ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ
Ինչպիսի՞ն էր անցնող տարին զինվորների համար, ի՞նչ սպասելիքներով են նրանք ոտք դնում նոր՝ 2015 թվական, ի՞նչ են բարեմաղթում իրենց ծառայակիցներին. փորձեցինք պարզել պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի զինվորներից:
Սերժանտ ՎԱՀԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ
2014 թվականը, ինչ խոսք, լարված տարի էր: Կարծում եմ՝ ինձ հետ կհամաձայնեն սահման պահող բոլոր տղաները: Բայց անցնող տարին մեզ նաեւ անգնահատելի փորձառություն տվեց, օգնեց վերաարժևորել հայրենիքի, խաղաղության, ծառայության, ընկերության, բանակի մասին մեր ունեցած պատկերացումները, օգնեց հասկանալ՝ ինչ ասել է հաղթահարել դժվարությունները, դիմակայել հակառակորդին… Անցնող տարին օգնեց նաև խորությամբ ընկալելու այն միտքը, որ սպան, հրամանատար լինելուց զատ, ավագ ընկեր է…
2014 թ.-ին ես, ընկերներս ու հրամանատարներս հաղթեցինք, և հիմա մենք բոլորս ոտք ենք դնում 2015 թվական ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ… Ես այլեւս բոլորովին ուրիշ մարդ եմ:
Հավատում եմ, որ գալիք տարում էլ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ ու նոր հաղթանակներ:
Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ ԿԱՐԵՆ ԴԱՇՅԱՆ
Առաջին անգամ եմ Նոր տարին նշելու զորամասում, նշելու եմ զենքը ձեռքիս:
2014 թվականը անմոռաց կլինի իմ ամբողջ կյանքի համար, որովհետև այս տարում ես զորակոչվեցի բանակ՝ գնդապետ Կ. Առստամյանի հրամանատարությամբ գործող զորամաս, առաջին անգամ համազգեստ հագա, զգացի զենքի ծանրությունը, դիրք բարձրացա… Հպարտ եմ խրամաբջիջում կանգնելուս համար: Մարտական հերթապահության ժամանակ հաճախ մտածում եմ՝ չափազանց կարևոր առաքելություն է մեզ վերապահված. 19 տարեկան տղաներիս սահման են վստահել, մեր տնեցիների, բարեկամների, ընկերների, հարևանների խաղաղ օրն են վստահել… Ու միայն այդ մտքից ավելի խիզախ, ավելի լավն ես դառնում:
Երջանիկ եմ, որ իմ բաժին սահմանին ամուր կանգնած, նոր տարին դիմավորելու եմ այն հավատով, որ գալիք տարում ոչ մի ուժ չի կարողանալու խաթարել մեր երկրի ու ժողովրդի անդորրը, որ մենք ավելի մեծ ու հանրօգուտ գործեր ենք նախաձեռնելու, որ հարգալից ու բարյացակամ ենք լինելու միմյանց նկատմամբ և հոգատար մեր պետության հանդեպ:
Շնորհավորում եմ բոլորին, հատկապես իմ դիրքապահ ընկերներին՝ Էդգարին, Գրիգորին, Հայկին, Գեղամին: Տղերք, լավ իմացեք՝ ձեզ համար կյանքս էլ չեմ խնայի:
Կապի ջոկի հրամանատար ԳՈՌ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Երկրորդ՝ վերջին անգամ եմ Նոր տարին նշելու զորամասում: Հիշում եմ՝ զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Գաբրիելյանն անցած դեկտեմբերի 31-ի տողանի ժամանակ ասաց՝ ոչ միայն զորամասում ենք խորոված անելու, այլեւ բոլոր դիրքերում, թող բույրը տարածվի-հասնի հակառակորդի քթին, որ նա հասկանա՝ հայ զինվորը ոչ միայն գերազանց ծառայել, այլեւ սրտանց ուրախանալ գիտի: Հրամանատարի այդ խոսքերը մեզ ոգեւորեցին, ամբողջ տարին լավ ծառայելու լիցք տվեցին… Զորամասի զինվորներով ժամը 11-ին հավաքվեցինք ճաշարանում, տոնական սեղանների շուրջ. մեկ էլ ներս մտավ գնդապետ Գաբրիելյանը՝ նվագախմբի ուղեկցությամբ՝ «Ջինգլ բելս» հայտնի երգի հնչյունների ներքո: Պատկերացնո՞ւմ եք մեր ուրախությունը… Չեք պատկերացնում… Դա ավելին է, քան Նոր տարվա գիշերը քո երազած նվերը ստանալը… Քանի տարի էլ անցնի՝ ինձ ջերմացնելու են բանակում անցկացրած մեր ամանորյա ոգևորության անմոռանալի դրվագները:
Եկե՛ք անցնող տարվան հանձնենք մեր բոլոր մտահոգությունները և 2015 թվականը դիմավորենք խնդությամբ:
Գնդացրային ջոկի հրամանատար, սերժանտ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ուզում եմ` նոր տարում մեր ընկերներն այլևս երբեք մեզ չլքեն, շարքում ոչ մեկի տեղը դատարկ չմնա, թշնամու գնդակը միշտ վրիպի: Ուզում եմ բոլորն անվնաս հասնեն տուն, ամուր գրկեն իրենց ծնողներին… Ուզում եմ` զինվորի սիրելի աղջիկը նրան անհամբեր սպասի… Սա եմ ուզում, ուրիշ ոչինչ… Հա, մեկ էլ… Ես մի անգամ զորամաս եմ փոխել, այնտեղի տղաներին՝ Ռուբենին, Արմենին, Արենին, Տիգրանին կարոտում եմ, ուզում եմ ջերմորեն բարեւել, շնորհավորել եւ անփորձանք ծառայություն մաղթել:
Դիրքապահ ԱՐԳԻՇՏԻ ԱՃԵՄՅԱՆ
2014 թվականը դիմավորեցի մարտական հենակետում: Շատ ուրախ անցավ: Ես տղաներից մի քանիսի հետ ժամը 12-ին գետնատնակում էի, մյուսները` խրամաբջիջներում: Բայց մենք էլ սաղավարտ, զրահաբաճկոն հագանք եւ գնացինք խրամատ` ամանորյա շամպայնը (իհարկե, ոչ ալկոհոլային) բացելու: Կենացներ էլ ասացինք, իրար առողջություն, հաջողություն, ամուր կամք ու տոկունություն մաղթեցինք:
Բոլոր զինվորականներին նույնն եմ ցանկանում նաեւ այս տարի: Իսկ ինձ հետ դիրք բարձրացող Արմեն Գրիգորյանին մաղթում եմ հաջողություններ. նա ԵՊՀ շրջանավարտ է եւ երազում է ընդունվել Քեմբրիջի համալսարան: Ուզում եմ, որ ընկերոջս երազանքը իրականանա:
Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Ազգային բանակ