Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՍԱՄԻՋՈՑԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ



Ավստրիայի Փոլթեն քաղաքի ուսուցիչ Ռոբերտ Կլիմենտը 1988թ. դեկտեմբերի 7-ին կործանիչ երկրաշարժից հետո առաջիններից մեկն էր, որ հասավ Լենինական, ականատես եղավ այն ամենին, ինչ կատարվել էր քաղաքում հաշված վայրկյանների ընթացքում: Վերադարձավ Ավստրիա եւ Վիեննայում հրատարակեց «Լենինականի մանուկները» վերնագրով գիրքը՝ քաղաքի երեխաների ճակատագրերի մասին:

Երկրաշարժից երեք տարի անց այդ գիրքը գերմաներենից թարգմանվեց և 1992թ. տպագրվեց հայերեն՝ «Դասամիջոցից առաջ և հետո» վերնագրով:

Երկրաշարժի մասին տասնյակ գրքեր են հրատարակվել, սակայն այս գիրքը առանձնանում է նրանով, որ ամբողջությամբ նվիրված է մանուկներին:

Մինչև դասամիջոցը մնացել էր ինը րոպե, և եթե այդ ինը րոպեները բոլորվեին, շատ դպրոցականներ կփրկվեին` դասամիջոցին բակ վազելով:

Աղետի գոտում վնասված 325 միջնակարգ, երաժշտական և գեղարվեստական դպրոցների և 245 մանկական հաստատությունների մեծ մասը գտնվում էին Լենինականում:

Ես լեռնափրկարար եմ, մասնակցել եմ 4 տասնյակից ավելի փրկարարական աշխատանքների Հայաստանում, Կովկասում, Պամիրում, Տյան Շանում և Ալպերում: Սակայն այն, ինչին ականատես եղա ու մասնակցեցի Սպիտակի և Լենինականի փրկարարական աշխատանքների ժամանակ, չէի ցանկանա վերհիշել…

Չնայած գիտության արդի զարգացմանը, դեռևս հնարավոր չէ կանխատեսել երկրաշարժի առաջացման տեղն ու ժամանակը, չկան կանխատեսման ժամանակակից արդյունավետ միջոցներ ու մեթոդներ, այնուհանդերձ, կան կանխատեսման եզակի հայտնի դեպքեր, որի շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել և կան դեպքեր, երբ սխալ կանխատեսման պատճառով մարդկանց մեջ խուճապ, իրարանցում է առաջացել:

Երկրաշարժերի կանխատեսման թեկուզ և այս փոքրաթիվ դեպքերը կարող էր լրացնել նաև «Սպիտակ-88» աղետալի երկրաշարժը, եթե չլիներ այդ բնագավառի հայ մասնագետների և պետական համակարգի որոշ գործիչների անպատասխանատվությունն ու անտարբերությունը: Երկրաշարժերի կանխատեսման մասին ամենատարբեր տեսակետներ գոյություն ունեն: Սակայն այս ամենի մեջ հետաքրքիր են ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահության արտահերթ նիստի նյութերը Շմիդտի անվան երկրաֆիզիկայի ինստիտուտի աշխատանքների մասին: Այդ ինստիտուտի գիտնականները 1986թ.-ին 295 օրինակով հրատարակված «Երկրաշարժի երկարաժամկետ կանխատեսում» խորագրով մեթոդական առաջադրույթներում սպասվող մոտակա ավերիչ երկրաշարժերի գոտի էին նշել Սպիտակ-Կիրովական-Լենինական եռանկյունին՝ 8 բալի սահմաններում: Գիտնականները պաշտպանական որոշակի միջոցառումների անցկացման մի ամբողջ շարք են նախատեսել և միջգերատեսչական կազմակերպություններում հաստատելուց հետո հանձնել Հայաստանի կառավարությանը: Բայց գերատեսչական ոչ մի առաջարկ չի իրականացվել հանրապետության կառավարության ու տեղական իշխանությունների կողմից: Այդ առիթով արդեն Երևանում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում ակադեմիկոս Գ. Մարչուկը նշել է, որ փաստորեն կանխատեսում է արվել հենց այդ տարածքի մասին, որտեղ և տեղի է ունեցել ավերիչ երկրաշաժը: Գիտական հետազոտությունների արդյունքների հրապարակման ու հասարակության սեփականությունը դարձնելու ընթացքը մեր հանրապետությունում (առհասարակ ԽՍՀՄ-ում) այնքան դանդաղ է ընթացել, որ դրանք, որպես կանոն, երբեք իրենց նպատակին չեն ծառայել: Եթե մի շարք գիտնականների աշխատանքները ժամանակին ընդհանրացվեին, ապա դեկտեմբերյան աղետի մասին հանրությունը նախապես ծանոթ կլիներ և ապա 25 հազար զոհեր ու 55 հազար աղետյալներ չէին լինի:

Այս ամենի ֆոնի վրա հետաքրքիր է Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Էմմա Նեսմեյանովիչի ելույթը: Նա 1988թ.-ին Տոմսկում տեղի ունեցած գիտաժողովի իր զեկուցման մեջ կանխատեսել էր Հայաստանում սպասվող երկրաշարժը, անգամ նշել, որ այն տեղի կունենա դեկտեմբերի 6-10-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում: Յալթայում ԽՍՀՄ աերոդինամիկայի 10-րդ խորհրդում նա զեկուցում է իր կատարած հետազոտությունների մասին: Սակայն նրա ասածներին կարևորություն չի տրվել, ավելին՝ նախատել են՝ խուճապ առաջացնող եզրակացությունների համար:

ԱՂՎԱՆ ՉԱՏԻՆՅԱՆ
Լեռնագնաց փրկարար պրոֆեսոր

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


11/12/2014