Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՌԱՎՈՐ ԾՈՎԻ ՇԱՌԱՉԸ



Երբ Վարագա սարից բարձրանում են աղոթարանի բաց կապույտ առաջին ժանյակները, տիրում է լռություն, ուրվականները չքանում են, իսկ դեռ ապրող վանեցիները բռնում են ամեն մեկն իր ճամփան: Նրանք քայլելիս ամբողջ ժամանակ փայլող քարեր են թողնում իրենց հետևից, որպեսզի, երբ իջնի ժամերի ժամը, չմոռանան վերադարձի ճանապարհը…

Գ. Մահարի «Այրվող այգեստաններ»

Արսեն Հացագործյանին հանդիպեցի 1980թ., Երևանում: Անհատական թոշակառու էր: Մեկ տարի էր մնացել, որ լրացներ մեկ դարը: Նա այն հազվագյուտ ողջ մնացած վանեցիներից էր, որոնց գլխով եկել-անցել էին շատ արհավիրքներ: 1979 թվականին հրատարակվել է նրա «Գոյատևում» հուշապատումը, որը նվիրված է Վանի ապրիլյան հերոսամարտին: Տպագրության էր պատրաստել «Իմ կյանքի պատմությունը» երկհատորյակը և բանաստեղծությունների ժողովածուն: Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի Մեծ եղեռնից մազապուրծ Արսեն Հացագործյանի զրույցը, որն ավելի շատ նման էր մենախոսության:

– Ո՞վ է տեսել այգաբացը Վանա ծովի վրա,- հարցնում է Արսեն պապն ու ինքն էլ կարոտով պատմում է.

– Կապույտ ծովը մեկեն բոցավառվում, ամոթխած հարսի նման ցանկանում էր երեսը թաքցնել ժայռի խոռոչներում, իսկ արևը բարձրանում էր ու բարձրանում, շոյում, ջերմացնում էր սիրուհուն: Ծովը մի պահ անձնատուր էր լինում, վազում էր գրկաբաց ու դեմ առնում ափամերձ սառը ժայռերին: Հառաչ էր պոկվում նրա կրծքից ու արձագանքվում ժայռի ծերպերում… Հետո ծովը ուշաթափ ընկնում էր ժայռի կրծքին, իսկ ջրերը քամին օրորում էր, օրորում…Դարեր-դարեր շարունակ ծովը չի հաշտվել այն մտքի հետ, թե արևի սերը խաբկանք է…

…1895 թվական: 13-ամյա Արսենը տխուր նստած է ափամերձ ժայռին: Նորից արևը կրկնում է իր դարավոր խաղը: Արցունքի կաթիլները պոկվում են նրա աչքերից ու թափվում առավոտվա պարզության մեջ: «Բնության այս խաղը դիտել են իմ պապերը, նախնիները, դեռ այն ժամանակ, երբ Վանը Տուշպա էր, դեռ այն ժամանակ, երբ Նարեկացին ճգնում էր մենավոր իր խցում: Այստեղ զմայլվել է իմ հայրը մի քանի օր առաջ, որը հիմա չկա, չկա` սպանեցին, երբ աղոթում էր Աստծուն»:

Արտասուքն անկաշկանդ, անձայն ընկնում է ժայռի սալերին…

-Արսեն, որդիս,-Մարիամ մայրն է` սեղմում է որդուն կրծքին: Հետո նրանք քայլում են լռության միջով, հասնում տուն: Տուն, որն իր լռությամբ, իր փակ դռնով դարձել էր ծով տխրություն…

Հետագայում Արսենը գրում է. «Օ՜ դուն անհասանելի, հրաշագեղ անցյալ, եթե փորձեցիր անգամ մըն ալ վերադարձ ընել դեպի սիրտս կարոտակեզ` ինչպես պատրաստ պիտի գտնեիր հոն խորան մը` չերգված սաղմոսներուն համար»:

Արսենը մտնում է Վարագա վանքի որբանոց-դպրոցը: Ավարտելուց հետո աշխատում է նույն վանքում` որպես ուսուցիչ: Ուսումնատենչ պատանու ուրախությանը չափ չկար` մորը, քույրերին, եղբայրներին գոնե մի քիչ նյութապես կօգնի…

Հետո նա գաղտնի ճանապարհներով գալիս է Թիֆլիս և ընդունվում Ներսիսյան դպրոց: Երկու տարուց հետո վերադառնում է ծննդավայրը` ուրախացած Օսմանյան նոր կառավարության խոստացած բարեփոխումներով: Ուսուցչությամբ է զբաղվում Արճակ գյուղում, ապա նշանակվում է Տարոն գավառի թեմական տեսչի օգնական:

-Ինձ հանձնված էր Մշո դաշտի 100 գյուղերից 30-ի դպրոցական տեսչությունը: Օգտվելով Օսմանյան սահմանադրության ազատությունից` Տարոնը համատարած գրագիտության շրջան էինք ուզում դարձնել… Ընդունվեցի Պոլսի համալսարանի պատմագրական ֆակուլտետ, որն ընդհատվեց թուրք-բալկանյան պատերազմի պատճառով:

Պատմում է Արսեն պապը, ու դժվարանում ես մտապահել բոլոր թվերը, եղելությունները: Ամեն մի օր` նոր մի դեպք, մի նոր ահ, սարսափ, բայց…

-Բայց ապրեցի, ապրեցի, որ ապրեմ կարոտով…Ամբողջ կյանքում չեմ մոռանում հանդիպումը Գրիգոր Զոհրապի հետ, երբ նա ընտրվել էր Օսմանյան կառավարության պառլամենտի երեսփոխան: Հետո նույն թվականին` 1912-ին, դիտեցինք Կոմիտասի «Գուսան» խմբի համերգը: Չէ՛, ուրիշ է Կոմիտասի ձայնը ձայնասկավառակների վրա` նրան պետք էր լսել…

…Տրապիզոնի նահանգի Կիրասոն նավահանգստային փոքրիկ քաղաք: Նա իր 2 ուսուցիչ ընկերների հետ ձեռնամուխ է լինում «Գավառ» անունով գրական-հասարակական ժողովածուի լույսընծայմանը, որը ճիշտ ժամանակին էր լույս տեսնում` շեշտը դնելով հիմնականում ազգային-ազատագրական հարցերի վրա: Սակայն թուրքերը այրում են տպարանը, այրվում է նաև Արսեն Հացագործյանի արձակ բանաստեղծությունների 2-րդ ժողովածուն: Բայց մինչ այդ տպագրվել էր նրա բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մենության սաղմոսներ» խորագրով: Նա սրբությամբ պահում է այդ մասունքը` դա երիտասարդ օրերի սիրո խոստովանությունն է, դրժումը, ներումն ու զղջումը. «Գիտեի նույնպես, որ դուն ինձի պիտի բերեիր փունջ մը հավքած ծաղիկներուդ, որովհետև չէիր գտներ ուրիշ սիրտ մը նույնքան հարազատ` անոնցմոնք զարդարելու համար: Տուր, մի ամչնար, ես կպահեմ զանոնք իմ սիրոյ ծաղկամանիս մեջ, անցյալի հուշերովս կջրեմ և կաճեցնեմ և իբրև թանկագին ավանդ` կգուրգուրեմ այն վճիտ կաթիլը, որը զղջումիդ օրը աչերեդ հոն սահեցավ…»:

Երազներ, երազներ` պատանեկան սիրո անմեղ երազներ: Իսկ ո՞վ է եղել քո առաջին սերը, Արսեն պապ, որի արտասուքի «վճիտ կաթիլը» դու կջրես «անցյալիդ հուշերով»: Դժվար է հիշել այդ մեկին, որովհետև պատմությունը հասել էր մի թվականի, որը պետք է ջնջեր, տաներ քո մանկության սերերը… իսկ ողջերը ապրեին ցավով, կսկիծով, կարոտով և հետո անցյալի կիսատ սիրո հուշերով:

… 1915 թվական: Վանի ապրիլյան մեկամսյա հերոսամարտ: Մի խումբ քաջարի հայրենասերներ կռվում են թուրքական 10.000-անոց բանակի դեմ, մինչև հասնում են ռուսական գնդերը:

-Ուրախությունից ցնծում էինք, ես լալիս էի երեխայի նման, չգիտեմ՝ ուրախությունի՞ց, թե՞… Քայլեցի սարն ի վեր: Հասա հորս գերեզմանաքարին ու փարվեցի նրան: Զգացի, թե ինչու եմ այդպես կռվել, զգացի, թե ինչ էի կորցնելու: Ձորերը կամաց-կամաց լցվեցին մթությամբ: Վանա ծովը խառնվեց մթին, վերադարձա տուն: Մի քանի օր հետո ռուսական զորքերը նահանջեցին, պետք է նահանջեինք և մենք` ես պետք է թողնեի հորս հողաթումբը, մեր տունը… Դժվար էր բաժանումը, երդվեցի նորից վերադառնալ և ապա 1918թ., երբ լսեցի, որ Վանում կազմակերպվել է հայկական կոմիսարություն` մեկնեցի ծննդավայր, մեկնեցի… որ վերջին, վերջին հրաժեշտը տայի ծննդավայրիս: Այդ տարի Վասպուրականում վերաբնակեցված 25.000 հայությունը վերջնականապես նահանջեց…

… Դժվարին ճանապարհից հետո նա վերադառնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում Երևանում և զբաղվում ուսուցչությամբ մինչև 1957 թվականը: Այդ ընթացքում հեռակա կարգով ավարտում է Երևանի պետական և մարքսիզմ-լենինիզմի համալսարանները: Անցնում է կենսաթոշակի` լսողության սաստիկ ծանրության պատճառով:

Պատմում է Արսեն պապը՝ արմունկները հենած սեղանին:

Հանկարծ խոսքն ընդհատում է և դիմում ինձ.

-Ասում են, որ Վանում երկրաշարժը ավերել-քանդել է ամեն ինչ, ավերել է Վանը… Վան… Վանա աշխարհ… ասում էին երկնքումը` դրախտ, երկրումը` Վան…

Հետո նորից վերադառնում է նախկին խոսակցությանը:

Խոսում, պատմում, վերհիշում է աշխարհի տարեց վանեցին, ու աչքերում կարոտ կա, ծով կարոտ:

-Երկու եղբայր էինք, երկու քույր: Վահանը արծաթագործ էր: Երկու տարի առաջ մահացավ, իսկ փոքր եղբայրս` Գաբրիելը, ջահել-ջիվան զոհվեց Սարդարապատի ճակատամարտում: Ունեմ 3 զավակ: Զավենս գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Արփիկս բժշկուհի, իսկ Աստղիկս` տնտեսագետ: Գոհ եմ աշխարհից, ամենքից…

Հետո նորից տխրում է, աչքերը մշուշվում են, դառնում կարոտ, հեռու-հեռավոր կարոտ` մի հողաթմբի ու տան կարոտ…

… 99-ամյա Արսեն պապը թոռներ ունի, ծոռներ: Բոլորին մեկ-մեկ պատմել է իր կյանքի պատմությունը, տխրել, ուրախացել, թախծել:

Ո՞վ է տեսել Վանա ծովի այգաբացը… Աշխարհի ամենատարեց վանեցին պատմում է.

-Արևը կառչում է Սիփան սարից ու թափում վարսերը Վանա ծովի ջրերում: Ծովը շառաչում է, շառագունում, սիրուց խելագարվում, կոհակ-կոհակ զարնվում է ափերին…

Հիմա տեսնես Վանա ծովակը խելագարվո՞ւմ է սիրուց, կոհակ-կոհակ զարնվո՞ւմ է իր ժայռեղեն ափերին:

Այո՛, նա հիմա է՛լ ավելի թափով է զարնվում ափերին, ծովը տխրել է, Արսեն պապը դրանում համոզված է, որովհետև ծովին կարոտել է ինքը` աշխարհի ամենատարեց վանեցին:

-Թեև կորցրել եմ լսողությունս, բայց հիմա է՛լ ավելի ուժգին եմ լսում իմ հեռավոր ծովի շառաչը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Գծանկարը՝ ՑՈԼԱԿ ՂԱՆԴԻԼՅԱՆԻ

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


15/01/2015