ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑՆ ԱՐԴԵՆ ԼՈՒԾՎԱԾ Է
Պաշտպանության բանակի հաջորդ տարվա պլանն արդեն հաստատված է. հիմնական խնդիրը ԼՂՀ ժողովրդի անվտանգության պահպանումն է: Այս մասին դեկտեմբերի 21-ին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
-Առաջնորդվում ենք պլաններով, բայց ժամանակ առ ժամանակ, երբ իրավիճակը լարվում է, որոշակի շտկումներ ենք իրականացնում: Ինչ վերաբերում է մեր բանակի պատրաստվածությանը, ապա դա ապացուցվում է առաջին գծում,- ասաց նախարարը:
Մովսես Հակոբյանի խոսքով` հայկական կողմին շարունակում է մտահոգել Ադրբեջանի նոր թափով սպառազինվելը և չդադարող ռազմատենչ հայտարարությունները, ինչը, սակայն, չի նշանակում, թե առկա է որևէ հուսահատություն, քանի որ թշնամուն ի հակակշիռ համապատասխան միջոցառումներ են իրականացվում: «Մեր բանակը կոչվում է հայկական բանակ, իրենցը՝ ադրբեջանական. ահա տարբերությունը»,- ասաց Մովսես Հակոբյանը՝ շեշտելով, որ Արցախի բանակի հիմնական խնդիրը ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովումն է. «Եվ կարծում եմ՝ իր պարտականությունը մեր բանակն իրականացրել է փառքով: Տարվա ընթացքում պլանավորած բոլոր միջոցառումներն իրականացվել են: Առաջնագծում որոշակի լարվածությամբ պայմանավորված՝ նաև որոշակի արտապլանային միջոցառումներ ենք իրականացրել, ամրապնդել ենք ինչպես առաջին գիծը, այնպես էլ զինծառայողների պատրաստվածությունը»:
Ի պատասխան լրագրողների այն դիտարկման, թե առաջին գիծ 19-ամյա երիտասարդներին ուղարկելն արդյոք ճի՞շտ է, ՊԲ հրամանատարն ասաց, որ զորակոչվելուց հետո զինվորները վեց ամիս պարտադիր մարտական նախապատրաստություն են անցնում, որից հետո էլ ոչ բոլորն են մեկնում առաջին գիծ ծառայության. «19 տարեկանը այն հասակն է, երբ խենթանալը հեշտ է լինում, իսկ հաղթանակները կերտում են խենթերը, այնպես որ՝ շատ լավ տարիք է»:
Պատասխանելով հարցին՝ արդյոք օգոստոսյան դեպքերից հետո շատացե՞լ են հրադադարի խախտումները, Մովսես Հակոբյանն ասաց. «Նախորդ տարիների հետ համեմատած՝ իհարկե ոչ»:
Ըստ ԼՂՀ ՊԲ հրամանատարի` Ղարաբաղյան հիմնահարցն արդեն լուծված է, ժամանակի ընթացքում հակառակորդը այդ փաստը ստիպված կգիտակցի, երբ Ադրբեջանում կսթափվեն և իրողությանը ճիշտ գնահատական կտան:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