Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏԱՐԱԳԸ



Արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր Գրիգոր Ջանիկյանը 70 տարեկան է: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում հավաքվել էին հոբելյարի գրչակից ընկերները, Արցախյան ազատամարտիկ-զինվորներ, սիրելի մտավորականի հարազատներն ու բազմաթիվ երկրպագուներ: «Հայ ծնվելը Երջանկություն է, հայ ապրելը` Պարտավորություն, հայ մեռնելը` Անմահություն»,- ասում է Գրիգոր Ջանիկյանը: Եվ այս տարիների ընթացքում հեղինակի տպագրած 40-ից ավել գրքերն ու երևի նույնքան էլ թարգմանությունները այս խոսքերի վկայություններն են: Այս գրքերը նվիրված են հայոց ցեղասպանությանը, հայոց ազատագրական պայքարին, Արցախյան ազատամարտին: Թվարկենք դրանցից մի քանիսը` «Այսպես են ծնվում լեգենդները», «Ալեհեր լեռն ու իր թոռները», «Նամակներ լուսահոգի մորս Արևմտահայաստանից», «Մահապարտները», «Հաղթազենները», «Դարի դեմքը», «Ջոկատը, որը կոչվում էր Մեծն Մուրադ»:

«Հայ զինվոր» թերթի ողջ խմբագրակազմը սրտանց շնորհավորում է սիրելի գրողին, և ուզում ենք հպարտությամբ ասել, որ Գրիգոր Ջանիկյանի դերը անուրանալի է նաև ռազմական լրագրության մեջ: Ինչպես չհպարտանալ Գրիգոր Ջանիկյանով, որը երիտասարդի ավյունով մշտապես հայրենի սահմաններում էր` զինվորի հետ, զինվորի կողքին: Նա ոտքով անցել է ողջ Հայաստանի և Արցախի սահմաններով: Նրա ամեն մի տողում հայոց սահմաններին կանգնած զինվորի ու ազատամարտիկի շունչն ու ոգին է, հայրենի բնության սերը: Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով:

Հոբելյանական երեկոյին սիրելի գրողը պարգևատրվեց Գրողների միության, Մշակույթի նախարարության, ԵԿՄ վարչության մեդալներով:

Ներկայացնում ենք Գրիգոր Ջանիկյանի «Հաղթանակի պատարագը» հոդվածը մասնակի կրճատումներով:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

…Ջոկատը, ի հիշատակ հրամանատարի ավագ հորեղբոր՝ սասունցի ֆիդայի Աղաջանի՝ «Աղջե» կոչեցին։

1988-ի ուշ աշնանը հրամանատարին՝ 54-ամա Աշոտ Սարուխանյանին, ում կամավորականները կրտսեր հարազատի անմիջականությամբ Աշոտ քեռի կամ էլ ուղղակի Քեռի էին կոչում, մտահոգում էր ոչ այնքան ցանկացողների թվաքանակը, որքան զինելը, հանդերձավորելը։ Վերջը, քանի որ հնարավորությունները սահմանափակ էին, ամեն մեկն իր գլխի ճարը տեսավ։ Մի մասը որսորդական հրացան հայթայթեց, մյուսը` հրաձգարաններից խնդրեց, մերժվելու դեպքում բռնագրավեց, իսկ Սուրեն Ֆրինջիբաշյանը՝ մարտական անունով քեռի Թելմանը, քանի որ բանակում հրետանավոր էր եղել, տարբեր զորամասերի դուրս գրած երեք զրահամեքենայից սեփական տանկ հավաքեց։ Մարտընկերները չէին հավատում, որ կկրակի, անգամ տեղից կշարժվի, բայց քեռի Թելմանը դրանով ազատագրեց Շուշին, ամբողջ Արցախը, հետո հաղթական կանգնեցրեց Ստեփանակերտում։ Ավելի ճիշտ՝ պահ տվեց։

– Եթե պատերազմը վերսկսվի, ես նույն տանկով եմ կռվելու ու էլի հաղթելու եմ,- մինչեւ հիմա հավատացնում է նա։

«Աղջե»-ն ըստ էության երկրապահների ջոկատ էր, որն ահազանգ ստանալուն պես հասնում էր Վայք, Զանգեզուր, Տավուշ, ավարառուներին վանում էր սահմանից, վերադառնում։ Առաջին մարտական առաջադրանքը նրանք 1990 թվականին Վազգեն Սարգսյանից ստացան։ Սպարապետը հանձնարարեց շտապ Շամշադին հասնել, սանձարձակ դարձած բաշիբոզուկների հետ հաշվեհարդար տեսնել։ Այն էլ այնպես, որ հեռվից անգամ չհամարձակվեն Հայաստանի կողմը նայել,- բառացիորեն ավելացրել էր նա։

