Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԵԼԻ ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ



Դատապարտելի է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային մատների արանքով նայելը կամ մի քանի խնդիրներ քոլեջներում ռազմահայրենասիրական դաստիարակության բացթողումների մասին

Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ուսանողներն այլևս հաճույքով են մասնակցում նախնական զինվորական պատրաստության դասերին. բանն այն է, որ նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի անմիջական ջանքերով վերանորոգված դասարանը ոչ միայն հարմարավետ է, այլև հրապուրիչ: Պաշտպանության նախարարությունն իր հերթին հոգացել է դասարանի նյութատեխնիկական ապահովումն ու կահավորումը:

-Իմ անելիքները շատ են,- ասում է զինղեկ, լեյտենանտ Արմինե Կարապետյանը, -նախազորակոչային տարիքի պատանիներին պատրաստել զինվորական ծառայության, պարզաբանել զինված ուժերի խնդիրները, առանձնահատկություններն ու նշանակությունը, ծանոթացնել հայոց բանակի պատմական ավանդույթներին, զորամասերի մարտական ուղուն, առօրյային, կենցաղին, զենքին եւ ռազմական տեխնիկային, զինվորական երդմանն ու այլ արարողակարգերի, համազորային կանոնադրությունների դրույթներին, ձեւավորել երիտասարդ սերնդի` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, զինվորական պարտքն անմնացորդ նվիրումով կատարելու գիտակցումը, հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ավանդույթների նկատմամբ հարգալից վերաբերմունք արմատավորել, դաստիարակել ֆիզիկապես եւ բարոյապես առողջ, բազմակողմանի զարգացած երիտասարդներ:

Համաձայնեք, որ, իրոք, դժվարին, բայց ավելի քան անհրաժեշտ խնդիր է դրված երիտասարդ զինղեկի փխրուն ուսերին, որը, սակայն, նա սիրով ու պատվով է գլուխ բերում: Ցավոք, երևանյան ոչ բոլոր քոլեջներում է ռազմահայրենասիրական դաստիարակության դասը արդյունավետ կազմակերպվում և պատշաճ մակարդակով դասավանդվում: Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի կարծիքով՝ որոշ քոլեջներում այս առարկան ուղղակի աչքաթող է արվում: Պատճառներից մեկն էլ, ըստ գեներալի, լսարանների աղքատիկ կահավորանքն է, ցուցադրական նյութերի և վարժական սարքերի բացակայությունը, ուսումնական զենքի պակասը: Ինչ խոսք, մեծ բացթողում է, եթե նկատի ունենանք, որ այդ քոլեջներից յուրաքանչյուրում սովորում են չորս հարյուրից ավելի զորակոչիկ երիտասարդներ:

Պարզից էլ պարզ է, որ միայն պաշտպանության նախարարության ուժերով էական առաջընթաց չի արձանագրվի.

-Մենք մեր ազգի բնորոշ գծերից մեկն ենք համարում միասնությունը, – տխուր մտորում է ծերունազարդ գեներալը,- բայց, ցավոք, ես այդ համախմբվածությունը քիչ եմ տեսնում: Մենք ազգովի պետք է մտածենք մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության մասին և միայն պաշտպանության նախարության վրա չդնենք մեր հույսը, եթե իսկապես սիրում ենք մեր երկիրն ու մտածում ենք նրա վաղվա անվտանգության մասին: Ավելին, նույնիսկ թերանում ենք փոքր բաներում, որոնք նյութական կամ ֆինանսական խնդիրների հետ կապված չեն: Դպրոցներից օրինակ բերեմ. ինչո՞ւ է թույլ տնօրեն-զինղեկ կարևոր օղակի համագործակցությունը: Քննարկումների ես հրավիրում, բայց ոչ բոլոր տնօրեններն ու զինղեկներն են ներկայանում: Յուրաքանչյուրը մի արդարացում գտնում է, մատների արանքով են նայում այս կարևոր գործին: Ուրեմն պետք է ավելի պահանջկոտ լինենք, խստացնենք հսկողությունը: «Մենամարտ» վարժասարք ենք հատկացնում կրթական հաստատություններին, բայց արի ու տես, որ նպատակային չեն օգտագործում: Եթե երիտասարդը ավտոմատից կրակել չկարողանա, ո՞նց ենք երկիրը պաշտպանելու:

Գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանը ավարտելով ասելիքը եւս մեկ անգամ շեշտեց ռազմահայրենասիրական դաստիարակության կարեւորումը եւ հավելեց.

-Գյուղերից մեկի դպրոցում էի վերջերս: Աշակերտներին հարցնում եմ՝ ո՞վ է Մոնթեն, ո՞վ է Վազգեն Սարգսյանը, 18 հոգուց մեկն էլ չպատասխանեց… Այդ գյուղը չորս զոհ է տվել Արցախյան պատերազմի ժամանակ… Ուրեմն այնտեղ մոռացել են հերոսների… Ուրեմն պետք է հաճախ հանդիպումներ կազմակերպել ազատամարտիկների հետ: Զինղեկներին եմ դիմում՝ հրավիրեք նրանց, որ իսկապես կռվել են, էն հասարակ զինվորներին հրավիրեք, սուսուփուս ապրողներին, ոչ թե կուրծք ծեծողներին… Պարզապես մի քիչ սրտացավություն, գիտակցված մտահոգություն է պետք ՆԶՊ առարկայի դրվածքը բարելավելու համար: Պետք է դատապարտել «ՆԶՊ առարկայի դասերին հաճախելիությունը այնքան էլ պարտադիր չէ» արմատացած մոտեցումը: Մենք ուրիշ ճանապարհ չունենք:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


18/12/2014