ԳԱԼԻՊՈԼԻՆ` ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ
Այլևս իրողություն է, որ ժամանակակից Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլև Գալիպոլիի ճակատամարտի օրը հիշատակելու արդարացմամբ հայերի ցավը դարձնում է տոնակատարությունների առիթ: Սրա համեմատ ժխտողականությունը թվում է պարզունակ մի խաղ:
Այն, որ Թուրքիայի կառավարող վերնախավը բոլոր հնարավոր էպատաժային քայլերն անելու էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, նորություն չէր հայ-թուրքական հարաբերություններից փոքրիշատե գլուխ հանող յուրաքանչյուր մարդու համար: Ցավոք, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ սա կարող է լինել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ Անկարայի նորանոր սադրանքների սկիզբը:
Անշուշտ, առավել աներևակայելի էր Էրդողանի հաջորդ քայլը՝ ի թիվս այլ պետությունների ղեկավարների նա հրավեր ուղարկեց Հայաստանի նախագահին և Երևանից ստացավ զուսպ ու արժանապատիվ, իր մեկուկես միլիոն զավակների սպանդը սգացող, սակայն դեպի ապագա միտված պետության պատասխան:
Գալիպոլի գնալու՝ աշխարհի ավելի քան 100 պետությունների առաջնորդներին ուղարկված Էրդողանի հրավերն այլևս լակմուսի թուղթ է և արժեքային ընկալումների յուրատեսակ չափիչ:
Չանակկալե վերանվանված հունական Գալիպոլիից ոչ հեռու լեգենդար Տրոյայի ավերակներն են: Եվ այդ պատերը տեսել են անտիկ պոեզիայի ոգեշնչման աղբյուր դարձած պատերազմ, որ կրած պարտության պատճառը տոնախմբություն կազմակերպելու համար անառիկ քաղաքի պարիսպներից ներս տարված նվերն էր: Աքեացիների ծուղակը՝ փայտե ձին, որի մեջ թաքնվել էին թշնամու զինվորները, կործանեց Տրոյան և Վիրգիլիոսի բառերով դարձավ նախազգուշացում. «Վախեցեք նվերներ բերող դանայացիներից»…:
Այժմ ձին Էրդողանի հրավերն է, իսկ ծպտյալ զինվորները՝ մարդկության դեմ գործած հանցանքների ժխտումը խրախուսող այն արժեքային հենքը, որի վրա կառուցված է Թուրքիայի նախագահի կանչը: Ի դեպ, զինվորների մասին… Գալիպոլիի ճակատամարտը տանուլ տալու վտանգը հաղթահարող Օսմանյան կայսրությունը մարտի 18-ից շաբաթներ անց ձեռնամուխ եղավ հայության ամբողջական ոչնչացման ծրագրին:
Արա ԱՆԱՆՅԱՆ
Խորագիր՝ #02 (1071) 22.01.2015 – 28.01.2015, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան