Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ



Ուղիղ մեկ ամիս է, ինչ հայ խաղաղապահների ստորաբաժանումը իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը: Ո՞րն է խաղաղապահ ստորաբաժանման առաքելությունը, ինչպե՞ս են նրանք հարմարվել տեղանքին, ի՞նչ բարդության խնդիրներ են իրականացնում, ի՞նչ յուրահատկություն ունի տվյալ ռազմակայանը:

«Հայ զինվոր» թերթի թղթակից կապիտան Շուշան Ստեփանյանը զրուցել է խաղաղապահ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

«Այս անգամ էլ մեզանից գոհ կլինեն. մենք այս տարիների ընթացքում ապացուցել ենք մեր վստահելի գործընկեր լինելը»:

ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆ
Գեներալ-մայոր

-Պարոն Սիմոնյան, նոյեմբերի 26-ին հայ խաղաղապահներն առաջին անգամ մեկնեցին Լիբանան, ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը:

-Նոյեմբերի 26-ը հայ խաղապահներիս համար հիշարժան է. այդ օրվանից առաջին անգամ հանդես ենք գալիս ՄԱԿ-ի դրոշի ներքո, թեև 10 տարուց ավելի է, ինչ խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում, ինչպես նաև առաջին անգամ ենք այս տարածաշրջան մեկնում: Բանն այն է, որ անցած տարի Երեւան ժամանած Իտալիայի պաշտպանության նախարարը հայ խաղաղապահներիս ցուցադրած հմտությունները` ամբոխի կառավարում, հսկիչ անցագրային կետի ծառայություն և այլ գործողությունների վարժ կատարումը տեսնելուց և հավանելուց հետո մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրել էր` մեկ դասակ տրամադրել իրենց զորախմբի կազմում առաքելությանը մասնակցելու համար: Իտալացիների առաջարկությունը քննարկվել էր եւ, hուրախություն մեզ, հավանության արժանացել:

-Հայ խաղաղապահները առաքելություն են իրականացնում Աֆղանստանի Մազարի Շարիֆ ռազմակայանում, Քաբուլում, Կոսովոյում… Ինչո՞վ է յուրահատուկ Լիբանանը:

-Խաղաղապահներին ուղղած իր խոսքում Սեյրան Օհանյանը նշել էր, որ Լիբանան գնալու համար կա մեկ կարևոր պատճառ, որ Լիբանանը ոչ Կոսովո է, ոչ էլ Աֆղանստան: Լիբանանը Հայաստանի արտաքին անվտանգության շահերի տիրույթում գտնվող Մերձավոր Արևելքն է: Ուստի ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում մեր ծառայությամբ նպաստում ենք նաև Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը:

-Ո՞րն է ստորաբաժանման առաքելությունը:

-«Շամա» ռազմակայանը տեղակայված է երկրի հարավարեւմտյան մասում՝ ծովի ափին, չափերով մեծ չէ, ինչպես, օրինակ, Աֆղանստանում Մազարի Շարիֆինը, բայց մեր գործառույթները գրեթե նույնն են՝ արտաքին սահմանագծի եւ անցագրային կետի պահպանություն: Մենք առայժմ ոչ մի երկրում ռազմակայանից դուրս առաքելություն չենք իրականացնում, բացառություն է ՀՀ ԶՈւ սպա մայոր Աշոտ Զաքարյանը, որն ընդգրկված է Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում: Ի դեպ, վերջերս, երբ դիտորդական խումբը հայտնվել էր լարված իրավիճակում, մեր սպային հաջողվեց բանակցել և չեզոքացնել լարվածությունը: Այդ մասին մեզ տեղեկացրեց իտալացի հրամանատարը. նա հիացած էր:

-Պարոն Սիմոնյան, լիբանանյան ստորաբաժանումում ընդգրկված է 32 զինծառայող, ինչպե՞ս եք ընտրություն կատարել:

-Իտալական կողմի առաջարկությամբ՝ խմբում ընդգրկվել է երեք սպա: Մայոր Արտաշ Դանիելյանը խմբի հրամանատարն է, նա նաեւ իտալական բրիգադի շտաբում որպես մեր ներկայացուցիչ է հանդես գալիս: Երկրորդ սպան ծառայությունը իրականացնում է գումարտակի կազմում, իսկ երրորդը դասակի անմիջական հրամանատարն է: Մյուսները սերժանտներ եւ շարքայիններ են: Նախապատվությունը տվել ենք Աֆղանստանում ծառայություն անցած, տարբեր առաքելությունների ժամանակ աչքի ընկած, փորձառու զինծառայողներին: Ի դեպ, խաղաղապահների ճանապարհման արարողությանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլին: Խմբի հրամանատար մայոր Դանիելյանը, որն ուսանել է Իտալիայում, նախ անգլերենով զեկուցել, հետո նույնքան վարժ իտալերենով պատասխանեց դեսպանի հարցերին: Դեսպանը հիացած էր:

-Իսկ ինչպիսի՞ն է մեր տղաների ինքնազգացողությունը…

-Գերազա՛նց: Մայոր Դանիելյանն անընդհատ զեկուցում է իրավիճակի մասին, մենք էլ հետեւություններ ենք անում: Օրինակ՝ արդեն պարզ է, որ խմբի կազմն ընդլայնելու կարիք կա. եթե խաղաղապահներից մեկը առողջական խնդիր ունենա, ինչը վեց ամսվա ընթացքում բացառված չէ, մյուսը ստիպված կլինի կրկնակի ծանրաբեռնվածությամբ իրականացնել ծառայությունը: Բարձր խոնավությունը եւս խնդիր է: Եթե Կոսովոյում ստորաբաժանումը զենքի ընդունում-հանձնում է կատարում, ապա այստեղ նպատակահարմար է, որ յուրաքանչյուր խումբ իր զենք-զինամթերքն ունենա, քանի որ եղանակային նման պայմաններում զենքը երկար պահել ցանկալի չէ, այն շարքից դուրս կգա:

-Պատասխանատու և դժվարին ծառայություն է, ինչ խոսք, թեև Լիբանանում, իմ կարծիքով, ավելի հանգիստ պետք է լինի, քան Աֆղանստանում…

-Ավելի պատասխանատու և դժվարին չէ, քան սահմանին՝ առաջնագծում կանգնած հայ զինվորինը… Իհարկե, ութ ժամ հատուկ հանդերձանքով կանգնելը ֆիզիկական գերհոգնածության է հանգեցնում: Եթե անգամ չկրակեն, եթե ուրիշ ոչ մի վտանգ էլ չլինի, հենց միայն այդ հագուկապը բավական է: Ինչ խոսք, Լիբանանում համեմատաբար ավելի հանգիստ է, քան Աֆղանստանում: «Շամա» ռազմակայանի մոտակայքում լուրջ ռազմական գործողություններ չեն ընթանում: Վտանգը մահապարտ ահաբեկիչներն են, որոնց թիրախը ռազմակայանների անցագրային կետերն են: Պետք է կանխարգելել մահապարտի մուտքը տարածք, բայց եթե նա հայտնաբերվում է անցագրային կետում, ինքնըստինքյան ծառայողների համար վտանգի աղբյուր է դառնում: Նման մի քանի ծանր դեպք եղել է Քաբուլում` մահապարտները ամերիկյան ռազմակայանի անցագրային կետում պայթեցրել էին իրենց, զոհվել էին ամերիկացի եւ վրացի խաղաղապահները: Կարելի է ասել՝ անցագրային կետերը հսկող խաղաղապահները չպայթած ռումբի վրա են ծառայություն իրականացնում:

-Պարոն Սիմոնյան, առաջին անգամ ենք ներգրավված Իտալիայի զորամիավորման կազմում: Ասում են` հայերն ու իտալացիները բնավորության որոշ գծերով շատ նման են. ուրեմն պետք է որ հեշտ լեզու գտնեք իտալացիների հետ…

