Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿ ՀԱՅՈՑ



Մեր բանակն է սա՝
Ելած պատմության էջերից հայոց,
Եվ Տիգրան Մեծի ձեռքի հպումով՝
Ընկած առջեւից իր ժողովրդի,
Տանում է նոր դար
Կանթեղն հինավուրց՝
Հայոց սահմանը իր լույսով հսկող։

Ընկել-ելել է եւ ցրիվ եկել,
Բայց հավաքվել է ու տվել ցրիվ
Գնդերը օտար,
Հայոց կանթեղը հանել է երկինք,
Որ մենք գագաթը տեսնենք լեռների
Եվ լույսը տեսնենք աչքերում
Հանգած մեր մեռելների։

Մեր բանակն է սա,
Չի՜ ծնվել նորից,
Այլ ծնվել է նոր։

Մեր անցագիրն է՝
Նոր դարը տանող
Կամ անձնագիրն է
Իր ժողովրդի,
Որը չէ արդեն
Հիսուս Քրիստոս,
Իր խաչը ուսին,
Չէ այն քարկոծյալ
Աստծո որդին,
Այլ աջը ուսին,
Պաճուճյալ, օծյալ…
Մեր երգն է գողթան
Եվ Կոմիտասի։

Բանակը արդեն հասակ է առել
Եվ մեր աստծուն կրկին արարել,
Տվել է նա մեզ,
Ո՛չ հանյալ ի խաչ,
Այլ միշտ զորավոր,
Միշտ կարող մի աջ։

Քսանմեկերո՜րդ…
Քսանից հետո…
Ախ, քսանը այդ՝
Կոտորած, Դեր-Զոր, Ադանայի ողբ,
Փշրված մի խոփ,
Չկար տեսիլը անգամ բանակի,
Տեսիլն էր մահու
Եվ կրկնակի։

Գնամ հանդիպման,
Թե զինվոր տեսնեմ՝
Բանակն եմ տեսնում,
Թե զինակոչյա՜լ,
Բանակը կրկին,
Ասես մանկանը
Մարիամի գրկին,
Կոչված ո՛չ խաչի,
Ո՛չ կախաղանի,
Այլ իր երգերով
Արժանի զվարթ
Մեր տաղարանին։

Դու, բանակ հայոց,
Իմ ազգակոչյալ,
Իմ ասքակոչյալ…
Չես հրամայում,
Կատարում ես լոկ,
Սատարում ես լոկ։
Հողն է ուսերիդ
Եվ լեռն Արարատ,
Որձաքարերը
Հայոց լեռնարմատ։

Դու բանակն ես մեր՝
Հաղթությամբ օծված,
Որպես տառերի
Գունդը մաշտոցյան։

Մեր ժողովրդի
Կոչն է քեզ այլ,
Հեռու դարերի
Դու զինակոչյալ։

ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Հոգևոր-մշակութային


18/12/2014