Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԼՐԱԳՐՈՂԸ



Շարքային Կարեն Թորոսյանը դեռևս նախապատրաստական գումարտակի զինվոր է: Հիմնականում նա է պատրաստում պատի թերթը, գրում հոդվածներ, երգիծական մանրապատումներ, միջոցառումների ժամանակ հանդես գալիս զվարճալի ծրագրերով: Փոքր հասակից հրապուրվելով զինվորական ծառայությամբ, նա ուսումը շարունակել է «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում, որն ավարտելուց հետո լրագրություն է սովորել «Ֆես հաուս» միջազգային ուսումնական կենտրոնում, աշխատել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմկոմեդի» հումորային հաղորդաշարում:

-Կարենը լավ զինվոր է, առաջարկ կար նրան զինվորական երդումից հետո միանգամից ընդգրկել մարտական ստորաբաժանումում, բայց հրամանատարը՝ գնդապետ Էդուարդ Ասրյանը, չթույլատրեց, պարզաբանելով, որ զինվորական կոփվածքը, գիտելիքները, զենքին տիրապետելու հմտությունը դեռևս բավարար գործոններ չեն երիտասարդ զինվորին միանգամից առաջնագիծ տանելու համար: Նա պետք է խորությամբ ուսումնասիրի հերթապահություն կատարելու կարգը, ծանոթանա տեղանքին, հենակետերին, մի խոսքով, անհրաժեշտ փորձ կուտակի,- ասում է վաշտի հրամանար, կապիտան Արման Իսկանդարյանն ու կրկին նշում, թե ռազմամարզական վարժարանում սովորելն ինչ կարևոր նշանակություն է ունեցել երիտասարդ զինվորի ձևավորման գործում:

-«Արմկոմեդիում» աշխատած լրագրողը պետք է որ սուր դիտողականություն ունենա, տեսնի և ցույց տա զորամասի բացթողումները և նպաստի դրանց վերացմանը: Այդ ուղղությամբ դու ինչ-որ բան արե՞լ ես,- հարցնում եմ մեր երգիծաբան զինվորին:

-Այդ հարցում մեր զորամասը շատ «ժլատ» է, թերություններ նկատելու հնարավորություն չի տալիս: Տեսնելով, թե ինչպես են պարապմունքները հաջորդում իրար, կարող եմ ասել, որ գումարտակները մարտունակ են, պատրաստ մարտական գործողությունների, ճաշերը համեղ են ու սննդարար, զորամասի տարածքը միշտ մաքուր է, նշվում են բանակային և ազգային տոները, մեզ հաճախակի են հյուր գալիս երգի, պարի համույթները: Մենք քննադատում ենք ժարգոնային խոսակցությունը, պայքարում ենք փողոցային բարքերի դեմ: Գումարտակում կոպիտ արտահայտությունն արգելված է, եթե մեկն իրեն նման բան թույլ տա, կպատժվի արտահերթ վերակարգով:

-Անձամբ քեզ դո՞ւր է գալիս բանակը, զորամասը:

-Մինչ զորակոչվելս էլ շատ զորամասերում էի եղել, կարող եմ վստահորեն ասել, որ մեր պաշտպանականը տեսածներիս մեջ բոլորից լավն է, իսկ հրամանատարին, նրա արտահայտած յուրաքանչյուր մտքին անվերապահորեն հավատում եմ: Նրա խոսքի և գործի մեջ որևէ հակասություն չկա: Հենց դա է ոգևորողը

Ա. Ն.

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ազգային բանակ, Ճակատագրեր


11/12/2014