Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԴՈՒ ՀԱՎԵՐԺ ԿԱՊՐԵՍ ՄԵՐ ՍՐՏԵՐԻ ՄԵՋ…»



Բանաստեղծ Վարդգես Խանոյանը 65 տարեկան է

Ծնվել է Վայոց ձորի Շատին գյուղում: Այժմ ապրում և ստեղծագործում է Ջերմուկ քաղաքում: Բանաստեղծական հինգ ժողովածուների հեղինակ է` սիրված մտավորական: Վայոց ձորի շեներում հայոց բանակ զորակոչվող և զորացրվող զինվորների հայրենական հարկի տակ միշտ հնչում են հայրենասեր մտավորականի բանաստեղծությունները, բարեմաղթանքներն ու ոգեշունչ խոսքերը:

«Հայ զինվոր» թերթի խմբագրակազմը առողջություն և երկար տարիների կյանք է մաղթում սիրված բանաստեղծին:

-«Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից` ինչպես մի մոլորակից». ֆրանսիացի գրող Էքզյուպերին է ասել: Դուք որտեղի՞ց եք գալիս, որտե՞ղ են Ձեր ակունքները:

-Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել են Վայոց ձորի մարզի լեռնային գեղատեսիլ շեներից մեկում` Շատին գյուղում: Իմ երգերից մեկում էլ խոստովանում եմ.

Ես լեռներից եմ գալիս

Մանկությանս ձայնն եմ`

Լեռան աղբյուրի պես ղողանջող…

Ես լեռներից եմ գալիս`

Նախահայրերիս ձայներն անմեռ

Իմ երակներում,

Առասպելվող դարերը`

Կոպերիս վրա…

Կյանքիս հաջորդ ու մշտական «կանգառը» Ջերմուկ քաղաքն է, ուր ապրում և աշխատում եմ արդեն քանի՜ տասնամյակ: Վայոց աշխարհի հրաշք բնությունը ինձ ներշնչանքի անմոռաց պահեր պարգևեց, և հոգումս ալեկոծվող զգացումներից երգեր ծնվեցին, որ պարբերաբար տպագրվում էին «Պիոներ կանչ» (այժմ` «Կանչ»), «Սովետական դպրոց» (այժմ` «Կրթություն»), «Ավանգարդ» և այլ պարբերականներում:

-Իսկ հետո լույս աշխարհ եկավ Ձեր առաջին գիրքը` «Արևի ձայնը», որը լավ արձագանք գտավ գրական և ընթերցողական շրջանակներում:

-«Արևի ձայն»-ին հաջորդեցին իմ բանաստեղծական մյուս ժողովածուները` հասցեագրված և՛ մեծերին («Թախծոտ ծառ»), և՛ երեխաներին («Հրաշալի քաղաքացին», «Արևի ճանապարհով»): Իմ այս գրքերի գլխավոր «հերոսը», եթե կարելի է այսպես ասել, բնությունն է, հայրենի բնաշխարհը` իրենց ակունք-արմատներին փարված մարդկանցով, հայրերի ավանդույթներին հավատարիմ սերունդներով:

-Բայց Ձեզ գիտեն նաև որպես ճանաչված հրապարակախոսի, որի գեղարվեստավավերագրական ակնարկների ու հոդվածների գլխավոր հերոսը հայ զինվորն է, հայրենի հողի ազատությանն իր կյանքը զոհաբերած քաջազուն զինվորը: Վկան՝ «Քաջերը մահ չունեն» ժողովածուն, որտեղ ամփոփված ակնարկները նվիրված են Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորցի հերոսներին:

-Այդ գիրքը իմ խոնարհումի ու անսահման սիրո արտահայտությունն է հայրենի եզերքի այն զավակների հանդեպ, ովքեր իրենց սխրանքներով անմահացան հայ ժողովրդի հիշողության մեջ: Մեր տարածաշրջանի շատ գյուղեր սահմանամերձ են, բնակիչների, այդ թվում` երեխաների հոգում հայրենասիրության կրակը պետք է թեժ պահել: Լավ եմ զգում, որ իմ «Քաջերը մահ չունեն» գիրքն ընթերցողներ ունի ոչ միայն դպրոցներում, այլև սահմանապահ զորամասերում: Մտադիր եմ նոր գիրք գրել վայոցձորցի մյուս ազատամարտիկների մասին:

