Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ



1.

Ի՜նչ ձյուն է գալիս Եռաբլուրում.
Աղավնափետուր, թեթեւ, ոգեղեն,
Շիրմաքարերն է ճերմակով օծում,
Ուր դո՛ւք եք ննջում՝ եղբայրնե՛ր, լավե՛ր։

Դո՜ւք էլ մեծացաք մի տարով, մեզ պես,
Եվ ընդունեցիք մեզ հետ՝ Նոր տարին,
Ի՜նչ հույսեր էին կանաչում ձեր մեջ,
Որ պահ եք տվել այսօր պաղ քարին։

Քարերը լռում, լռում են ձեզ պես,
Ես էլ լռում եմ, քարերի նման,
Եվ ծնրադրում է ինքն էլ ձեր առջեւ
Տա՜ք, տա՜ք այս ձյունը՝ արցունքիս հետ խառն…

2.

Հիշատակի օր է, եւ եկել ենք ձեզ մոտ,
Հիշատակի օր է այսօր, տղե՛րք,
Առաջվա պես, ասես, ողջ եք ու շենշող եք,
Առաջվա պես կարոտո՜ւմ ենք մենք ձեզ…

Հիշատակի օր է, ձեր մանուկներն ահա,
Մայրեր, քույրերը ձեր, սիրելիներ,
Եվ ձեր կանայք՝ ծաղկունք՝ ցողունները բեկված,
Խոնարհվել են շիրմաքարերն ի վեր.

Քարերն ի վե՜ր, այո՛, ո՛չ թե խոնարհ ու վար,
Ձեզ պես ու ձեր կողքին՝ սյունե՛ր Հուսո,
Ամեն աստծո օր արթնանում ենք խաղաղ,
Հպա՛րտ՝ ձեր շնորհած կյանքի լույսով։

3.

Շիրմաքարերի լայնք ու երկայնքով
Ձեր մանուկներն են՝ հրո լեզուներ,
Այցի են եկել ապրող հայրերին.
Ձեր՝ ազնվորդի՛ք,
Երդո՜ւմն են նրանք,
Մեր հողի՛ առջեւ
ու մեր երկնքի՛…

4.

Եռաբլո՛ւր, հազար հուրեր քո մեջ պահած,
Հազա՜ր սրտեր, հազա՜ր երազ ու տենչ,
Հողն այս սրբություն է, ծնկե՜նք նրա առաջ,
Մեր որդիք են այստեղ ննջում հավերժ…

5.

Մեր օրերի հետ գալո՛ւ եք, տղե՛րք,
Մեր կողքին, սակայն մեզանից վերեւ,
Ձեր որդիների ու դուստրերի մեջ
Ընձյո՜ւղ եք տալու, կանաչ ու տերեւ…

Լինելո՛ւ եք դուք, ինչպես կայիք, կաք,
Մերթ՝ ծիծաղ ու լաց, եւ մերթ՝ մարտակոչ,
Եվ մտնելու եք օրհնված Արցախ
Ա՜յս անգամ, իբրեւ Ոգի՛ ու Դրո՛շ…

ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ
2006 դեկտեմբեր

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Հոգևոր-մշակութային


15/01/2015