-(Ժպտում է): Իտալացի խաղաղապահների հետ առաջին անգամ առնչվեցինք 2009 թ.-ին: Մեկնել էինք Աֆղանստանի Մազարի Շարիֆ ռազմակայան և պետք է փոխարինեինք իտալական զորախմբին: Գերմանական կողմը երեկոյան մեզ հրավիրեց սպայական ակումբ. իտալացի խաղաղապահներն իրենց ծառայակցի ծննդյան օրն էին նշում: Շատ աշխույժ էին, ինչքան էլ հայերս սիրում ենք խոսել, նրանց հաստատ զիջում ենք: Շփվող են, հետաքրքրասեր, նաեւ հյուրասեր: Երբ իմացան, որ հայերն արդեն ժամանել են եւ ակումբում են, ծննդյան տորթից մեզ էլ բաժին հանեցին, ջերմ ընդունելության արժանացրին… Մարդկային հարաբերությունները՝ միմյանց հասկանալու, ընդհանուր լեզու գտնելու կարողությունը չափազանց կարեւոր է առաքելության մասնակիցների համար: Կարծում եմ՝ խնդիրներ չենք ունենա: Երեւի գիտեք, որ գերմանացիները գովասանքի առումով շատ ժլատ են: Նրանք կարծում են, որ պարտականությունները բարեխիղճ կատարելը դեռ առիթ չէ զինծառայողին գովելու համար, եւ եթե գերմանացիների պես խստապահանջ, կարգապահ զորախմբի կազմում ենք աչքի ընկել, գովասանքի արժանացել, ուրեմն իտալացիներն էլ մեզանից գոհ կլինեն: Մենք այս տարիների ընթացքում ապացուցել ենք, որ վստահելի գործընկեր ենք:

-Ի դեպ, մայիսին գործուղվել էի Գերմանիա, Բունդեսթագի անդամները երկար գովեցին մեր խաղաղապահներին, ոմանց անուն ազգանունով հիշեցին, ինչը ինձ զարմացրեց, նաեւ մեր խաղաղապահների հյուրասիրած կոնյակն էր նրանց տպավորել:

-Մեզնից անգամ կենաց ասել են սովորել (ժպտում է): Հայ խաղաղապահները, կարելի է ասել, Հայաստանի «դեսպաններն են»: Առաքելության մեկնած խումբը պարբերաբար միջոցառումներ, հյուրասիրություններ է կազմակերպում, ծանոթացնում մեր երկրի պատմությանը, առանձնահատկություններին: Օտարազգի զինվորականները հաճախ զարմանում են, որ մենք քրիստոնյա ենք: Ի դեպ, մեր խաղաղապահները Աֆղանստանում մատուռ կառուցեցին, որի օծմանը մասնակցեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այնպես որ՝ կաթոլիկները իրենց կրոնական տոները մեր կառուցած մատուռում են նշում…

-Պարոն Սիմոնյան, շուտով կնշենք Նոր տարին, մենք՝ հայերս, սովորաբար իրար խաղաղություն ենք բարեմաղթում: Ի՞նչ է խաղաղությունը Ձեզ համար:

-Ես երկու պատերազմների մասնակից եմ: Ավարտելով զինվորական հաստատությունը՝ ծառայության անցա Աֆղանստանում: Դասակի հրամանատար նշանակեցին իմ զոհված ընկերոջ՝ իմ ջոկի անդամ Իգոր Բոյարինովի տեղը: Արցախյան պատերազմում էլ շատ ընկերներ կորցրի: Իսկ Շահումյանի գաղթը, նահանջը Մարտակերտից հոգեբանական ամենամեծ հարվածն էր ինձ համար… Այս ամենից հետո խաղաղությունն ինձ համար ուղղակի խոսք չէ, այլ արարելու, սիրելու, հաղթելու բանաձեւ:

Խորագիր՝ Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


25/12/2014