Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԽՆԴՐԻ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ



Գնդապետ Է. Ասրյանը հրամանատարական երիտասարդ սերնդի այն ներկայացուցիչներից է, ով անմնացորդ նվիրումով և մեծ պատասխանատվությամբ է կատարում իր պարտականությունները` իր նպաստը բերելով մեր պաշտպանական համակարգի ամրացմանը, զարգացմանն ու կատարելագործմանը:

«Հայ զինվորի» հյուրասրահում զորամասի հրամանատար, գնդապետ Է. Ասրյանն է:

-Պարոն գնդապետ, ինչպիսի՞ն է իրավիճակը առաջնագծի Ձեր հրամանատարությամբ գործող զորամասի պահպանությանը վստահված հատվածում:

-Ներկա դրությամբ կայուն է, իրավիճակը օպերատիվորեն վերահսկվում է: Հակառակորդը զգում է՝ եթե ինքը փորձի ինչ-որ խնդիր կատարել, ապա կստանա դրա քառապատիկը, հնգապատիկը… Հակառակորդի սադրանքի ցանկացած փորձ, անգամ մեկ կրակոց իր համարժեք պատասխանը ստանում է:

-Ամեն դեպքում լարվածություն կա:

-Երբեք չես կարող ասել, որ առաջնագծում լարվածություն չկա: Եթե 30, 40, 50 մետրի վրա` դեմառդեմ հակառակորդն է, ուրեմն լարվածություն կա, ուղղակի մեր զորքերը իրավիճակը վերահսկում են լիարժեքորեն: Եվ վերահսկում ենք մեր դիրքապահ զինվորների փայլուն մարտական ծառայության շնորհիվ: Ես միշտ էլ ասել եմ և համոզված եմ, և հենց այս վերջին՝ ռազմական տեսանկյունից փայլուն իրականացված գործողություններն էլ դրա վառ ապացույցն են, որ հայ զինվորը պատրաստ է ցանկացած խնդրի և առաջադրանքի կատարմանը:

-Ի՞նչ հաճախականությամբ եք լինում առաջնագծում: Այս հարցը սահմանապահ զորամասերի բոլոր հրամանատարներին եմ ես տալիս, քանզի առաջնագծում հրամանատարի ներկայությունն արդեն իսկ բավական է, որ դիրքապահ զինվորը ոգևորվի, գոտեպնդվի…

-Եթե ոչ ամեն օր, ապա օրումեջ կամ երկու օրը մեկ պարտադիր առաջնագծում եմ: Որ օրն էլ չեմ հասցնում, ապա իմ տեղակալներն են այցելում: Մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Ալավերդյանը, ԱՀՏԱ գծով տեղակալը` նրանք գրեթե ամեն օր առաջնագծում են, անհրաժեշտության դեպքում՝ մյուս տեղակալները նույնպես: Երբ զենքը վերցնում, խրամատում զինվորի կողքին կանգնում ես, մեկ-մեկ էլ հետը ճաշում, նա ավելի է գոտեպնդվում ու քաջալերվում, վստահությամբ, հավատով է լցվում իր ուժերի ու կարողությունների նկատմամբ: Առհասարակ, հրամանատարի ներկայությունը զորամասային ցանկացած օղակում դրական ներգործություն և ազդեցություն է ունենում զինվորի հոգեբանության վրա:

-Վերջին անգամ ե՞րբ եք ճաշել զինվորների հետ:

-Երեկ և այն էլ երկու անգամ` նախաճաշին և ընթրիքին: Իմ զինվորները գիտեն, որ հրամանատարը գալու է ճաշարան և իրենց հետ հաց է ուտելու: Սա արդեն ՊԲ-ում ձևավորված ավանդույթ է: Վերադաս հրամանատարությունն էլ է այդպես պահանջում: Կլինի գումարտակի թե զորամասի հրամանատար, ցանկալի է, որ նա մերթընդմերթ նաև ճաշի սեղանի շուրջ շփվի իր զինվորների հետ:

-Պատահե՞լ է, որ Ամանորի գիշերը առաջնագծում զինվորների հետ անցկացնեք:

-(Ժպտում է): 2013 թվականի Ամանորի գիշերը ընտանիքիս հետ առաջնագծում եմ անցկացրել, մինչև առավոտյան ժամը 2-ը հասցրել եմ լինել մի քանի մարտական հենակետերում: Տղաս էլ, աղջիկս էլ շատ էին ոգևորվել, երբ իմացան, որ Նոր տարին առաջնագծում` դիրքապահ զինվորների հետ ենք անցկացնելու: Երեխաներիս ոգևորությունը փոխանցվել էր նաև կնոջս: Անմոռանալի օր անցկացրինք… Հաջորդ օրը, չեմ հիշում՝ ինչ առիթով, երբ որդուս` Աշոտին հարցրի` «ի՞նչ մասնագիտություն ես ընտրելու», պատասխանեց՝ «Զինվոր ու բժիշկ»:

-Պարոն հրամանատար, պետական սահմանը պաշտպանելիս հերոսաբար զոհված հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան Զորիկ Գևորգյանի ու նույն վաշտի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի, հետախուզական ջոկի հրամանատար, սերժանտ Սարգիս Մովսիսյանի սխրանքը հավերժ կհիշվի… Ի՞նչ կապ, շփումներ կան նրանց ընտանիքների հետ:

