Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՏԱՐԵՄՈՒՏԻ ՄԱՂԹԱՆՔԸ



Մեր հայրենյայց սիրելի՛ պաշտպաններ,

Ամանորյա և Սուրբ Ծննդյան այս օրերը մի կողմից ուրախության, երգ ու պարի, խինդ ու ծիծաղի, իսկ մյուս կողմից մտորումների, ինքնաքննության ու ամփոփման շրջան է մեր կյանքում: Ամենքիս միտքը տարված է որքան կենցաղային խնդիրներով, այնքան էլ այն մտածումներով ու անհանգստությամբ, թե որքանո՞վ հաջողվեց մեզ ծառայություն մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին:

Անցնող տարվա ընթացքին դիրքային անհավասար մարտերում հերոսաբար զոհվեցին հայրենիքի քաջարի պաշտպաններ՝ թշնամուն տալով նաև մահացու խիստ հարվածներ՝ լռեցնելով նրա հոխորտացող ձայնը: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ «Նրանք, ովքեր ՏԻՐՈՋՆ են ապավինում, պիտի նորոգեն իրենց ուժը, արծիվների պես թևերով վեր պիտի սլանան» (ԵՍԱՅԻ 40:31) և «ՏԻՐՈՋ ողորմությունների պատճառով է, որ չսպառվեցինք, որովհետև Նրա գթությունը չի նվազում» (ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:22-24): Այդ օրերի նեղությունը ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության բոլոր սպասավորներին համակեց միասնական աղոթական սիրով ի Քրիստոս՝ հայցելու Երկնավոր Հոր պահպանությունը և խաղաղությունը մեր ազգի համար: Փորձություններով է թրծվում ծառայությունը, իսկ ճշմարիտ ծառայությունը հայրենիքին, ժողովրդին, հավատին ու Եկեղեցուն սրբություն տանող միակ Ճանապարհն է: Մեր բոլորիս ծառայության ընթացքին ժամանակ առ ժամանակ ի հայտ եկած դժվարություններն ու փորձությունները մեզ համար ամենևին էլ պատուհաս չեն, այլև միջոցներ են մեզ մաքրելու, կոփելու, թրծելու մեր միտքն ու հոգին: Սա է իրական ճշմարիտ ճանապարհը ծառայություն մատուցելու բարձր գիտակցությանը հասնելու: Այս գիտակցությամբ միայն կարող ենք գործադրել Արցախի ազատ ապրելու իրավունքը, հասնել Հայոց ցեղասպանության ընդհանուր ճանաչմանը, որը կլինի մարդկային կամքի արտահայտությունը՝ կառուցելու բռնություններից զերծ, ապահով ու արդար երկիր:

Տարեմուտի այս պահին աղոթքով ու մաղթանքով լինենք նեղյալների ու կարոտյալների, մեր հայրենիքի սահմանները պաշտպանող հայոց բանակի սպաների և զինվորների հետ, ովքեր տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ: Տոնական այս օրերին մարդկային բոլոր առումներով չափազանց դժվար է հեռու գտնվել ընտանիքներից ու հարազատներից, մասնակից չլինել ամանորյա ուրախություններին ու տոներին, սակայն հանուն ձեր ընտանիքների խաղաղության, մեր հայրենի երկրի սահմանների պաշտպանության՝ մենք պարտավոր ենք մեզնից վանել բոլոր մարդկային թուլություններն ու առողջ բանականությամբ նվիրվել այս սուրբ գործին:

Հոգու ուրախությամբ ողջունում ենք ձեզ և աղոթք բարձրացնում առ Աստված, որպեսզի Երկնային Զորագլուխն օրհնի յուրաքանչյուրիդ իր ծառայության մեջ: Ամանորյա ուրախալի առիթով և Սուրբ Ծննդյան հոգենորոգ խորհրդով նոր տարի է սկսվում, որը մեզ բոլորիս նոր հրավեր է մեր կյանքը նորոգելու համար՝ աստվածպաշտությամբ ու ծառայասիրությամբ: Նոր կյանքի մի սկիզբ է: Առավել ևս՝ գիտակից, իմաստալից ու նպատակային կյանքի սկիզբ: Ուրեմն դիմավորենք Նոր տարին համազգային նշանակության բոլոր ձեռնարկումներում միասնական ու աննահանջ ոգով, հաղթանակի հույսով ու հավատքի զորությամբ, իսկ մտքով ու աղոթքով լինենք մեր հեռավոր սիրելիների հետ:

Թող Տերը խաղաղ ու շեն պահի հայրենի մեր պետականությունը և Հայոց հաղթական բանակը: Ամեն:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ

Մեզ եւ Ձեզ մեծ Աւետիս:

Օրհնությամբ`ՎՐԹԱՆԵՍ եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ

Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Ազգային բանակ


27/12/2014