ՄԵԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈՔՐԻԿ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հռոմի կայսր Ներոնը լոգանք էր ընդունում ձկներով լի լոգարանում: Դրանք սովորական ձկներ չէին. նրանք էլեկտրական լիցքեր էին արձակում, եւ կայսրը այդ կերպ բուժում էր իր ռեւմատիզմը:
♦♦♦
Իվան Գրոզնին առավոտյան եւ երեկոյան անձամբ էր զարկում Ալեքսանդրովյան ավանի գլխավոր զանգերը: Ասում են` այդպես նա փորձում էր մեղմել իր հոգեկան տվայտանքները:
♦♦♦
Անգլիացի նշանավոր մաթեմատիկոս, աստղագետ եւ ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը մի անգամ խաշել էր գրպանի ժամացույցը` ձեռքում պահելով ձուն եւ ուշադիր նայելով դրան:
♦♦♦
Ֆրանսիացի փիլիսոփա-լուսավորիչ Վոլտերը օրական 50 գավաթ սուրճ էր խմում:
♦♦♦
Ամերիկյան գիտնական եւ լուսավորիչ Բենջամին Ֆրանքլինը աշխատանքի անցնելուց առաջ պանրի մեծ պաշար էր դնում կողքը:
♦♦♦
Մեծ զորավար Ալեքսանդր Սուվորովը հայտնի էր իր տարօրինակ արարքներով: Նա պառկում էր քնելու երեկոյան ժամը վեցին եւ արթնանում գիշերվա երկուսին: Ընդ որում, նա միշտ քնում էր խոտի դեզի վրա: Արթնանալով` նա սառը ջուր էր լցնում վրան եւ բարձրաձայն «ծուղրուղու» էր կանչում: Գրոհի հրաման էր նա արձակում դարձյալ իր սիրելի «ծուղրուղու»-ով: Զորավարը նախընտրում էր հին սապոգներ կրել եւ բարձրաստիճան հյուրերին կարող էր դիմավորել ներքնազգեստով ու գիշերային թասակով:
♦♦♦
Ալեքսանդր Սուվորովը շատ էր սիրում ամուսնացնել իր ճորտերին: Ընդ որում` նա միանգամայն յուրօրինակ սկզբունքով էր առաջնորդվում. շարք էր կանգնեցնում նրանց, ընտրում հասակով իրար համապատասխանող զույգին ու պսակում` ամեն անգամ` առնվազն 20 զույգի:
♦♦♦
Գերմանացի գրող Յոհան Գյոթեն աշխատում էր միմիայն հերմետիկ փակ սենյակում, որտեղ թարմ օդ չէր թափանցում:
♦♦♦
Գերմանացի երգահան Լյուդվիգ վան Բեթհովենը մշտապես չսափրված էր, քանի որ կարծում էր, թե սափրվելը խոչընդոտում է ստեղծագործական ոգեշնչմանը: Մինչ ստեղծագործելը` Բեթհովենը գլխին մի դույլ սառը ջուր էր լցնում, ինչը, իր կարծիքով, խթանում էր ուղեղի աշխատանքը:
♦♦♦
Անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը ծայրաստիճան նյարդայնանում էր, երբ աղով լի աղաման էր տեսնում:
♦♦♦
Ալեքսանդր Պուշկինը սիրում էր կրակել բաղնիքում: Ասում են` Միխայլովսկում բանաստեղծի ժամանակներից ոչինչ չի պահպանվել, բացի այն պատից, որի վրա նա սիրում էր կրակել:
Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Հոգևոր-մշակութային