Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ



ՇԱԽՄԱՏ

Աշխարհի շախմատասերների ուշադրությունը սևեռված է Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում այս օրերին ընթացող շախմատային գերմրցաշարին: 77-րդ անգամ անցկացվող «Tata Steel» անվանումը կրող շախմատային այս փառատոնին մասնակցում են աշխարհի 14 ուժեղագույն շախմատիստներ` աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), անհատական վարկանիշը 2015 թվականի հունվարի դրությամբ 2862, Ֆաբիանո Կարուանան (Իտալիա)` 2820, Լևոն Արոնյանը` 2797, Անիշ Գիրին (Հոլանդիա)` 2784, Ուեսլի Սոն (ԱՄՆ)` 2762, Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա)` 2754, Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)` 2734, Դին Լիժենը (Չինաստան)` 2732, Բաադուր Ջոբավան (Վրաստան)` 2727, կանանց աշխարհի չեմպիոն Հու Յիֆանը (Չինաստան)` 2673, Լյուկ Վան Վելին (Հոլանդիա)` 2667 և Իվան Շարիչը (Խորվաթիա)` 2666: Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Լևոն Արոնյանը 4 անգամ հաղթել է Վեյկ Ան Զեեում և նոր հաղթանակի դեպքում կհավասարվի այս փառատոնի ռեկորդակիր հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ:
Մրցաշարի ավարտից հետո՝ փետրվարի 2-9-ը, Լևոն Արոնյանը կմասնակցի Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում անցկացվելիք սուպերմրցաշարին:

ՖՈՒՏԲՈԼ

Լուրերը, թե Թուրինի «Յուվենթուսը» ցանկանում է գնել «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, չեն համապատասխանում իրականությանը, քանզի Գերմանիայի նախկին չեմպիոնը, որի գործերը, մեղմ ասած, լավ չեն, ընթացիկ առաջնությանն ամենևին էլ մտադիր չէ վաճառել նրան: Ավելին, ակումբի ղեկավարությունը ծրագրում է երկարաձգել Մխիթարյանի հետ պայմանագիրը՝ բարձրացնելով նրա համար սահմանված հրաժարագինն ու աշխատավարձը: Լրատվամիջոցները շեշտում են, որ Հայաստանի ֆուտբոլի առաջատարն իրեն հրաշալի է զգում «Բորուսիայի» կազմում, և երկրպագուների շրջանում նա ամենասիրելիներից է:

♦♦♦

ՌԴ ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլայ Պիսարևը հայտարարել է, որ հավաքականի 19-ամյա հայազգի հարձակվող Արշակ Կորյանը, որը փորձաշրջան է անցնում Հոլանդիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Վիտեսսի» կազմում բոլոր տվյալներն ունի և ինքն էլ ցանկանում է հանդես գալ ՌԴ գլխավոր հավաքականի կազմում:

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (1071) 22.01.2015 – 28.01.2015, Մարզաշխարհ


22/01/2015