ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Ձեր բանաստեղծություններն են բանաստեղծություններ, իմոնք կենդանի էակներ են:
ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տանյա Հովհաննիսյանի՝ հախուռն ու հանդուգն խառնվածքի տեր այս տաղանդավոր բանաստեղծուհու կյանքն ընդհատեց 88-ի երկրաշարժը՝ 40 տարեկան հասակում: Հիրավի, որքա՜ն կիսատ մնացած չափածո հատորներ կան հայ գրականության մեջ…
ԵՐԿՏՈՂ ՄԱՆԿԻԿԻՍ
Փոքրիկս, ճիշտն ասած, ես այսօր ժամանակին տուն չեմ գա,
մի տեղ կուշանամ – լավ ու սիրուն, ազատ ու անուշաբույր,
անփույթ ու անկաշկանդ, երանավետ ու անդրերկրային մի տեղ,
մի խելքից դուրս տեղ…
Թեեւ մայրերը կիրակի չունեն- ես այսօր ինքս պիտի տրվեմ
այդ կարմիր օրվան, ազատ կիրակիին, –
եւ ոտքերս ահա խելառ պիտի պարեն անհոգ դաշտի մեջ,
եւ թևերս են այսօր թիթեռներ անբեռ, եւ սիրտս է`
նորից աղջիկ,-
ցնդած երազում նոր սեր:
Թե քեզ ո՞վ պիտի խնամի այսօր- չգիտեմ,
ես ո՞ւմ հույսին եմ քեզ թողել- չգիտեմ,-
ես այսօր չպիտի շտապեմ, չպիտի խառնվեմ,
չպիտի հաց թխեմ- վազվզեմ, ջուր բերեմ- վազվզեմ,
չպիտի վշտանամ գունատ երեսիդ նայելով,
չպիտի տագնապեմ, մոլորվեմ, խճճվեմ, կորչեմ:
Այսօր ես պարտք ու պարտավորություն գցել եմ
ուսերիցս-
հարբեցողի պես կիրակի եմ անում:
Ո՞ւր եմ գցել, հենց այդ չգիտեմ-
տղաս, թե հայր չունես,- այս կիրակի մորիցդ էլ զուրկ մնա,
չեմ խռովում, եւ ի՞նչ վրեժ, կամ ի՞նչ մաղձոտություն ու թույն-
ինձ չէ վայել, կամ քեզ որբ չեմ ասում-
չէ, քավ լիցի- ծնվելուց հետո արդեն- ծնունդ առած մարդուն
որբ չեն ասի,
եւ այս էլ կա- ճիշտ է, այսօր կիրակի եմ անում,
բայց պայմանով` փորձի օր է այսօր` փորձի ու փորձության-
տեսնեմ- քեզ ով պիտի պահի, նայիր այսօր…
Տուն դառնամ, տեսնեմ- սովահար չես եղել,
գունատ երեսդ կարմիր է, կլոր,
տուն դառնամ, տեսնեմ,- առույգ ես, ժպտերես, ժիր,
երեխաների խմբի մեջ ես,-
քեզ չեն նայում` իբրեւ լքվածի ու որբի…
Օ, ես համոզված եմ, այսպես կլինի-
ես կիրակի կանեմ, իսկ դու չես կորսվի,-
ախ, փոքրիկս,- ես ո՞ւմ ասեմ խոսքը
շնորհակալության,
քամո՞ւն, ծառի՞ն ու օրվա՞ն,
քեզ ու հարեւան տատիկի՞ն, բարի քեռիների՞ն,
անցորդ մի աղջկա՞, դաշտի մեջ կարմիր մի կովի՞,
ուրիշ հայրիկների եւ պայծառաչվի ծիծեռնակի՞ն,
որ քեզ գուրգուրեցին, փայփայեցին- մինչեւ կիրակիս արի…
Ես այս էի ուզում տեսնել, տեսնել էի ուզում-
թե երբ չլինեմ, ինչպիսին է լինելու մարդկությունը այնժամ:
Օ~, ես պահել եմ խոսքը երախտիքի,
որ շուտով պիտի ասեմ:
Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում