Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԹՈՒՅԼ ԼԻՆԵԼՈՒ»



Պատերազմի ամենածանր պահին իր հազարավոր հասակակիցների պես մի օր էլ Դավիթ Բաղդասարյանը դպրոցի փոխարեն խրամատ գնաց: Հրադադարից հետո էլ, երբ շատերն իրենց խաղաղ աշխատանքը, ոմանք էլ ուսումը շարունակելու նպատակով կախում էին զենքերը, պաշտպանության բանակի կազմավորման գործընթացը նոր թափ էր հավաքում: Սպաների թափուր հաստիքները համալրելու համար բազմափորձ գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանն ընտրել էր ամենակարճ և արդյունավետ ուղին՝ մարտական գործողությունների փորձ և հարուստ գիտելիքներ ունեցող երիտասարդների համար կազմակերպելով սպայական դասընթացներ: «Իվանյանի դպրոցը» հաջողությամբ ավարտածներն ընդունելի, գնահատված մասնագետներ էին բոլորի համար, որովհետև զորավարը ոչ մեկին հենց այնպես սպայական կոչման չէր ներկայացնում:

Երիտասարդ սպան առաջին պաշտոնն ստացավ երրորդ պաշտպանականում, հետո գործուղվեց սպայական բարձրագույն դասընթացներում սովորելու: Ավարտելուց հետո, որպես ավագ դասախոս, սկսեց հրետանու կիրառման գաղտնիքներն ուսուցանել ուրիշներին: Բայց շուտով վերադարձավ գործող բանակ և նշանակվեց միավորման հրետանային հետախուզության պետ: Ավելի ուշ նա տեղափոխվեց գնդապետ Գրիգորի Սահակյանի հրամանատարությամբ գործող հրետանային զորամաս և ստանձնեց դիվիզիոնի շտաբի պետի պաշտոնը:

Այժմ փոխգնդապետ Դավիթ Բաղդասարյանը դիվիզիոնի հրամանատարն է: Տարբեր համակարգերով սպառազինված այս դիվիզիոնը տարիներ շարունակ լավագույնն է խառը հրետանային զորամասի կազմում, և սպասվում է, որ ավարտվող ուսումնական տարում էլ մարտկոցները կվերահաստատեն իրենց բարձր մարտունակությունը: Համենայնդեպս մեր հանդիպման ժամանակ այդ կարծիքին էր դիվիզիոնի փորձառու հրամանատարը և իր լավատեսությունը հիմնավորում էր տեսական ու գործնական պարապմունքների, վարժանքների, զորավարժությունների ընթացքում կրակային խոցման բարձր արդյունքներով:

-Ես իմ զինվորական ծառայությունը, մարտական ուղին սկսել եմ որպես հակատանկային «Ֆագոտի» մասնագետ և գիտեմ, որ այդ զենքի ճիշտ գործածության դեպքում թշնամու զրահատեխնիկան առաջխաղացում չի կարող ունենալ: Այն փաստը, որ կապիտան Գ. Ղուկասյանի ղեկավարությամբ մարտկոցը միշտ հաղթում է բանակային բոլոր միջոցառումներում, մեզ չի հանգստացնում: Հաշվարկների հետ շատ ենք աշխատում ճիշտ նշանառության, հրթիռի կառավարման վրա, միաժամանակ տղաները պետք է լինեն լավ հրաձիգներ, ունենան անհրաժեշտ ֆիզպատրաստվածություն և լինեն նախաձեռնող, որպեսզի նաև ինքնուրույն որոշումներ ընդունեն անհրաժեշտության դեպքում: Այս տարվա առաջին ուսումնական փուլի ավարտական քննություններին տեսականից և գործնականից՝ մեքենավարում, կրակային, «լավ» գնահատականների արժանացան մարտկոցները: Մենք հաջողությամբ մասնակցեցինք նաև վերջերս տեղի ունեցած զորավարժությանը և կատարեցինք մեր առջև դրված մարտական խնդիրները: Այժմ էլ, տեխնիկական սպասարկում կատարելով, նախապատրաստվում ենք ամփոփիչ քննություններին: Որպես հրամանատար կարծում եմ, որ զինվորը պետք է իրեն ամրացված զենքից շատ կրակի, որովհետև վարպետությունը ձեռք է բերվում մշտական վարժանքների միջոցով: Որոշ զենքերից կրակում ենք վարժասարքերով և ներդիր փողով, որովհետև անիմաստ է հրթիռով այդքան շատ մարտական հրաձգություն կատարելը:

Դիվիզիոնի հրամանատարը նշեց, որ մարտունակության պահպանումն անձնակազմի համախմբված աշխատանքի արդյունք է, և դրվատանքի խոսքեր ասաց շտաբի պետ, մայոր Արթուր Պետրոսյանի, իր տեղակալ, մայոր Նորիկ Ավագիմյանի, կապիտան Կարեն Ավետիսյանի, ավագ սերժանտներ Էդգար Մանուկյանի, Վրեժ Սարգսյանի, Վահե Հարությունյանի, մասնագիտությամբ բժիշկ, այժմ բարձրակարգ հրետանավոր, սերժանտ Սերգեյ Մովսիսյանի, կրտսեր սերժանտ Հակոբ Հովհաննիսյանի, շարքային Դավիթ Բաղդասարյանի մասին:

-Մենք իրավունք չունենք թույլ լինելու, Արցախը մեզ պարտադրում է աշխատել գիշեր-ցերեկ: Կռիվը չի վերջացել, ես կռվի եմ պատրաստվում, որ դրանց մի լավ թխեմ,- մի պահ լռեց, հետո ատամները կրճտացնելով կրկնեց,- իմ թխածս պիտի թխած ինի:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ազգային բանակ


11/12/2014