Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏԵՐԸ



Ճարտարապետության և մշակույթի պատմաբան, արվեստաբան Արգամ Այվազյանը ծնվել է 1947 թ.-ին Նախիջևանի Արինջ գյուղում։ Նա իր կյանքի 45 տարիները նվիրել է հարազատ Նախիջևանի հուշարձանների և սրբավայրերի ուսումնասիրությանը։ Նրան հաջողվել է փաստագրել մեզ հասած նախիջևանյան գրեթե ողջ նյութական հայկական ժառանգությունը: Նա հասցրել է հրատարակել 200-ից ավելի աշխատություն, որոնցից 40-ը՝ առանձին գրքով:

Հուշարձանների պահպանման, ճանաչման, ուսումնասիրման իր արդյունավետ աշխատանքի համար Արգամ Այվազյանն արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման և պարգևատրվել ՀՀ Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալով։

Այս տարի հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանը երկու գիրք է հրատարակել, որոնք, սակայն, թեև փոքրածավալ, բայցև, հեղինակի գնահատմամբ, չափազանց կարևոր են: Աշխատանքներից մեկը «Քյոթահիայի հախճապակեգործության մի կարևոր հավաքածոն» է, որ հեղինակը նվիրել է Կոմիտասին: Երկրորդը` «Աժդանական կամ Վիշապասար» համանուն լեռանը նվիրված գրական էսսե է:

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Արգամ Այվազյանի հետ լրագրող Գարիկ Ավետիսյանի հարցազրույցը:

-Դուք ինքներդ, պարոն Այվազյան, ինչպե՞ս կգնահատեք Ձեր անցած ուղին:

-Կարծում եմ, իմ հրատարակությունների շնորհիվ հայագիտության մեջ սկզբնավորվել է նախիջևանագիտությունը: Եվ եթե Նախիջևանն այսօր, որոշ բացառություններով, գիտության մեջ լավ հետազոտված տարածք է, ապա նաև՝ նվաստիս ջանքերի շնորհիվ:

-Իսկ Ձեր անցած շուրջ կեսդարյա ճանապարհը ի՞նչ է հուշում Ձեզ մեր այսօրվա հասարակություն- մշակույթ կապի մասին:

-Ցավոք, վերջին տասնամյակներում մեր հասարակության գիտակցության մեջ նյութապաշտությունը գերիշխող է դարձել: Ազնվաբարոյությունն աստիճանաբար նահանջ է ապրում: Ինչ վերաբերում է արվեստի առաջնակարգային դերին, ապա այն, դարձյալ ցավոք սրտի, ձևավորվում է երկրորդական և օտար հոսանքների ազդեցությամբ: Տաղանդավոր ու առաջնակարգ արվեստ անշուշտ կա, սակայն, իմ կարծիքով, այն անտեսված է և անտեսվում է… Մեր ժողովուրդը 1988-ից ի վեր շատ բաների դիմացավ և շատ ու շատ դժվարություններ հաղթահարեց: Կարծում եմ, որ այդ տարիներին ժողովուրդը շատ լավ գիտակցում էր մեզ բաժին ընկած ճակատագրական փորձությունները` երկրաշարժ, սոցիալիստական կացութաձևի փոփոխություն ու Արցախյան պարտադրված պատերազմի դժվարություններ:

Այդ տարիներին ժողովուրդը բարձր կազմակերպվածությամբ տոկաց և արժանապատվորեն դիմացավ ու դիմադրեց: Ինչպես այդ դժվարին տարիներին, այնպես էլ մեր օրերում, ցավոք, հայ գրականությունը, մշակույթը, գիտությունը դեռևս չեն տվել հերոսական ժամանակների շունչն ու ոգին պարունակող խոսք ու միտք:

-Սակայն որոշներն էլ այն կարծիքին են, որ տեղաշարժեր` դրական տեղաշարժեր, այնուամենայնիվ, կան…

-Այո, սակայն այդ գործընթացները շատ դանդաղ են զարգանում, և գրականության ու գիտության նվաճումները կամ տեղ չեն գտնում կամ էլ ուշացումով են արժանանում պետական ու ազգային գնահատանքի: Շատ խոսուն է այն փաստը, որ այսօր Հայաստանում գրքերը լույս են տեսնում 300-500 տպաքանակով, մամուլը` 1000-5000 օրինակով: Ընդ որում` դրանք էլ հիմնականում գրեթե տարածվում են Երևանում:

-Այս ամենով հանդերձ, Դուք աշխատում եք և գրքեր եք տպագրում: Ինչպե՞ս են ծնվում Ձեր աշխատանքները:

