ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Նամակներ գրեք զինվորին, ջերմ ու տաք նամակներ:
Հայրենի օջախից հեռու ծառայող զինվորը ձեր նամակի ամեն մի տողում կզգա հարազատ շունչ, ուշադրություն եւ գնահատանք:
Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի սաների ջերմ խոսքերը մեծ ուրախություն պարգեւեցին մեր զինվորներին:
Բարեւ՛, զինվո՛ր: Ճիշտ է, անծանոթ ենք, բայց կարծես ինձ հարազատ-բարեկամ լինես: Դու անձնվիրաբար ծառայում ես մեր բանակում ու կյանքի գնով պաշտպանում մեր ազգը: Ես եւ ինձ նման շատ երեխաներ ապահով ենք զգում մեզ, քանի որ կան հայոց արծիվ զինվորները: Խոստանում եմ` ես էլ քեզ նման զինվոր կլինեմ ու ազգիս պիտանի մարդ կդառնամ:
Քեզ բարի ծառայություն,
իմ զինվոր եղբայր:
IVբ դաս. աշակերտ` Աղասի
Բարեւ՛, Աղասի՛ ջան: Ինչպես դու նշեցիր, ճիշտ է, մենք անծանոթ ենք, բայց հարազատ մարդիկ ենք, քանի որ հայ ենք:
Սիրով պատասխանելով քո նամակին՝ ուզում եմ նաեւ խորին շնորհակալություն հայտնել քեզ իմ զորամասի զինակից ընկերների անունից: Երբ ես քեզ պես դպրոցական պատանի էի, ես էլ նամակ էի գրում իմ եղբայրներին եւ անհամբերությամբ, սրտի թրթիռով սպասում էի պատասխան նամակի:
Մինչ բանակ զորակոչվելս, երբ մեծերից լսում էի այս խոսքերը` «Կգնաս բանակ, կծառայես ու տղամարդ դարձած տուն կգաս», ես լուրջ չէի վերաբերվում, բայց հիմա գիտակցում եմ այդ խոսքերի լրջությունը:
Ավարտելով նամակս՝ ցանկանում եմ քեզ սեր, երջանկություն, անամպ երկինք:
Սիրով` քո անծանոթ զինվոր` Գոռ Մամիկոնյան
♦♦♦
Հայոց լեռներից եմ գրում, հայրենի տնից եմ գրում, գրում եմ մեր դպրոցից: Իմ հայ զինվորներ, իմ հայ մարտիկներ, ձեզանով հպարտ եմ, որ դուք կարողանում եք պաշտպանել մեր երկիրը, հաճախ կյանքի գնով: Թույլ չեք տալիս թշնամին ներխուժի մեր տուն: Ապահովում եք ինձ խաղաղ ու երջանիկ մանկություն: Իմ հայոց բանակի զինվորներ, ձեզ ցանկանում եմ պայծառ գարուններ, հաղթանակներ եւ արիության մրցանակներ: Աստված չանի, որ կրկին պատերազմ սկսվի: Ես չեմ ուզում, որ այն ամենը, ինչ տեսել են մեր ծնողները, պապիկները, տատիկները, մենք տեսնենք: Ես չեմ ուզում, որ երգահան Ռուբեն Հախվերդյանը իր երգի տողերում գրի. «Այս տարվա պայթող ռումբերը ձեզ դարձել են խաղալիք»: Կամ էլ մորս պատմածները, որ պատերազմի տարիներին տոնածառը զարդարել են օգտագործած փամփուշտներով եւ նռնակներով: Այդ ժամանակ պապիկս` Աշոտ Նավասարդյանը, Անկախության բանակի հրամանատարն էր, եւ նրա հետ էր նաեւ զինակից ընկեր Մովսես Գորգիսյանը: Եվ մայրս նրա հետ է զարդարել այդ «տարօրինակ» տոնածառը: Իհարկե, մայրս մեծ հպարտությամբ էր պատմում այդ ամենը, բայց, միեւնույն է, ես չեմ ուզում, որ պատերազմներ լինեն: Այնպես որ, հայոց բանակի սիրելի՛ զինվորներ, խնդրում եմ եւ պահանջում, որ քաջի պես ծառայեք եւ ձեր հայրենի տունը վերադառնաք, ձեր ծնողներին, հարազատներին հասնեք:
