Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԱՐԴԸ ՄԿՐՏՎԵՑ Ե՛Վ ԱՍՏԾՈ, Ե՛Վ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ…»



Հունվարի 15-ը ՀՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի (1996 թ.), ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի (2001 թ.) շքանշանների, «Շուշիի ազատագրման համար» (2002 թ.) մեդալի և բազմաթիվ այլ պարգևների ասպետ, գեներալ-մայոր Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանի ծննդյան օրն է։

Կադրային զինվորականը 1988 թ. զորացրվել է Խորհրդային բանակից և տեղափոխվել է Հայաստան։ Անձնվիրաբար իր ուսերին է վերցրել «հարազատ ժողովրդի ճակատագրի ամենասրբազան և ամենածանր խաչը»։

Հրամանատարի մասին պատմում են մարտական ընկերները, զինակիցները։

ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Արցախի թեմի առաջնորդ
Արցախի հերոս

-«Գզողյան Ֆելիքսի հետ ես շատ մոտիկից ծանոթացա 1991 թ. Շահումյանում, երբ նոր էինք հետ վերցրել Վերին Շենը։ Նա այնտեղ մասնակցում էր բոլոր ռազմական գործողություններին։ Իր կրտսեր եղբորը՝ Լևոնին, ես շատ վաղուց գիտեի։ Ֆելիքսի հետ այդ ռազմաճակատային իրավիճակներում ծանոթացա։ Մենք կողքի գյուղերից ենք։ Ես՝ Չարդախլուից, նա՝ Բարսումից, մի տեսակ հայրենակիցներ ենք։ Շահումյանում ես իրեն մկրտեցի Գյուլիստանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում։ Հետաքրքիր բան ասեմ. զինվորը մկրտության պահին ծունկի իջավ։ Զարմացա, որ մկրտվելուն պես Ֆելիքսը լաց եղավ։ Մեղրյան Շահենը, որ կնքահայրն էր, նրա ուսերից բռնեց, բարձրացրեց, ասելով. «Ֆելի՛քս, բարձրացի՜ր, բարձրացի՛ր»։ Դա շա՜տ բաների մասին է խոսում։ Նշանակում է մարդը զինվոր է և՛ Հայրենիքի, և՛ Աստծո։ Այդ ժամանակվանից մենք շատ մտերմացանք։

Մի անգամ նրան ասացի. «Ե՞րբ պիտի հասնենք մեր գյուղերը»։ Նա պատասխանեց. «Հենց հրամանն ստանանք»։ Զինվորականի պես էր պատասխանը։ Հստա՛կ։ Խնդիրը կա, պիտի լուծենք, վե՛րջ։

Ֆելիքս Գզողյանը ողջ ճակատի հրամանատարն էր. ամեն ինչ կոորդինացնում էր։ Խորագետ զինվորական՝ մասնագիտական տաղանդը ապահովեց Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը։ Նա այդ ամբողջ ճակատի ոգեշունչ հրամանատարն էր։

Երբեմն կատակով հիշեցնում էի. «Ֆելի՛քս, բա Բարում, Բարսում գյուղերը մնացին»։ Ասում էր. «Այսօր էլ պատրա՛ստ եմ։ Հրաման տան՝ մշակենք, հարցը լուծենք»։ Բայց… հրաման չկար։ Շահումյանում, մառախուղի ժամանակ, մի գյուղ պետք է ազատագրեինք։ Լավ եմ հիշում այդ մարտական գործողությունը։ Մառախլապատ օր էր: Այդ օրը նա կռվի էր բերել նաև իր դեռևս պատանի որդուն…

Ֆելիքսը լինում էր գրեթե բոլոր ճակատներում։ Արցախի ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետն էր։ Ավտոմատն ուսին՝ նրան ամեն տեղ տեսնում էին։ Աշխատասենյակում նստող մարդ չէր։ Ընդհակառակը, Ֆելիքսը ռազմական գործողությունների 1-ին ճակատում էր հայտնվում և՛ որպես հրամանատար, և՛ սովորական զինվոր։

Ես նրան տեսել եմ Շահումյանում` Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերին Շեն ու բազմաթիվ գործողությունների ժամանակ, ինչպես նաև Շուշիի գրավման օրը։ Տեսել եմ Լաչինում։ Մազութլուն, Կուբաթլուն ազատագրելու ժամանակ զինվորների հետ նա առաջին գծում էր։ Թեև հրամանատարը պետք է կենտրոնում նստած ղեկավարեր մարտը, բայց Ֆելիքսն այդ տեսակի հրամանտարներից չէր, նա նախընտրում էր մարտի դաշտում լինել՝ իր զինվորների հետ: Նա օրինակ էր ծառայում, նա իր հետևից տանում էր զինվորներին, իր աչքով էր ուզում տեսնել, թե ինչ է կատարվում մարտադաշտում։

Նրան հիշում եմ մարզակոշիկներով, սրճագույն քաղաքացիական բաճկոնով, ինչպես միշտ։ Լաչինում վերջապես զինվորական բաճկոն հագավ։