«Աղջե» ջոկատի երկրապահները, հատկապես քեռի Թելմանը, ճիշտ հասկացան, անթերի կատարեցին այդ հանձնարարությունը, ու հենց վերադարձան, Արցախ ուղեւորվելու հրահանգ ստացան։ Իսկ Արցախում իսկական պատերազմ էր։ Մեկնելու նախորդ գիշերը հրամանատարը Նոր Արեշի բաղնիքի ներքնահարկում, որն իրենց շտաբն էր դարձել, ռազմական խորհրդի նիստ հրավիրեց։ Նա չթաքցրեց մտահոգությունը։ Ավետիք Հայրապետյանը վեց երեխա ուներ, Գեւորգ Ղազարյանը` երեք, Սուրեն Ֆրինջիբաշյանի կինը հղի էր։

– Ես ձեր վիճակը շատ լավ հասկանում ու որեւէ մեկին չեմ պարտադրում,- ասաց նա,- մի ամբողջ գիշեր ժամանակ ունեք։ Մտածեք, ինքներդ որոշեք։ Ինքնակամ։

Հաջորդ առավոտ ամբողջ ջոկատը ժամանակից շատ շուտ էր հավաքվել զորակայանում։ Ամենք ոք մտածել էր, որ եթե փոքր-ինչ ուշանա, մյուսների մտքում, եթե չխոստովանանեն էլ, կասկած կառաջանա։

Արցախում պատերազմը, իհարկե, պատերազմ էր, բայց ոչ այնպիսին, ինչպիսին իրենք պատկերացնում, եւ նույնիսկ, թաքցնելու բան չէր, տագնապում էին։ Թշնամին, որը անհամեմատ լավ էր զինված եւ անընդհատ համալրում էր ստանում, չգիտես ինչու խուսափում էր ճակատամարտերից, դարան էր մտնում, ազատամարտիկների փոքրաթիվ խմբերի շրջափակում, անսպասելի գրոհով դաժան հաշվեհարդար էր տեսնում։ Ահա այդպիսի դավերից մեկին զոհ գնաց իրենց մարտընկերը՝ Գառնիկ Գրիգորյանը, ում մարմինն անգամ երկար ժամանակ հնարավոր չեղավ գտնել։

Գիշերը անտառում «Աղջե»-ի կամավորականները խմբվել էին առկայծող խարույկի շուրջը, աշխատում էին չհիշել, թե քանի օր հաց չեն կերել, ժամապահները մի դեռահաս տղայի բերեցին։

– Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում,- Աշոտ քեռին խոսելու տրամադրություն չուներ։

– Չճանաչեցի՞ք… Գառնիկ Գրիգորյանի տղան եմ։

Փաթաթվեցին, համբուրվեցին։

– Ինչի՞ ես ռազմադաշտ հասել, տղա ջան, հենց մարմինը գտնենք, կբերենք։

– Ես պապայիս մարմինը տանելու չեմ եկել, եկել եմ կռվելու։

Հրամանատարը նախ զարմացավ, հետո կասկածով հարցրեց.

– Քանի՞ տարեկան ես որ…

– Տասնութ։

– Չե՞ս խաբում։

– Չէ՛։

Տղան ստացավ հոր զենքը, «Աղջե» ջոկատին միացավ։ Շատ ժամանակ անց միայն, երբ շտաբում վկայականի համար փաստաթղթերն էին պահանջել, պարզվել էր, որ անձնագիր չունի, տասնվեցն էլ չի լրացել։

Աշոտ քեռին ներքուստ, իհարկե, վրդովվեց, բայց չարտահայտվեց։ Ո՜նց հանդիմաներ՝ երկու որդիները՝ Արամն ու Սարուխանն էլ էին իր ջոկատում կռվում, մեկ-մեկ վիրավորվում, բայց մարտադաշտը չէին թողնում։ Նույնը Ավետիք Հայրապետյանի տանը մնացած միակ տղան՝ Պարույրը, հոր՝ Արցախ ուղեւորվելուց հետո սեղանին երկտող էր թողել, փախել։ Հայրն անգամ չգիտեր, ո՞ր ջոկատում, որտե՞ղ է կռվում, ո՞ղջ է, թե՞… Ավետիքն ու Պարույրը իրար տարիներ անց, այն էլ պատահաբար, զինվորական հիվանդանոցում հանդիպեցին։ Հայրը ապաքինվեց, իսկ որդին ցմահ երկրորդ կարգի հաշմանդամ մնաց։

…Աշոտ քեռին ամեն օր ներկայանում էր գլխավոր շտաբ, հուսախաբ հետ վերադառնում։ Հարձակման հրամանն ուշանում էր։ Մի օր էլ Կոմանդոսն անձամբ կանչեց իրեն, կարճ ու կտրուկ հրահանգեց.

