Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐՎԱ ՀՐԱՇՔԸ



Մենք նայում էինք նրանց քաղաքի գիշերային կրակներին ու կարոտում Երեւանը: Ամանորի գիշերը կանգնած էինք աշխարհի ամենաբարձր մարտական հենակետում: Նույն ժամին, երբ ամբողջ հայ ժողովուրդը նշում էր Նոր տարին՝ խմելով նաև մեր կենացը, մենք՝ դիրքապահ զինվորներս, նայելով Խանլարի գիշերային կրակներին, փորձում էինք պատկերացնել մեր քաղաքն ու մեր օջախները:

Շնչելով 2015թ.-ի առաջին օդը, փորձում էինք նաև մտաբերել, թե մեր մյուս հենակետերում ո՞ր պահակային խմբերն են մեզ հետ այդ պահին կանգնած նույն երկնքի տակ: Հետո անկեղծ բարեմաղթանքներ հղեցինք բոլորին, նրանց, որ մեզ նման նայում են Ամանորյա աստղազարդ երկնքին, ովքեր իրենց սրտում ունեն բազում երազներ ու կարոտում են իրենց հեռավոր քաղաքի գիշերային երկինքը:

Մենք կհիշենք զորակոչի մեր ընկերներին ու նրանց, որոնց միայն դեմքով ենք ճանաչում: Նրանց մեծ մասը մի քանի օր առաջ զորացրվեց, ու տպավորությունն այնպիսին է, ասես գումարտակը դատարկվել է, անճանաչելիորեն փոխվել ու անվերադարձ կորցրել իր կենսական բաղադրիչներից մեկը:

31-ի գիշերը դիրքապահ զինվորներս հանկարծ զգացինք, որ իսկապես բոլորս մի ընտանիքի զավակներ ենք, որ բոլորս իրար սիրում ենք, որ այդ սերը մեր հայրենիքի ամրության, հզորության առհավատչյան է:

Եվ մենք պետք է փորձենք մեր սրտերում պահել դեկտեմբերի 31-ի հրաշքը:

Դ. Գ. Շահվերդյան
շարքային

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Հոգևոր-մշակութային


15/01/2015