Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՕՐԲԵԼԻ. ԳԻՏՈՒԹՅԱՆ ՔՈՒՐՄԸ



«Ես շատ ուրախ եմ, որ իմ որդիները գնում են նյութապես անապահով
ճանապարհով` հանուն գիտության եւ այն ազգի, որի զավակներն են»:
ԱԲԳԱՐ ՕՐԲԵԼԻ

Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, հռչակավոր Էրմիտաժի երկարամյա տնօրեն, աշխարհաճանաչ գիտնական-արևելագետ Հովսեփ Օրբելու գիտական և քաղաքացիական սխրանքը վաղուց քրեստոմատիական արժեք է ձեռք բերել: Նա հայ ժողովրդին և աշխարհին պարգևեց հնագիտական, աղբյուրագիտական, բարբառագիտական մնայուն աշխատանքներ:

Հովսեփ Օրբելին ապրեց ու ստեղծագործեց զինվորի նման: «Ոչ միայն խրամատում, այլև գիտության մեջ հրետանավորի պես պետք է կյանքդ զոհաբերես բարձունքը պահելու համար». ակադեմիկոս Օրբելին ապրեց ու ստեղծագործեց հենց այս նշանաբանով:

Ժամանակակիցները նրա ստեղծագործական և քաղաքացիական համարձակությունը հաճախ համեմատել են խելահեղության հետ և նրան պատվել «Մարդ փոթորիկ» մականունով:

Հայտնի է, որ 1932 թվականին, ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողովրդական կոմիսարիատը երկրի տնտեսական կարիքները հոգալու համար որոշում է ընդունում արտասահմանյան սակարաններում վաճառքի հանել Էրմիտաժում պահվող հնագիտական գանձերը: Երբ արդեն վաճառքի ենթակա ցուցանմուշների նախապես պատրաստված ու հաստատված ցուցակով Էրմիտաժ են մտնում կոմիսարները, նրանց դիմավորում է Հովսեփ Օրբելին. «Միայն իմ դիակի վրայով,- գոռում է Օրբելին, որն այդ ժամանակ գլխավորում էր Էրմիտաժի արևելքի բաժինը:- Դուք ինձ կարող եք հենց այստեղ գնդակահարել, բայց քանի դեռ ես ողջ եմ, թույլ չեմ տա տանեք: Իսկ հիմա դուրս եկեք այստեղից, որ մենք օդանցքները բացենք, քանզի ձեր նման մարդկանցից սմբակների հոտ է տարածվում թանգարանում»:

Խոշորագույն գիտնականի քաղաքացիական աննկուն կեցվածքի մասին պատմող լեգենդները շատ են: Անհավանական է, բայց փաստ՝ «Ժողովուրդների հայր» Ստալինը ի պատասխան Օրբելու խիստ նամակի, որին ահ ու դողով էին սպասում Էրմիտաժի աշխատակիցները, գրում է. «Ամեն ինչ թողնել Իոսիֆ Օրբելու հայեցողությանը…»: Հայտնի փաստ է նաև, որ ստալինյան բռնությունների ամենադաժան տարիներից մեկում, երբ հետապնդումների ալիքը գագաթնակետին էր հասել, ամենակարող ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը թանգարանի տնօրենից պահանջում է ներկայացնել ազնվական ծագում ունեցող Էրմիտաժի աշխատակիցների ցուցակը: Օրբելին անհապաղ կազմում է ցուցակը և ուղարկում անհրաժեշտ հասցեով: Ցուցակի առաջին համարը զբաղեցնում էր «Հովսեփ Օրբելի» անունը: Ասում են այդ դեպքից հետո այլևս հանգիստ են թողնում Էրմիտաժն ու նրա տնօրենին: Իսկ Օրբելին հենց ազնվական ծագում ուներ. Օրբելիները սերում էին հին հայկական` Օրբելյանների իշխանական տոհմից: Իշխանական ծագում ուներ նաև նրա մայրը` Վարվառա Արղության-Երկայնաբազուկը:

Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին պրեզիդենտի, գիտնականի, մտավորականի և քաղաքացու կերպարը թերևս ամբողջացնի նրա անմնացորդ ծառայությունը իր երկրին Հայրենական պատերազմի տարիներին: Նա պատերազմի հենց առաջին ժամերին կազմակերպում և Էրմիտաժից տարհանում է աշխարհի մշակութային ժառանգությանը պատկանող մոտ քառասուն ամենաթանկարժեք գանձերը, այդ թվում` Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Տիցիանի, Ռեմբրանդտի վրձնին պատկանող կտավները… Օրբելին իր աշխատատեղը չի լքում քաղաքի պաշարման ամբողջ ընթացքում:

Խորհրդանշական է, որ հենց հայ ժողովրդի զավակին է ճակատագիրը հնարավորություն տալիս Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո՝ 1946 թվականին, որպես Խորհրդային մեղադրող կողմի վկա, մասնակցել Նյուրենբերգյան դատավարությանը, որտեղ դատում էին պատերազմի հանցագործներին:

«Բարձրանալով ամբիոն,- այդ օրվա մասին գրել է «Պրավդան»,- Օրբելին ներկայանում է. «Հովսեփ Օրբելի, ԽՍՀՄ քաղաքացի: Կանչվել եմ որպես վկա և երդվում եմ դատարանին ասել միայն ճշմարտությունը այն ամենի մասին, ինչ ինձ հայտնի է»:

Եվ Օրբելու հայացքը, սահելով մեղադրվողների նստարանով, կանգ է առնում Գյորինգի վրա. չէ՞ որ նրա հրամանով էր իրագործվել Լենինգրադի պաշարման և ռմբակոծման ծրագիրը:

-Ասացեք խնդրեմ, վկա,- լսվում է խորհրդային երկիրը ներկայացնող մեղադրող կողմի ձայնը,- ի՞նչ պաշտոն եք դուք զբաղեցնում:

-Էրմիտաժ պետական թանգարանի տնօրենն եմ:

-Ինչ գիտական կոչումներ ունեք:

-Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Խորհրդային Միության Հնագիտության ինստիտուտի իսկական անդամ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, Իրանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, Լոնդոնի հնագիտության ինստիտուտի անդամ, ԱՄՆ հնագիտության և արվեստի ինստիտուտի անդամ-խորհրդական…

-Որտե՞ղ եք գտնվել քաղաքի պաշարման ժամանակ:

-Լենինգրադո՛ւմ:

-Տեղեկություններ ունե՞ք քաղաքի պաշարման ընթացքում մշակութային հուշարձանների ոչնչացման մասին:

-Այո՛, ունեմ:

-Ի՞նչ կարղ եք ներկայացնել դատարանին:

«Պրավդան» կգրի. «Օրբելին ելույթ ունեցավ ոչ թե վկայի, այլ դատախազի նման»: Եվ Օրբելին սկսում է միայն փաստերով խոսել, մանրամասն թվարկելով, թե երբ, քանի հատ, ինչ տեսակի ռումբ և արկ է ընկել Էրմիտաժ թանգարանի, քաղաքի և շրջակա քաղաքների պատմական և արվեստի հուշարձանների վրա, և ինչ ավերածություններ են արվել. «Ինձ և իմ աշխատակիցների համար ակնհայտ էր, որ գերմանական հրետանին նպատակային արկեր էր արձակում թանգարանի շենքի վրա` առավել չափով մշակութային արժեքները ոչնչացնելու համար»:

Պատերազմի գլխավոր հանցագործների շահերը ներկայացնող պաշտպանական կողմը հակադարձում է.

-Իսկ վկայի գիտելիքները հրետանուց բավարա՞ր են, որպեսզի հրետանային նպատակային կրակոցները զանազանի պարզապես կրակոցներից:

-Ես երբեք հրետանու հետ գործ չեմ ունեցել և հրետանավոր չեմ,- պատասխանում է Օրբելին,- սակայն զանազանելու համար, որ երեսունից ավելի արկ է ընկել Էրմիտաժի շենքի վրա, իսկ ոչ մի արկ հարևան կամրջի վրա, այդքանով ես ինձ հրետանավոր եմ համարում»:

Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Հոգևոր-մշակութային


18/12/2014