-Ձեր բանաստեղծական աշխարհում նույնպես խնկարկվում են Հայոց ազատամարտի հերոսները: Ինձ հատկապես դուր է եկել «Ձոն փառքի» բանաստեղծությունը` նվիրված Արցախում հերոսաբար զոհված երիտասարդ բանաստեղծ Աղվան Մինասյանի հիշատակին: Նույնիսկ անգիր գիտեմ.

…Սյունյաց աշխարհի սերը քո սրտում,

Գրոհի ելար, նետվեցիր մարտի,

Որ Ղարաբաղը չմնա ցրտում,

Որ նրան ժպտա հաղթության արփին:

Փա՜ռք քո վաստակած սուրբ հիշատակին,

Դու հավերժ կապրես մեր սրտերի մեջ,

Որպես քաջության վառ խորհրդանիշ,

Եվ անմահության մի կանթեղ անշեջ…

-Սյունիքի Լծեն շենում ծնված բանաստեղծի երգերը հայրենախոս զգացումներից են հյուսված և իրենց լուսավոր ելևէջներով կշարունակեն տաղանդավոր գրողի կյանքի լեգենդը: Ոչ միայն անարգ թշնամու դեմ պայքարում զոհված, այլև կռվից հաղթանակով վերադարձած ու մեր կողքին ապրող ազատամարտիկներին մենք պետք է միշտ հիշենք, նրանց օրինակով դաստիարակենք նոր սերնդին:

-Եվ այսպես` ո՞վ է հայ զինվորը Վարդգես Խանոյան բանաստեղծի համար…

-Ինչո՞ւ միայն ինձ համար. հայ զինվորը բոլորիս համար հայրենիքին հավատարմորեն ծառայելու, հերոսության, թշնամուն խիզախորեն դիմագրավելու և հաղթելու խորհրդանիշ է:

Այդպիսին են եղել Ավարայրում, Սարդարապատում, Բաշ Ապարանում, հայրենական պատերազմում, ապա` Արցախում մարտնչած հայ զինվորները: Վերջին ամիսներին ևս ադրբեջանական ոճրագործների դեմ սահմանային ընդհարումներում մեր զինվորները հերոսության ու խիզախության նոր ապացույցներ տվեցին: Ի դեմ թշնամյաց, ի սեր հայրենյաց հայ զինվորին առաջնորդել են մեր ժողովրդի հերոս զավակները` Վարդան Մամիկոնյանից մինչև սպարապետ Վազգեն Սարգսյան…

-Անձամբ ճանաչե՞լ եք Վազգեն Սարգսյանին:

-Ցավոք՝ ո՛չ, թեև միշտ էլ հիացել եմ նրա հերոսական կերպարով և՛ որպես զորավար, և՛ որպես քաղաքական գործիչ, և՛ որպես տաղանդավոր գրող… Նրա գրքերը մշտապես իմ գրասեղանին են…

-Ի՞նչ եք կարծում` ե՞րբ են ծնվելու այն գեղարվեստական ստեղծագործությունները, որոնք, ըստ էության, կարտացոլեն մեր ժողովրդի դարավերջյան հերոսական պայքարը, Արցախյան ազատամարտի ոգեղեն պատկերը:

-Մեր մի շարք գրողներ այդպիսի հաջողված արձակ և չափածո գործեր արդեն ստեղծել են, բայց եղածը համարժեք չէ այն սխրանքներին, որ հայ զինվորը գործել է Արցախյան հերոսամարտում: Հավատում եմ, որ հայ գրողը նոր ու կատարյալ ստեղծագործություններով դեռևս «կհատուցի» իր պարտքը ազատամարտի հերոսներին…

-Շնորհակալություն, հարգելի Վարդգես Խանոյան, ստեղծագործական նոր հաջողություններ եմ Ձեզ մաղթում…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր


11/12/2014