-Որպեսզի դուք ավելի լավ պատկերացնեք, թե փոխադարձ շփումները մեր հերոսների ընտանիքների հետ ինչ հարթության վրա են, մի փոքրիկ դիպված կպատմեմ: Մայիսի 20-ին հերթական արձակուրդում էի: Կնոջս հետ որոշեցինք հենց այդ օրն էլ այցելել մեր զոհված հերոսներից Արմեն Հովհաննիսյանի ընտանիքին: Առավոտյան ժամը տասին արդեն Արմենենց տան մոտ էինք: Ձեռքս տարա, որ դռան զանգը տամ, հեռախոսիս զանգ եկավ: Մի պահ անակնկալի եկա, անելիքը չիմացողի նման շփոթվեցի, քանի որ զանգողը պաշտպանության նախարարն էր: Բարևեց, որպիսությունս հարցրեց, հետաքրքրվեց ծառայության ընթացքով… Եվ երբ ասացի, որ սերժանտ Արմեն Հովհաննիսյանենց տան շեմին եմ, նախարարը նախ ողջունեց քայլս, ապա եւ շնորհավորեց ծննդյանս օրը:

Մեր այցը անակնկալի բերեց Արմենի մայրիկին` տիկին Մարինեին: Նստեցինք, զրուցում էինք, իսկ այդ ընթացքում հեռախոսիս վրա անընդհատ զանգեր էին գալիս: Ես էլ, քաղաքավարությունից դրդված, կարճում էի խոսակցությունը, շշուկով շնորհակալություն հայտնում և անջատում: Եվ այսպես՝ մի քանի անգամ… Այս ամենը չվրիպեց հերոսի մոր ուշադրությունից: Եվ երբ նա հետաքրքրվեց, թե ինչ է պատահել, որ այսքան շատ են զանգում, կինս ասաց, որ այսօր Էդվարդի ծննդյան տարեդարձն է, տիկին Մարինեն անմիջապես զանգեց ամուսնուն և տուն կանչեց: Մինչ ամուսինը կգար, սեղանն արդեն պատրաստ էր: Շատ չանցած եկավ մեր հերոսի հայրը, ու ինչպես իմ հարազատ օջախում, այնպես էլ իմ հերոս զինվորի տանը նշեցինք ծննդյան օրս: Հուզմունքս դժվարությամբ էի զսպում: Այ քեզ ընդունելություն: Այդ օրը զոհված զինվորի ծնողների մարդկային բացառիկ և հոգեցունց վերաբերմունքի շնորհիվ ես եւ կինս անմոռանալի պահեր ապրեցինք: Կնոջս հետ որոշել ենք հաջորդ այցը կատարել Վանաձոր, մեր մյուս հերոսի` 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, կապիտան Զորիկ Գևորգյանի, «Արիության համար» մեդալի ասպետ սերժանտ Սարգիս Մովսիսյանի հայրական օջախներ…

-Ինչպե՞ս եք խրախուսում ծառայության ժամանակ աչքի ընկած զինծառայողներին:

-Արժանացնում ենք զորամասի մարտական դրոշի մոտ լուսանկարվելու պատվին, շնորհակալական նամակ ենք ուղարկում բնակության վայր, լրացուցիչ արձակուրդ ենք տալիս, պատվոգրերով, արժեքավոր նվերներով ու գերատեսչական կրծքանշաններով ենք պարգևատրում: Լինում է նաև այնպես, որ զինվորին շնորհում ենք արտահերթ զինվորական կոչում, ինչպես վերջերս հետախուզական վաշտի սերժանտ Թովմաս Թովմասյանին. մարտական դիրքերում ինժեներական աշխատանքների կատարման ընթացքում իրեն գերազանց դրսևորելու համար նրան շնորհվեց ավագ սերժանտի արտահերթ զինվորական կոչում: Հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ դրսևորած սխրանքի համար էլ բուժկետի վարորդ-սանիտար, շարքային Գարիկ Հակոբյանը պարգևատրվել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով:

-Զորամասն ինչպե՞ս սկսեց ուսումնական տարին:

-Ուսումնական փուլի մեկնարկին զորամաս այցելեց ՊԲ հրամանատարը: Նա նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորեց զորամասի անձնակազմին` մեկ անգամ ևս ընդգծելով ու կարևորելով զորամասի առջև դրված խնդիրների լիարժեք և ճշգրիտ կատարման անհրաժեշտությունը: Նախարարն առանձնահատուկ կարևորեց ծառայության ողջ ընթացքում զինվորական բարձր կարգապահությանը խստագույնս հետևելու և զինվորական կանոնադրության բոլոր պահանջները անվերապահորեն կատարելու անհրաժեշտությունը: Այս պահի դրությամբ ներդաշնակման փուլերը շարունակվում են: Վաշտի ներդաշնակման փուլը ավարտեցինք լավ` անցկացնելով մարտավարական զորավարժություններ, գիշերային պայմաններում ցուցադրել ենք մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն: Ձմեռային ժամանակի նախապատրաստական աշխատանքները կատարված են, արդեն իսկ 2014թ. առաջին զորակոչի զինծառայողներին ամբողջովին ապահովել ենք ձմեռային հանդերձանքով, տեխնիկայի փոխադրման աշխատանքները նույնպես բարեհաջող ավարտեցինք: Զորամասը լիարժեքորեն պատրաստ է ձմռանը և առաջադրվելիք խնդիրների կատարմանը:

Ահա այսպիսի խոսքերով եզրափակեց իր ասելիքը հրամանատարը և ասաց վճռական, անբեկանելի շեշտով:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/12/2014