ՓԱՌՔՈՎ ՊՍԱԿՎԱԾ
Մեկ տարի առաջ` հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվեցին հակառակորդի խափանարար խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերը: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններով էլ մարդկային ու նյութական զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին` հետ շպրտեցին ելման դիրքեր:
Թշնամու հետ առճակատման ընթացքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելիս հյուսիսարևելյան ուղղության դիրքերում զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:
Խիզախ հայորդին հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:
ՓԱՌՔՈՎ ՊՍԱԿՎԱԾ
Նվիրվում է հերոս սահմանապահ
Արմեն Հովհաննիսյանին
Եռաբլուրը սրբազան վայր է`
Մեր բիբլիական Մասսին հավասար,
Լուսեղեն վշտի մեջ հպարտ մայր է,
Արցունքոտ հող է, փառքի ջահել սար:
Այն մեր մշտարթուն գունդն է անմահաց,
Որ համալրվեց նոր քաջազունով`
Փառքով պսակված, սեգ ճակատը բաց,
Սահմանապահը` Արմեն անունով:
Թուրք ոհմակի դեմ ելավ անվարան,
Կարեվեր վերքով թշնամուն վանեց,
Տոկաց դավի դեմ հանց պողպատ վահան,
Իր մահով անգամ ազգ միաբանեց:
Նա պիտի դառնար արվեստի մշակ,
Դարձավ հայրենյաց զինվորը հավետ,
Եվ ամենավեհ իր այդ կոչումով
Նա կապրի հայոց բյուր դարերի հետ:
Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
20.01.2015թ.