Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՍԱԿԱՆԻՑ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆԻՆ



Ավարտական քննություններից հետո ուսումնական զորամասերի կուրսանտները կհամալրեն ՀՀ ԶՈՒ կրտսեր հրամանատարական կազմը

Մեկ շաբաթից զինված ուժերի զորամասերի սերժանտական կազմը կհամալրվի նորեկներով: ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` ամառային ուսումնական փուլի շրջանակներում գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարության տակ գտնվող զորամասում դեկտեմբերի 8-13-ը անցկացվեցին կրտսեր հրամանատարական կազմի ուսուցման դասընթացներ, ամփոփվեցին քննությունների արդյունքները:

Սերժանտական ուսումնական հավաքի ընթացքում ապագա կրտսեր հրամանատարները տարբեր առարկաներ են սովորում` տեսական և գործնական: Քննությունները բարեհաջող հանձնելուց և կոչում ստանալուց հետո արդեն այլ զորամասերում ստանձնում են ենթակա անձնակազմի անմիջական ղեկավարումը: Բնական է, որ մեծ է ուսումնական գործընթացը կազմակերպող անձնակազմի պատասխանատվությունը. եթե ամփոփիչ քննությունների ժամանակ կուրսանտը թեկուզև մեկ առարկայից անբավարար գնահատական ստանա, ապա չի դառնա կրտսեր հրամանատար:

Հատկապես դժվար է տվյալ զորամասի ջոկերի հրամանատարների գործը, քանի որ նրանք իրենց հերթին պատրաստում են ապագա ջոկի հրամանատարներ, և այստեղ կարևոր է ոչ միայն համապատասխան գիտելիքների և փորձի փոխանցումը, այլ նաև սեփական օրինակը: Ուսումնական ջոկի հրամանատարը պարտավոր է յուրաքանչյուր կուրսանտի հետ աշխատել անհատապես, ինչը հնարավորություն կտա ապագա սերժանտներին ոչ միայն հմտանալու ջոկի անմիջական ղեկավարման մեջ, այլև անհրաժեշտության պարագայում իրականացնելու դասակի հրամանատարի պարտականությունները և համակարգելու թե՛ ջոկի հրամանատարի, թե՛ մեխանիկ-վարորդի և թե՛ նշանառու-օպերատորի պարտականությունները:

Դասընթացներում պատրաստում են տարբեր մասնագետներ` տանկի, ՀՄՄ-ի, հրաձգային ջոկի հրամանատարներ և այլն: Յուրաքանչյուր առանձին դեպքում ուսուցումը կազմակերպվում է հաշվի առնելով տվյալ մասնագիտացմանը անհրաժեշտ առանձնահատկությունները: Ամենից առաջ կուրսանտի հետ անցկացվում են անհատական զրույցներ. հենց սկզբից նրան հոգեբանորեն նախապատրաստում են անձնակազմ ղեկավարելու դժվարին գործին: Մի շարք տեսական դասընթացներից հետո սկսվում է գործնական շրջանը: Բացի հրաձգարանում անցկացվող կրակային, մարտավարական պատրաստության պարապմունքներից, կուրսանտները հնարավորություն ունեն իրենց վարպետությունը հղկելու նաև վարժասարքերով, ինչն էականորեն նպաստում է բարձր արդյունքների հասնելուն: Թե ինչ արդյունավետությամբ են անցկացվում համապատասխան միջոցառումները, լավագույնս ցույց են տալիս ամփոփիչ քննությունները: Բնականաբար, դրանք անցնում են լարված մթնոլորտում, յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն արդյունք գրանցել:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Վրեժ Հովհաննիսյանի գնահատմամբ` ընդհանուր առմամբ կրտսեր հրամանատարական հավաքներն անցել են կազմակերպված, լավ արդունքներ են արձանագրվել թե՛ անցած տարիների համեմատ եւ թե՛ ընդհանրապես:

-Բնական է, որ քննությունների ժամանակ նկատվել են նաև թերություներ, սակայն քննության արդյունքներն այնուամենայնիվ բարձր էին, հավաքի ընթացքում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձր էր, ոչ մի արտառոց դեպք չի արձանագրվել, կանոնադրական խախտում` ևս: Քննությունները հաջող հանձնած կուրսանտներին կտրվի տասնօրյա արձակուրդ, որից հետո նրանք կվերադառնան զորամաս` վիճակահանությամբ մշտական տեղակայման զորամասեր բաշխվելու նպատակով, -տեղեկացրեց նա:

Կուրսանտների ֆիզպատրաստության մասին խոսեց զորամասի ֆիզիկական պատրաստվածության և սպորտի պետ կապիտան Արտակ Գրիգորյանը: Նա նկատեց, որ մեծ ուշադրություն է դարձվում, թե որ դպրոցն են ավարտել զինծառայողները, ինչ աստիճանի վրա է նրանց ֆիզպատրաստությունը: Սպան նշեց նաև, որ իրենք գոհ են քննություններին մասնակցած կուրսանտների ֆիզիկական ունակության մակարդակից. «Մեզ համար խիստ կարևոր է, որ ապագա կրտսեր հրամանատարը կոփված լինի և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես»:

Շարահրապարակի տարբեր հատվածներում տարբեր քննություններ էին անցկացվում` շարային, մասնագիտական, ֆիզիկական պատրաստության: Նկատելի էր, որ որոշ դեպքերում կուրսանտների գործողությունները այնքան էլ վարժ չէին, աչքի էին զարնում որոշակի թերացումներ, գործողություններում պակասում էր վստահությունը: Նման հուզումնալի հոգեվիճակը ապագա հրամանատարների համար բնական է: Բանակային առաջին քննությունից հետո տղաները իրենց ավելի վստահ կզգան և արդեն իսկ կգործեն առավել վարժ ու հստակ՝ մշտական տեղակայման զորամասերում: Քննությունների արդյունքների վերջնական ամփոփումից և մասնագիտական խոր վերլուծությունից հետո միայն պարզ կլինի, թե որքանով է նպատակային անցկացվել ուսումնական գործընթացը, որ օղակն է ավելի ճիշտ և գրագետ օգտագործել համապատասխան միջոցներն ու հնարավորությունները մարտունակ մասնագետ կադրեր պատրաստելու համար:

Բ. ՄՈՎՍԻՍՅԱՆ
Լեյտենանտ

Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/12/2014