Մերի Մինասյան
Հարգելի՛ Մերի Մինասյան
Մենք երբեք չենք թերանա, պատվով կծառայենք մեր հայրենիքին ու պատվով էլ, բացճակատ տուն կդառնանք: Մենք բոլորս մեր լուման պետք է դնենք հայրենիքի խաղաղության պահպանման ու շենացման գործում:
շարքային Ս. Գասպարյան
♦♦♦
Բարեւ, սիրելի՛ զինվոր: Ես Էլենն եմ` 9 տարեկան: Մեր դասարանը որոշել է զինվորներին նամակ գրել, որպեսզի միշտ հիշեք, որ դուք մենակ չեք: Ձեզնով հպարտանում ենք, ձեր շնորհիվ է, որ մենք խաղաղ եւ ապահով ապրում ենք, գնում դպրոց, բակում խաղում: Ձեզ ցանկանում եմ առողջություն, թող մեր աղոթքները պահապան լինեն ձեզ: Մենք ձեզ շատ ենք սիրում, դուք մեր բանակի պարծանքն եք, Աստված ձեզ պահապան:
Բարեւ, Էլեն ջան, ես Գեւորգն եմ Գասպարյան: Ես շատ հպարտ եմ, որ ծառայում եմ հայոց բանակում ու պահպանում եմ մեր ժողովրդի անդորրը: Էլեն ջան, ցանկանում եմ քեզ ուսման մեջ հաջողություն, եւ որ ապագայում լավ մարդ լինես ու բարձր պահես հայրենիքի պատիվը: Մենք, պահպանելով սահմանը, ձեզ հնարավորություն ենք տալիս, որ դուք խաղաղ պայմաններում ուսում ստանաք: Գիտելիքը եւս հզոր զենք է:
♦♦♦
Բարեւ, իմ շատ սիրելի հայ զինվոր: Քո շնորհիվ է, որ ես խաղաղ երազներ եմ տեսնում, այլ ոչ թե ռումբերի վայրի ձայնն եմ լսում: Կցանկանամ, որ դուք չիմանաք, թե ինչ է պատերազմը, ու ձեր աշխատանքը լինի միայն սահմաններ հսկելը եւ ոչ թե կռվելը:
Սիրով` Անի
Բարեւ, սիրելի՛ Անի: Ես ուշադրությամբ կարդում էի քո նամակը եւ կրկին համոզվեցի, թե ինչքան բարձր է գնահատում մեր հասարակությունը հայ զինվորին: Ես շատ շնորհակալ եմ քեզ քո բարեմաղթանքների համար: Դու կարող ես հանգիստ քնել ու խաղաղ երազներ տեսնել, քանի որ քո եղբայրները անգամ արյան գնով կխանգարեն թշնամու բոլոր չար նպատակները:
Սիրով` Ավետիք Նազարյան
♦♦♦
Բարեւ, իմ սիրելի՛ զինվոր…
Գիտեմ ՝ ձեզ համար շատ դժվար է, չէ՞ որ դուք էլ եք կարոտում ձեր մայրերին, ձեր հարազատներին: Բայց գիտեմ նաեւ, որ դուք այնքան քաջ եք ու համբերատար, որ կկարողանաք մեր սահմանները թշնամուց պաշտպանել: Ճիշտ է, ես դեռ փոքր եմ, բայց, երբ մեծանամ, նույնպես ձեզ նման հայրենիքի արժանի զավակ կլինեմ:
Սիրով` Արինա Մանուկյան, 8 տարեկան
Բարեւ, սիրելի՛ Արինա: Ես շատ ուրախ եմ, որ մեր աշակերտները հիշում ու վստահում են մեզ: Մենք հպարտ ենք, որ հայրենիքի պաշտպան ենք եւ կարողանում ենք պահպանել մեր երկրի սահմանները, ապահովել մեր ժողովրդին կապույտ եւ անամպ երկինք: Մենք ավելի պարտավորված ենք զգում մեզ մեր հայրենիքի պաշտպանության գործում: Արինա ջան, լավ սովորիր եւ լավ մարդ դարձիր, բարձր պահիր հայրենիքի պատիվը:
Սիրով` Գեղամ Խաչատրյան
Խորագիր՝ #02 (1071) 22.01.2015 – 28.01.2015, Բանակ և հասարակություն