Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԸՆՏՐՈՎԻ ՄԱՐՄՆԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Այս շաբաթ մխրճվում եմ մի կնճռոտ հարցի մեջ, որը մտահոգում է աշխարհասփյուռ հայությանը. մեծ աղմուկ է առաջացել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի կողմից համացանցում տեղադրված խիստ քննադատական եւ կոշտ նամակից՝ ուղղված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հայաստանի եւ Սփյուռքի ղեկավարության տարբեր հեղինակավոր անձինք խնդրեցին ինձ մեկնաբանել այս բանավեճը՝ հուսալով հանդարտեցնել շիկացած մթնոլորտը: Ես համաձայնեցի ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ, թե իմ հոդվածը կլուծի բուն հարցը, այլ որպեսզի անդրադառնամ ավելի մեծ խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջեւ մեր պատմության այս ճակատագրական պահին:

Երուսաղեմի պատրիարքի ծավալուն նամակը երկու հատուկ բողոք է պարունակում. իր ըմբռնումը, որ անցյալ սեպտեմբերին Էջմիածնում կայացած ժողովում քննարկում է եղել Երուսաղեմի պատմական եւ ինքնավար պատրիարքարանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թեմի վերածելու վերաբերյալ: Երուսաղեմի պատրիարքարանը Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական չորս Աթոռներից մեկն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի հետ միասին: Պատրիարք Մանուկյանն իր նամակում նաեւ բողոքում է Գարեգին Բ-ի կողմից Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանական ժողովի խնդրանքով Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը մերժելու մասին:

Թեեւ Գարեգին Բ-ն ու նրա մի քանի արքեպիսկոպոսները կտրականապես ժխտում են, որ երբեւէ քննարկում է եղել Երուսաղեմի պատրիարքարանը թեմի վերածելու վերաբերյալ, սակայն սեպտեմբերին կայացած ժողովի որոշ մասնակիցներ այլ բան են հաղորդել: Ավելի քան մեկ տասնամյակ առաջ նման մի վեճ էր առաջացել Պոլսո Հայոց պատրիարքարանի առնչությամբ: Այն ժամանակ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը նույնպես զայրացած նամակ էր գրել Գարեգին Վեհափառին՝ դատապարտելով ցանկացած փորձ, որով Պոլսո պատրիարքարանի կարգավիճակը կիջեցվի Սուրբ Էջմիածնի թեմի մակարդակի:

Ի պատասխան Երուսաղեմի պատրիարքի նոյեմբերի 24-ի նամակի՝ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը դեկտեմբերի 1-ին հանդես եկավ հայտարարությամբ, որը հետեւեց Ամենայն Հայոց կաթողիկոսությանը մի քանի արքեպիսկոպոսների անհատական նամակներին՝ դատապարտելով պատրիարքի նամակի «անընդունելի» ոճը եւ «հորինված» բովանդակությունը: Նրանք նաեւ վրդովմունք հայտնեցին, որ պատրիարք Մանուկյանը ոչ թե մասնավոր նամակ է ուղարկել Գարեգին Բ Կաթողիկոսին, այլ այն տեղադրել է համացանցում: Պատրիարքն արդարացրել էր իր որոշումը՝ բացատրելով, որ Գարեգին Բ-ն չէր պատասխանել իր նախորդ նամակին: Տարօրինակ է, որ արքեպիսկոպոսները դատապարտում են Երուսաղեմի պատրիարքին՝ իր նամակը համացանցում տեղադրելու համար, սակայն նույն բանը իրենք են անում, ավելի հրապարակային դարձնելով պատրիարքի նամակը եւ հրահրելով բանավեճը:

Երուսաղեմի պատրիարքի նամակի շուրջ առաջացած վիճաբանությունը չպետք է դիտարկել որպես առանձին միջադեպ: Սա պարզապես հայ ժողովրդին պատուհասած շատ լուրջ, բայց անտեսված փորձությունների դրսեւորումներից ընդամենը մեկն է: Նման բարձրաստիճան մակարդակի առճակատումները միայն կբարդացնեն մեր առկա խնդիրները, ներառյալ՝ Հայաստանում եւ Սփյուռքում ղեկավարների հանդեպ ժողովրդի անվստահությունը, եկեղեցի հաճախելու նվազումը, համայնքային կազմակերպությունների անդամակցությունից հրաժարվելը, արտագաղթի պատճառ դարձած տնտեսական ճգնաժամը, Հայաստան-Սփյուռք տարաձայնությունները եւ Սփյուռքում մշակութային ինքնության թուլացումը: Այս ներքին թերությունները նվազեցնում են ժողովրդի կարողությունը, որպեսզի դիմակայի գոյատեւման խնդիրները, ինչպիսիք են՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Արցախյան հակամարտությունը, Թուրքիայից հայոց պահանջները, Սիրիայի հայկական համայնքի գոյատեւումը եւ Երուսաղեմի ու Պոլսո Հայոց պատրիարքարանների պահպանումը:

Այս լուրջ մարտահրավերները, որոնք կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյատեւման համար, չեն կարող լուծվել նամակագրական արշավներով: Համընդհանուր համակարգված ջանքեր են անհրաժեշտ համահայկական լուծումներ գտնելու համար:

Մի այդպիսի հնարավոր լուծում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան մարմնի ստեղծումը, որը կարող է իսկապես ներկայացնել յոթ միլիոն հայերին ամբողջ աշխարհում՝ Հայաստանից եւ Արցախից դուրս: Սփյուռքի այս ներկայացուցիչները, Հայաստանի եւ Արցախի ղեկավարության հետ միասին, կարող են հանդես գալ համայն հայության անունից: Ամեն անգամ, երբ ճգնաժամ առաջանա, այս եռյակը իրավասություն եւ կշիռ կունենա լուծելու բոլոր քաղաքական, եկեղեցական եւ սոցիալ-տնտեսական տարաձայնությունները հայերի միջեւ, ինչպես նաեւ ազգը պաշտպանելու արտաքին սպառնալիքներից:

Նման համաշխարհային ընտրովի կառույցի բացակայության պայմաններում, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առկա հանձնաժողովը պետք է վերակազմվի, որպեսզի հաջորդ տարվա ապրիլից հետո կարողանա համակարգել բոլոր կարեւորագույն հարցերը՝ Հայաստանի, Արցախի եւ խոշորագույն հայկական կազմակերպությունների ղեկավարների եւ որոշ երեւելի դեմքերի հետ միասին:

Բոլոր հայերի պարտքն է համախմբվել եւ լուծել իրենց վճռորոշ հարցերը, քանի դեռ ներքին տարաձայնություններն ու արտաքին վտանգները չեն սպառնա այս հինավուրց ժողովրդի գոյատեւմանը…

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Պատմության էջերից


11/12/2014