ՉԴՈՂԱՑՈՂ ԲԱԶՈՒԿ… ՉԼՌՈՂ ԶԵՆՔ…
Բացվեց «Արիության համար» մեդալի ասպետ, հետախույզ Սարգիս Մովսիսյանի հուշաքարը
Սարգիս Մովսիսյանը զոհվեց օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու դիվերսիոն հարձակմանը դիմակայելու ժամանակ: Հերոսի հուշաքարի շուրջ հավաքվել էին Արմավիրի մարզի ողջ Մայիսյան համայնքը, Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Անանյանը, դպրոցի կոլեկտիվը, մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի «Պատանի երկրապահ» կառույցի սաները, ԵԿՄ և զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, հյուրեր տարբեր համայնքներից:
Հետախուզական ջոկի հրամանատար Սարգսի մասին հուշեր պատմեցին նրա ընկերներն ու համադասարանցիները:
– Մեր փոքրիկ ափաչափ գյուղը ալեկոծվեց Արցախյան պատերազմի լուրից,- ասաց հերոսի դասղեկ, երկարամյա մանկավարժ Մարիա Բաղդիշյանը:- Գյուղի երիտասարդությունը մի մարդու պես ոտքի կանգնեց և մեկնեց հայրենիքի վտանգված սահմանները պաշտպանելու: Նրանցից վեցը չվերադարձան: Գյուղի կենտրոնում նրանց անմահ հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցվեց: Հուշարձան, որի մոտ Սարգիսը բազմիցս հայրենասիրության դասեր է առել: Եվ գուցե այդ դասերի շնորհիվ է նաև, որ Սարգիսը չերկնչեց և իրենց դիրքերին մոտեցող դավադիր ելուզակներին դիմակայեց հերոսաբար ու հերոսաբար էլ զոհվեց մերձամարտում: Անգամ ծանր վիրավոր ու արնաքամ՝ նրա բազուկը չդողաց և զենքը չլռեց:
Այնուհետև դպրոցի բակում վեր խոյացած հուշաքարը օծելու և օրհնելու համար խոսքը տրվեց Արմավիրի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս տեր Սիոն Անանյանին:
Հուշ-ցերեկույթի ավարտին միջոցառման նախաձեռնողներին, կազմակերպիչներին ու աջակցողներին երախտիքի խոսք ասաց Սարգսի հորեղբայրը՝ Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը:
Մերօրյա հերոսների ծննդավայրերում, նրանց հիշատակը հավերժացնող հուշաքարերի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Արմավիրի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարության և ՀՀ երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ և աջակցությամբ: Այդ ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 9-ին Սարդարապատ համայնքում տեղադրվել է հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված Արարատ Խանոյանի հուշաքարը, իսկ 19-ին` Ջանֆիդա համայնքում կտեղադրվի հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ զոհված մարզի երրորդ հերոսի՝ լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հուշաքարը:
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն