Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2014Թ. ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Զինվորական ծառայության անվտանգության ապահովման հայեցակարգի շրջանակում ՀՀ ԶՈՒ-ում 2014 ուսումնական տարվա ավարտին անցկացվեց «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման լավագույն զորամաս» համաբանակային մրցույթը, որին ներգրավվեցին շուրջ 60 զորամասեր:

Մրցույթի նպատակն էր` ա) զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման, ինչպես նաև զինվորական ծառայության անվտանգության ապահովման առումով լավագույն զորամասի ճանաչումը, բ) առօրյա գործունեության մեջ ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի դրույթների իրագործման պայմանների ձևավորումը և զինվորական ծառայության անվտանգության ապահովման նորմատիվ իրավական ակտերի ու ղեկավար փաստաթղթերի պահանջների կատարումը:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով. 1) ՊՆ կենտրոնական ենթակայության զորամասերի, ինչպես նաև զորամիավորումների ենթակա զորամասերի միջև, 2) ՊՆ կենտրոնական ենթակայության և զորամիավորումների լավագույն զորամասերի միջև:

Մրցույթի ընդհանուր ղեկավարումն իրականացրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչությունը, իսկ մրցույթի անցկացման անմիջական աշխատանքներն իրականացրել են զինվորական ծառայության անվտանգության ապահովման մշտական հանձնաժողովներն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության ներքին ծառայության բաժինը:

Մրցութային հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հ. Բաղմանյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ ու ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունների սպաները:

ԶԾԱ ապահովման ուղղությամբ զորամասերի գործունեությունը գնահատելիս հաշվի են առնվել համազորային կանոնադրությունների ու ղեկավար փաստաթղթերի, մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների պահանջների խստորեն կատարումը, զինծառայողների կյանքի ու առողջության պահպանման գործում ունեցած հաջողությունները, ինչպես նաև արձանագրված թերությունների, բացթողումների վերացման աշխատանքների օպերատիվությունն ու արդյունավետությունը:

2014թ. ԶՈՒ զորամասերում զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման ու ապահովման, ինչպես նաև մահվան ու աշխատունակության կորստով մարմնական վնասվածքների թվաքանակի նվազման գործում լավ արդյունքներ են գրանցել թվով 11 զորամասերի ԶԾԱ մշտական հանձնաժողովներ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համապատասխան հրամանով մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են: Լավագույն զորամասեր են ճանաչվել գնդապետ Ժիրայր Պողոսյանի (առաջին տեղ), գնդապետ Վահագն Ասատրյանի (երկրորդ տեղ) և գնդապետ Արմեն Հարությունյանի (երրորդ տեղ) հրամանատարությամբ գործող զորամասերն ու այդ զորամասերի ԶԾԱ հանձնաժողովները:

Մրցույթին մասնակցած զորամասերի ցուցանիշների ամփոփիչ արդյունքների համաձայն՝ պատվոգրերով ու շնորհակալագրերով են խրախուսվել զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման ու ապահովման գործում առաջընթաց ցուցաբերած զորամասերի պաշտոնատար անձինք, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած վերը նշված զորամասերի հրամանատարներն ու ԶԾԱ մշտական հանձնաժողովների նախագահները պարգևատրվել են արժեքավոր նվերներով:

Մեզ մնում է զորամասերի ԶԾԱ մշտական հանձնաժողովների նախագահներին ցանկանալ բեղմնավոր աշխատանք ու անփորձանք ծառայություն թևակոխած 2015 թվականին:

Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ
վարչության պետ
գնդապետ

Խորագիր՝ #02 (1071) 22.01.2015 – 28.01.2015, Ազգային բանակ


22/01/2015