Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելել են «Լեռնային Հայաստան» առողջարան` ականատեսը լինելու զինհաշմանդամների մասնակցությամբ ընթացող սեղանի խաղերի մրցաշարի եզրափակիչ փուլին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամ ազատամարտիկների, զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց հարազատների հետ, ծանոթացել վերջիններիս խնդիրներին` վստահեցնելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-կենցաղային խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Դիմելով զինհաշմանդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ մարդ պետք է ոգով առողջ լինի և հենց այդ ոգին է, որ պատերազմի հետևանքով ֆիզիկական խնդիրներ ունեցողներին տոկուն է պահում: Չնայած ֆիզիկական խնդիրների առկայությանը` մարդը կարող է արարել ու պիտանի լինել հասարակությանը, և մեր երկիրն ամենից առաջ ոգով ու դատողությամբ առողջ այդպիսի մարդկանց կարիքն ունի:

Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված մրցաշարի ընթացքում զինհաշմանդամները 5 օր շարունակ մրցել են շախմատի, շաշկիի, նարդիի, բազկամարտի, լողի մրցաձևերում: Ընդհանուր առմամբ` մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորություններ ստեղծել և ինտեգրել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ:

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ «Լեռնային Հայաստան» առողջարանում կազմակերպված մրցաշարը եզրափակվել է մրցանակաբաշխության արարողությամբ, որի ընթացքում տարբեր մրցաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պաշտպանության նախարարը հանձնել է պատվոգրեր և դրամական պարգևներ:

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ազգային բանակ, Ճակատագրեր


11/12/2014