդ պատմությունները իրենց ավագներից: Տուապսեի մտավորականները նամակով դիմել էին «Հունան Ավետիսյանի անվան Հայրենական պատերազմի հուշարձանների վերականգնման հիմնադրամի» նախագահին` խնդրելով ինչ-որ կերպ հիշատակել հայկական 408-րդ դիվիզիայի սխրանքը: Մենք տեղական իշխանությունների հետ միասին ընտրեցինք հողատարածք, որտեղ կկանգնեցվի հերոսներին վայել հուշարձան, ու կամփոփվեն զոհված մարտիկների մասունքները:

-Պարոն գեներալ-լեյտենանտ, ես` որպես հայ մարդ, պիտի երախտագիտությունս հայտնեմ Ձեզ այս, իրոք, ազգանվեր գործի համար. Դուք մեզ եք վերադարձնում մեր կենսագրությունը, մեր պատմությունը:

-Դուք ճանաչո՞ւմ եք Խորհրդային Միության Հերոս Հրանտ Ավագյանին:

-Շատ կցկտուր… Եթե չեմ սխալվում, Շուշիից էր…

-Ծագումով Քարինտակ գյուղից է, ապրել է Բաքվում, այժմ ապրում է Կրասնոդարում:

-Ո՞ղջ է…

-Այո՛, ողջ է, այս տարի լրացավ նրա ծննդյան 90-ամյակը: Մենք այցելեցինք հերոսին: Ես փոխանցեցի մեր պաշտպանության նախարարի շնորհավորանքը, ծննդյան օրվա նվերը: Մեզ հետ էին տեղական իշխանության ներկայացուցիչները, պետդումայի պատգամավորներ, Ռուսաստանի Դաշնության Հերոս օդաչու, հայ համայնքի ներկայացուցիչներ: Մենք անմոռանալի տոն նվիրեցինք մեր հերոսին: Այնքան հուզիչ և վեհացնող հանդիպում էր: Իսկ Դուք գիտե՞ք, որ մենք Խորհրդային Միության ևս մեկ հերոս ունենք, որը ողջ է և ապրում է Սիմֆերոպոլում` գյումրեցի գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին: Դեկտեմբերի 23-ին լրանում է նրա 91-ամյակը: Ցավում եմ, որ մենք ազգովի չենք նշել մեր հերոսի 90-ամյակը: Մենք այս տարի կուղղենք բացթողումը և պաշտպանության նախարարի հանձնարարականով` մեծ շուքով կնշենք գեներալ-լեյտենանտ Ամատունու ծննդյան տարեդարձը: Խորհրդային Միության Հերոսը, թեեւ պատկառելի տարիքում է, բայց եւ ղեկավարում է «Ղրիմի պատերազմի վետերանների կոմիտեն»:

-Մուրազ Սարուխանի, վստահաբար ասենք, որ այսուհետև մենք է՛լ ավելի պատասխանատվությամբ կմեծարենք մեր ազգի հերոսներին: Սարսափելի կլինի մտածել, որ մի օր գալիք սերունդները աչքաթող կանեն, ասենք, Արցախյան պատերազմի հերոսներին: Մենք պիտի մեր օրինակով սովորեցնենք երիտասարդ սերնդին՝ տեր կանգնել սեփական պատմությանը և արժանին մատուցել ազգի մեծերին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


11/12/2014