Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՊԵՍԶԻ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ՄԻՇՏ ԽԱՂԱՂ ԲԱՑՎԵՆ



Ազգային բանակում ուսումնական, ասել է թե` մարտական պատրաստության գործընթացը երբեք չի ընդհատվում: Զինծառայողները, ստորաբաժանումներն անընդհատ մարզվում են, զարգացնում գիտելիքներն ու հմտությունները, հոգում իրենց զենքի, ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման պահանջները:

2015թ. մեր բանակը շարունակելու է գործել «Զինված ուժերի պատրաստությանը եւ պաշտպանական բարեփոխումներին` որակական առաջընթաց» կարգախոսով, ինչը նշանակում է, որ զորամասերում շարունակելու են զարգացնել մարտական կարողությունները:

Նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից իրենց առաջադրանքները բծախնդրությամբ են կատարում ԼՂՀ պաշտպանության բանակի միավորումներն ու զորամասերը: Նրանք համոզված են, որ թշնամին շարունակելու է սադրանքների մարտավարությունը, որից կհրաժարվի միայն համարժեք հակահարվածներ ստանալու դեպքում:

Ներկայացվող լուսանկարներում ՊԲ գնդապետ Գ. Սահակյանի զորամասի զինվորներն են, որոնք ուսումնական փուլի նախապատրաստական շրջանում էլ շարունակում են պարապել ու ստուգել ռազմական տեխնիկայի աշխատանքը:

Հակատանկային գումարտակի «Ֆագոտ» վաշտը 2014 թվականին ամենամարտունակներից մեկն էր պաշտպանության բանակում: Կապիտան Գ. Ղուկասյանի ղեկավարությամբ հաշվարկները հերթական գործնական պարապմունքն են անցկացնում:

«Կոնկուրսի» զինվորները վարպետությամբ չեն զիջում «Շտուրմի» տղաներին: Մանևրելու կարողությամբ օժտված տեխնիկան հմտորեն է օգտագործում մեխանիկ-վարորդ, շարքային Հայրապետ Դովլաթյանը:

Դասակի հրամանատարի տեղակալ, հաշվարկի հրամանատար, սերժանտ Վրեժ Սարգսյանը պաշտպանության բանակի հրամանատարի կողմից պարգևատրվել է թանկարժեք նվերով: Նա վերահսկում էր հաշվարկների աշխատանքը, տալիս անհրաժեշտ ցուցումներ:

Հակատանկային Տ-12-ի հրամանատար, սերժանտ Վովա Ամոյանը պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» և «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով: Նրա հաշվարկի անդամները` նշանառու շարքային Գագիկ Սահակյանը, հաշվարկի հրամանատարները` շարքայիններ Դավիթ Մաթևոսյանը, Ռաֆայել Սարգսյանը, պարզաբանեցին, թե ինչ պաշտպանական միջոցներ ունի Տ-90 տանկը, և ինչպես է պետք այն խոցել:

Կապիտան Ն. Հովհաննիսյանի «Շտուրմ» մարտկոցի հաշվարկները, «Միասնություն-2014» զորավարժության ժամանակ հենց առաջին կրակոցով խոցելով թիրախները, արժանացան բանակի հրամանատարության ու մասնագետների բարձր գնահատականին: Հաշվարկների հրամանատարներ` սերժանտ Գևորգ Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Արգիշտի Ոսկանյանը, Արսեն Պապիկյանը, մեխանիկ-վարորդներ Սերյոժա Պալյանը, Գարեգին Բաբայանը, Արթուր Մովսիսյանը, Նարեկ Մարդոյանը ամբողջությամբ յուրացրել են զինտեխնիկայի պահպանման, շահագործման և մարտական առաջադրանքների կատարման գաղտնիքները:

Շարքային Նորայր Վիրաբյանի «Կամազը» ճիշտ սպասարկման շնորհիվ երբեք կանգ չի առնում: Բարեխիղճ ծառայության համար զինվորը երեք անգամ արձակուրդ է ստացել:

Ն. ԱՐԱՄՅԱՆ
Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #02 (1071) 22.01.2015 – 28.01.2015, Ազգային բանակ


22/01/2015