Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ»



Հովհաննես Այվազովսկու վերջին եւ անավարտ կտավը

Թուրքիայում հայկական ջարդերը թեև դադարել էին, սակայն դրանց ողբերգական հետևանքները շարունակում էին իրենց զգացնել տալ նաև 1900-ական թվականներին, իսկ ներգաղթը Ղրիմ դեռ շարունակվում էր:

Այդ բոլորը խորապես ազդում էր արդեն ծերացած արվեստագետի վրա: Եվ նա ապրիլի 19-ի (նոր տոմարով՝ մայիսի 2-ին) առավոտյան վերցնում է վրձինը, մոտենում նկարակալին և սկսում նկարել մի նոր սյուժետային պատկեր, որի էսքիզը գրիչով նա գծանկարել էր նախորդ երեկոյան, ճաշասեղանի վրա դրված մի թերթիկի վրա: Նկարիչն աշխատում է լարված, հուզված և վրդովված: Նա ուզում է հենց նույն օրն ավարտել և անվանում է այն «Թուրքական նավի պայթյունը»: Թեման նա վերցրել էր իրականությունից և, այդ անցքը սրտին ու հոգուն մոտ զգալով, սկսել էր նկարել: Ավելի քան երկու ժամ անընդմեջ աշխատելով՝ ծերունի նկարիչն արդեն նկարել էր խաղաղ ծովի մակերեսը, անամպ երկնակամարը և կոմպոզիցիայի մեջտեղում պայթած ռազմանավի հրեղեն բոցերը: Թուրքական մեծ, եռահարկ ռազմանավը պայթել է, և նրա միջից հրդեհի հրեղեն բոցերը հրաբխի պես ժայթքել են վեր՝ դեպի երկինք, որտեղ ծխի սև քուլաներն ամպերի նման ծածկել են երկնակամարը: Այդ հրեղեն բոցերի հետ ուժեղ պայթյունից օդ են նետվել նավի այրվող տախտակյա մասերը: Ռազմանավի եզրերին հազիվ երևացող մարդկանց մանր ֆիգուրները՝ թուրք զինվորները, իրարանցման մեջ են: Բայց նրանց փրկություն չկա: Պայթած նավի հրդեհը, որը ուժեղ ընդգծված է նկարում, կլանել է բոլորին: Այդ ամենը դատապարտված է կործանման: Այս է «Թուրքական նավի պայթյունը» պատկերի գաղափարական իմաստը: Այվազովսկին թուրքական ռազմանավի պայթյունը նկարել է հենց Թուրքիայի լեռնային բնության հիմքի վրա, նավահանգստային քաղաքի մոտ՝ դրանով իսկ նավի պայթյունը կապելով այդ երկրի հետ:

Հովհաննես Այվազովսկին մահացավ 1900թ. ապրիլի 19-ին (նոր տոմարով՝ մայիսի 2-ին) Թեոդոսիայում, իր տանը: Իսկ նրա վերջին կտավը՝ «Թուրքական նավի պայթյունը», մնաց անավարտ:

Խորագիր՝ #02 (1071) 22.01.2015 – 28.01.2015, Հոգևոր-մշակութային


22/01/2015