-Նկատենք, որ յուրաքանչյուր ստեղծագործող, գիտնական յուրովի է ստեղծագործում: Իմ աշխատությունները` լինի հոդված թե գիրք, ծնվում են մեկեն, որին, ինչ խոսք, նախորդում է խմորման բուռն պրոցեսը: Սովորաբար իմ ստեղծագործական երկունքը տևում է մեկ շաբաթից մինչև 3 կամ 4 ամիս: Այդպես են ստեղծվել իմ գրեթե բոլոր աշխատությունները: Այդպես ստեղծվեցին նաև 2014թ. տպագրված «Աժդահական կամ Վիշապասար» իմ էսսեն ու «Քյոթահիայի հախճապակեգործության մի կարևոր հավաքածո» գրքերը: Այդ աշխատանքներից առաջինում ներկայացված է Նախիջևանի տարածքի գրեթե կենտրոնական մասում հիասքանչորեն վեր խոյացող գեղեցկատես նախիջևանյան Մասիսը` Վիշապասարը, որի կողքին 1989 թ. հայտնաբերվեց Ք. ա. 820-ական թվականներով թվագրվող ուրարտական կարևոր սեպագիր: էսսեում ներկայացված են նաև այդ լեռան հետ կապված ավանդությունները և պատմական անցուդարձերը: Հիշյալ սեպագիրը, իմիջայլոց, Անդրկովկասում հայտնաբերված սեպագրերի շարքում հնագույնն է: Երկրորդ աշխատանքը, որը նվիրված է մեծն Կոմիտասին, ով արմատներով սերում է Նախիջևանի նշանավոր Ցղնա ավանից, քննության է առնում առհասարակ Քյոթահիայի հայոց հախճապակեգործության արվեստը, նրա ուսումնասիրության պատմությունը, ինչպես նաև Հունաստանում գտնվող Գալֆայանների հավաքածոյի մաս կազմող Քյոթահիայի շուրջ 100 հախճապակյա իրերը: Երկու աշխատանքներում էլ` գունավոր տպագրությամբ, հրատարակվել է 100-120 լուսանկար:

-Համոզված եմ, որ ժամանակները չեն խանգարի Ձեզ փաստավավերագրական նոր աշխատություններ եւս հրատարակել…

-Ցանկությունս, իհարկե, շատ մեծ է, բայց թե ինչն ինչպես կընթանա, այժմ դժվարանում եմ ասել, քանի որ իսկապես էլ կախված է մի շարք գործոններից՝ դժվարին ժամանակներ, ուրեմն եւ միջոցների սղություն եւ այլն: Անցյալ տասնամյակներում, օրինակ, իմ հոդվածները վերածվեցին այնպիսի գրքերի, ինչպիսիք են Ագուլիսին, Ջուղային նվիրված Նախիջևանի վիմագրական ժառանգության 6 հատորյակի 1-ին և 2-րդ հատորները, քանդակագործությանը, որմնանկարչությանը, ազգագրությանը, հուշարձաններին և այլ բնագավառներին նվիրված հատորյակները: Այնպես որ՝ ապավինենք Աստծուն և լինենք համբերատար:

-Տարին մոտենում է ավարտին, 2015 թվականին լրանում է Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Ի՞նչ խորհրդածություններ ունեք այդ առթիվ:

-Չեմ կարծում, որ 2015թ. ինչ-որ կարևոր հեղաշրջում է լինելու Հայոց Մեծ եղեռնի ճանաչման գործում: Ակնկալիքներս նշանակալի չեն: Չեմ բացառում, որ 2015թ.-ին որոշ պետություններ ևս կճանաչեն ցեղասպանությունը, սակայն Թուրքիան կմնա անդրդվելի: Այնպես որ, մեզ պետական մակարդակով համազգային ջանքեր է պետք գործադրել այդ ուղղությամբ ոչ միայն 2015թ.-ին, այլեւ դրանից հետո:

-Ի՞նչ հորդորով կդիմեիք մեր երիտասարդությանը:

-Ապագան միշտ էլ երիտասարդությանն է: Այնպես որ՝ ապագայի համար պայքարողների ու մտահոգվողների շարքերում միշտ էլ պետք է երիտասարդները լինեն:

Կցանկանայի, որ մեր երիտասարդությունը չենթարկվեր մեր ժամանակների քաղաքական զանազան հոսանքների վայրիվերումներին, հայրենասիրական կեղծ կոչերին, ինչին այսօր, ցավոք, հաճախ ականատես ենք լինում: Այս երկրի թե՛ տերը և թե՛ նրա ապագան կերտողը հենց երիտասարդությունն է: Ուրեմն իր այս իրավունքներից ու պարտականություններից երիտասարդությունը երբեմն չպետք է հրաժարվի կամ, որ ավելի վատ է, կրավորական կեցվածք ունենա:

Ցանկությունս և մտահոգությունս նաև այն է, որ նոր` 2015 տարում և հետագայում նույնպես մենք ազգովի գիտակցենք այն պարզ ճշմարտությունը, որ մեր երկրի ու ժողովրդի, պետականության զարգացման ճակատագիրը նախևառաջ մեր ձեռքերում է, և ամեն ինչ պետք է անել այն արժանավայել ամրապնդելու համար: Անկեղծ բարեմաղթանքներս բոլորին…

Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Հոգևոր-մշակութային


25/12/2014