ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԱՐԶԻԿԻ ՆՎԱՃՈՒՄԸ
Տարեվերջյան մարզական միջազգային մրցաշարերից հայ մարզասերների համար ամենից տպավորիչն ու հիշարժանը թերևս Չեխիայի Օստրավա քաղաքում կայացած «Karate Euro Grand Prix-2014» մրցաշարն է, որի ընթացքում գերազանց ելույթներ ունեցան կարատեիստներ Սերյոժա Մակարյանը և ԲԿՄԱ սան Էդգար Մինասյանը:
Օրերս բանակի կենտրոնական մարզական ակումբի սանը իր անձնական մարզչի` ՀՀ կարատեի ազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի գլխավոր մարզիչ Արման Մակյանի հետ հյուրընկալվեց «Հայ զինվոր»-ի խմբագրատանը:
Հայաստանում կարատեի տասնյակ ոճեր կան, իսկ «Սյորին րյուն», որը թարգմանաբար նշանակում է «փոքրիկ անտառ», ոչ միայն ծագող արևի երկրում, այլև աշխարհում մեծ մասսայականություն վայելող մարզաձև է, որի սաները բացառապես մարզվում են աշխարհի կարատեի ֆեդերացիայի օրենքներով: Աշխարհի կարատեի ֆեդերացիան «WKF» աշխարհում ՄՕԿ-ի կազմում ընդգրկված կարատեի միակ կազմակերպությունն է, որին անդամակցում է աշխարհի 188 երկիր: Պատմության մեջ առաջին անգամ 2015թ. այս մարզաձևից կանցկացվեն եվրոպական օլիմպիական խաղեր, որին մեր կարատեիստները մասնակցելու իրավունք ձեռք կբերեն բացառապես 2015թ. մարտի 19-22-ը Ստամբուլում կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ մրցանակային տեղեր գրավելու դեպքում:
-Ես ամենևին չեմ կասկածում, որ մեր մարզիկները իրավունք կվաստակեն մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպայի կարատեի օլիմպիադային,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Մակյանը:
Անդրադառնալով Չեխիայում տասնվեց երկրների կարատեիստների մասնակցությամբ անցկացված տարեվերջյան միջազգային խոշոր մրցաշարում իր երկու սանի` շարքային Էդգար Մինասյանի և Սերյոժա Մակարյանի ելույթներին, նա ասաց.
-Երկուսն էլ գերազանց ելույթներ ունեցան: Էդգարն ու Սերյոժան իրենց քաշային կարգերում դարձան հաղթողներ, իսկ բացարձակ քաշային կարգում` OPEN-ում Էդգարը նվաճեց բրոնզե, Սերյոժա Մակարյանը՝ ոսկե մեդալ:
2013 թվականին ԲԿՄԱ սան Էդգար Մինասյանը 16-17 տարեկանների կարատեի համաշխարհային դասակարգման աղյուսակի իր քաշային կարգում զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը: Ի դեպ, մի ուշագրավ մանրամասն 2014թ. հունվարին Դուբայ քաղաքում անցկացված մրցաշարից, որին իրենց ներկայությամբ պատվել էին Դուբայի շեյխն ու աշխարհի կարատեի ֆեդերացիայի նախագահ իսպանացի Անտոնիո Էսպինոզան: Երբ Էդգարը եզրափակչում գեղեցիկ ու տպավորիչ ոճով հաղթում է իր հեղինակավոր մրցակցին` աշխարհի չեմպիոն եգիպտացի Իսմայիլ Ալիին, հայկական կարատեի պատմության մեջ առաջին անգամ բարձրացվում է մեր եռագույնն ու հնչում հիմնը: Այդ ողջ ընթացքում լեփ-լեցուն դահլիճը, Դուբայի շեյխն ու Անտոնիո Էսպինոզան հոտընկայս ծափահարում են մեր մարզիկին:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Մարզաշխարհ