Քանի~-քանի~ անգամ տեսել եմ, թե զինվորի համար նա ինչ տառապանք ու ցավ է կրում։ Յուրաքանչյուր զոհվածի համար հոնգուր-հոնգուր լաց էր լինում։ Դա խոսում է նրա մարդկային վսեմ հատկանիշների մասին։ Ֆելիքսը անկորուստ կամ նվազագույն կորուստներով էր կազմակերպում գործողությունները։ Դա վկայում է նրա բարձր զինվորական տաղանդի մասին։ Այդ տեսանք Շուշիի գործողության ժամանակ։ Դա հրաշքի նման գործողություն էր։ Մինչև Լաչին հասնելը մենք ընդամենը 33 զոհ ունեցանք, որը շատ լուրջ հաշվարկների արդյունք էր։

Ֆելիքս Գզողյանի անգնահատելի ջանքերի շնորհիվ է նաև, որ մենք այսօր տոնում ենք մեր հաղթանակը և խաղաղությունը։

Եթե մեր ազգի բոլոր զավակները Ֆելիքսի նման հայրենասեր լինեին, մենք Հայոց հարցն արդեն լուծած կլինեինք։

ՄԻՔԱՅԵԼ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ազատամարտիկ
1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից

– 1991 թ. պատերազմական թոհ ու բոհի մեջ, Հյուսիսային Արցախի համար օրհասական պահին, ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում հայտնվեց հայրենիքի երդվյալ զավակը։ 1991 թ. հունիս-օգոստոս ամիսներն էին։ Գնդապետ Ֆելիքս Գզողյանի անմիջական ղեկավարությամբ արդեն կազմակերպվել էր ԼՂ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանությունը։ Շտաբը գտնվում էր Վերին Շեն գյուղում։ Շտաբում նստած էինք ՀԱԲ-ի տղաներով, իսկ Հատուկ գնդից Ջանիկը և Շահեն Մեղրյանը նարդի էին խաղում։ Ռացիայով խոսելով՝ կարգավորելով իրավիճակը դիրքերում, Ֆ. Գզողյանը ներս մտավ շտաբ։ Նարդի խաղացողներին տեսնելով` խիստ զայրացավ։ Միանգամից նարդին փակեց և նետեց երկրորդ հարկի պատշգամբից ցած և խիստ ու վրդովված ասաց, որ սա խաղատուն չէ, այլ մարտի դաշտ։ Բոլորս սառեցինք։ Եվ ոչ մի պատասխան։ Ես առաջին անգամ զգացի ուժեղ զինվորականի շունչը։ Ֆելիքս Գզողյանն էր այն մարդը, որ ազատամարտիկներիս մեջ կոտրեց զինվորական սպաների հանդեպ մեր ունեցած բացասական կարծրատիպը։ Շատ կարճ ժամանակամիջոցում Ֆելիքսը ցույց տվեց, թե որքան հոգեհարազատ են իրեն ազատամարտիկները։ Մեզ հետ վերաբերվում էր որպես իր զավակների և կրտսեր եղբայրների։

Պահանջկոտ էր զինվորի հետ կապված բոլոր հարցերում։ Զինվորների կանոնավոր սննդի հարցերն անձամբ էր ստուգում, ասում էր. «Զինվորը պետք է կուշտ լինի, հագնված լինի և պետք է բարոյալքված չլինի»։ Կարճ ժամանակամիջոցում նա շահեց զինվորների վստահությունն ու հարգանքը։ Նա ուրախանում էր տղաների ձեռքբերումներով և տխրում նրանց հետ։

Ազատամարտիկները բացառիկ վստահությամբ էին վերաբերվում Ֆելիքսին և նրա հրամանները կատարում էին անվերապահորեն։

Նրա շնորհիվ նվազագույնի հասան զոհերի ու վիրավորների թիվը և ավելացան հաղթանակները։ Ժողովուրդը սիրում էր նրան. նա համաժողովրդական հարգանք էր վայելում։

Շատ ծանր ապրումներ էր ունենում Ֆելիքսը, երբ մեկը չէր լսում հրամանը կամ երբ զոհ էր լինում: Բարկանում էր, գոռում. «Հարկավոր է հրամանները կատարել, ամոթ է, որ հայն անտեղի զոհվի»։

Ֆելիքսի նման գրագետ հրամանատարի գլխավորությամբ վատ զինված ֆիդայական խմբերը աշխարհին ապացուցեցին, որ կարող են իրենց կամքը պարտադրել մինչև ատամները զինված թշնամուն (Կովկասի թուրքերի հետ էին Խորհրդային բանակի վարձկաններ, աֆղան-մոջահեդներ, չեչեն գրոհայիններ) և ծանր պարտության մատնել։

Ֆելիքս Գզողյանը կարողացավ համախմբել կամավորական ջոկատները և դարձնել եղբայրական մի ամբողջ բռունցք՝ վերջնական և կատարյալ հաղթանակի հասնելու համար։

Խրամատում զինվորների հետ հավասար կանգնող և զենքը ձեռքին մարտնչող, իր կրծքով զինվորին տաքացնող, զինվորի հետ մի ամանից հաց ուտող՝ այսպիսին է մեր ժողովրդական հերոս Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը։

Ֆելիքս Գզողյանի նման մարդիկ գալիս են ապացուցելու, որ Անդրանիկի և Գարեգին Նժդեհի գործի շարունակողներ են ծնվում ու դեռ ծնվելու են։

Պատրաստեց Սեդա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (1071) 22.01.2015 – 28.01.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


22/01/2015