– Պատրաստվեք մարտի։

Իրենք ամբողջ գիշերը անքուն անցկացրին, լույսը չբացված զորակայանից դուրս եկան։ Միայն քեռի Թելմանին հրամայեցին առաջանալ, իր տանկով Աշոտ Ղուլյանի գլխավոր գրոհային ուժերին միանալ։ Նման պահին բաժանվելը մարտընկերները ճակատագրական էին համարում, բայց տանկիստը կատակում, սրա-նրա ուսին թփթփացնում էր.

– Ի՜նչ եք քթներդ կախել, քիչ հետո վերեւում՝ Շուշիի բերդում կհանդիպենք։

Այն բերդում, որը վաղ առավոտյան, մութուլուսին, չափազանց մոտ, միաժամանակ անհասանելի էր թվում։ «Աղջե»-ն Հայաստանի ու Արցախի մյուս ջոկատների հետ համատեղ սկսեց վերելքը։ Կարեւորը հնարավորին չափ արագ, աննկատ բերդապարսպի մատույցներին մոտենալն էր։ Քեռի Թելմանը հեռվից, զրահամեքենայով, ասես մրցում էր մարտընկերների հետ, առաջանում էր գլխավոր խճուղով, ու որքան հրետակոծությունը սաստկանում էր, այնքան արագացնում էր ընթացքը։ Երբ հասան հին գերեզմանատանը, ըստ նախնական հրահանգի, «Աղջե» ջոկատի 27 կամավորականները երկու մասի բաժանվեցին, շարժվեցին տարբեր ուղղություններով։ Հենց այդ պահին էլ գնդակից զոհվել էր ջոկատի ավագը՝ Հրանտը, որի մարմինը օրեր անց պատահաբար պիտի գտնեին, հողին հանձնեին Ստեփանակերտում, ինքնությունը պարզելուց հետո՝ Երեւանում։ Այդ պատճառով նա շիրմաթումբ ունեցավ թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում։

«Աղջե»-ի գրոհայինները իրենց ավագի ընկնելը չէին նկատել, նրանք միաժամանակ կրակում ու մագլցում էին, զգում էին, որ հապաղման ամեն ակնթարթը կարող է վճռորոշ լինել։ Չնայած, երբ վերջին ոլորանը հաղթահարեցին ու քաղաք մտան, զարմանալիորեն, դիմադրող ուժերի չհանդիպեցին։ Օդում հռնդյունով պտտվում, հեռանում էին թշնամու ռմբակոծիչները, որոնք, ամենայն հավանականությամբ, արկերի պաշարն արդեն սպառել էին։

Քեռի Թելմանը հետեւակայիններից շուտ Շուշի մտավ։ Նա զրահամեքենան քշեց ուղիղ բանտ ու մետաղե դարպասները խորտակելով` կանգ առավ վարչական մասնաշենքի առաջ։ Ներսում զինվորական պաշտոնյաներ կային, չգիտես ինչու մնացել էին։ Բացեցին չհրկիզվող պահարանները.

– Վերցրեք ինչ ուզում եք, դուք հաղթել եք։

Քեռի Թելմանը որպես ռազմավար միայն բանտի կնիքը դրեց գրպանն ու բանալիները պահանջեց։ Նա արագ- արագ հարկից հարկ էր անցնում, հերթով մետաղե դռները բացում։ Խուցերը դատարկ էին։ Հայտնվեցին Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, Կամո Դանիելյանը, արցախցի այն մյուս ազատամարտիկները, որոնց ոչ այնքան վաղուց խոշտանգել, կտտանքների էին ենթարկել նույն բանտում, ու քեռի Թելմանը շտապեց կատարել իր մյուս պարտականությունը։ Ավելի ճիշտ՝ ուխտը։ Նա Երեւանից հետը այնքան մոմ էր վերցրել, որքան մտերիմ զինընկերներ էր կորցրել Արցախում ու որոշել էր ազատագրելուն պես վառել Ամենափրկիչ եկեղեցում։ Այնտեղ էլ հանդիպեց իր ջոկատի մարտընկերներին։ Ողջագուրվեցին։

– Բա որ ասում էի շուտով Շուշիում կհանդիպե՞նք։

Ադրբեջանցիները մայր տաճարը զինապահեստի էին վերածել, պատերին մահմեդական զինանշաններ, հայհոյանքներ էին խզմզել, խորանը պղծել էին։

Թեմի առաջնորդը՝ Պարգեւ սրբազանը, ազատագրված եկեղեցում առաջին պատարագն էր մատուցում, թե գոհաբանական աղոթք մրմնջում, քեռի Թելմանը կողք կողքի վառում էր բերած մոմերը, իսկ «Աղջե»-ի կամավորականները արցախցի, հայաստանցի մարտընկերների հետ եկեղեցու գավթում ուս ուսի բռնած քոչարի էին պարում…

Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Բանակ և հասարակություն


18/12/2014