Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏԱՄԵՏԻ ԽՆՁՈՐՆԵՐԸ



Այս գիշեր տեսա մի անուշ երազ.
Ես իմ հայրենի տունն էի նորոգում,
Մանկության երկինքն էր բացվել վրաս,
Եվ արշալույսներ կային իմ հոգում։
Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
Մայրենի լեզվով խոսում էր առուն,
Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն…

Նաիրի Զարյան

2015 թվականը պատմության թվատախտակին է:

Ամանոր է, և արյան դարավոր կանչը այս պահին ինձ տանում է իմ պապերի չքնաղ գյուղը՝ Արտամետ:

Խնձորի անմահական բույրով լցված գյուղ, որը Վանա լճից հեռու չէ: Արտամետի խնձորի փառքն ու համբավը տարածված էր ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ Օսմանյան կայսրության ողջ տարածքում:

Իմ պապերը այգեգործներ ու հողագործներ են եղել, և նրանց այգիներում խնձորի առատ բերք է աճել: Ու անպայմանորեն ամանորյա տոնական սեղաններին վանեցիները ունեցել են Արտամետ գյուղի բերքն ու բարիքը: Տարբեր տեսակի խնձորների բույրերով ու գույներով լցվել են հայոց օջախները:

Այսպես է եղել դարեր ու հազարամյակներ շարունակ: Մինչև անիծյալ ու դժնդակ 1915 թվականը, երբ Մեծ եղեռնի բոցերի մեջ ողջակիզվեցին և այրվեցին Արտամետի հայ բնակիչներն ու նրանց պապենական այգիները: Եվ Արտամետի խնձորն այլեւս կորցրեց իր նախկին համն ու հոտը, գույները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է այս տարի:

Արդեն հարյուր տարի Վանի՛ հայը, Արտամետի՛ հայը և առհասարակ արևմտահայաստանցի՛ հայը դուրս է մղվել իր հայրենիքից:

Եվ բիբլիական մեր երկրում Ամանորին չի հնչում արքայական հայոց լեզուն: Հայերեն աղոթք ու մրմունջ չի լսվում: Լռել են ավերակված մեր բյուրավոր եկեղեցիների զանգերը: Այլևս խնկարկման հանդեսներ չեն կատարվում մեր հավատի տաճարներում:

100 տարի դժոխային արգելափակոց են դրել մեր ու մեր հազարամյա պատմական բնօրրանի միջև: Սակայն օրերից մի օր անպայման բացվելու են մեր երկրի դռները մեր առջև: Անկասկած է ու անխուսափելի, որ մենք վերընձյուղվելու ենք մեր պապենական գյուղերում ու քաղաքներում:

Եվ նորից ծլարձակելու և ծաղկելու են Արտամետի այգիները, որոնց հայկական խնձորի անմահական բույրը նորից տարածվելու է ամենուր՝ Վանա լճի ավազանում և ողջ Հայոց երկրում:

Եվ Մշո դաշտի ընտիր խաղողից քամված գինին ու Արտամետի բերքն ու բարիքը կզարդարեն բոլորիս տոնական սեղանները…

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
պատմաբան

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Պատմության էջերից


15/01/2015